×


Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը Ելենա Եսենինայի երեւանյան համերգին

Հայ հանդիսատեսը դեռ երկար կհիշի Ելենա Եսենինայի հետ երեկվա հանդիպումը Մոսկվայի տանը: Երգչուհին իր ստեղծագործական երեկոյի ընթացքում ստիպեց բոլոր Աշոտներին երգել իր հետ, զրուցել, կատակել եւ նույնիսկ պարել: Ջերմ ընկերական մթնոլորտ, ինչպես եւ խոստացել էր:

Մինչ այս ուրախ, զվարճալի ու մի փոքր էլ ռոմանտիկ երեկոյի մեկնարկը BRAVO.am-ը ետնաբեմում հանդիպեց Լենային ու զրուցեց այցի նպատակի, առաջիկա ծրագրերի ու հիթ դարձած երգի մասին: Նախ` երգչուհին պատմեց, որ իրեն շատ են դուր եկել Երեւանն ու քաղաքի բնակիչները.«Այսօր արդեն 5 հոգի փողոցում բացականչել են՝ Եսենինա՜, այսինքն՝ ինձ այստեղ նաեւ ճանաչում են: Իհարկե, շատ հաճելի է: Մի կին երեկ մոտեցել էր, գրկել ու ասում էր՝ «Ես քեզ սիրում եմ», ասում եմ՝ երեւի շփոթել է, ասում է՝ «Չէ, «Ну шо Ашот», Ելենա Եսենինա»: Ապշած էի: Շատ զգացմունքային քաղաք է, ջերմ մարդիկ. այդ ամենն ինձ շատ մոտ է ու հարազատ»:

Ելենա Եսենինայի երեւանյան համերգին


Նրա խոսքով՝ Հայաստան է եկել հրավերով՝ գովազդային հոլովակում նկարահանվելու համար: Այնուհետեւ իր ընկերոջ` Միկայի հետ նախաձեռնել են համերգային երեկոն ու կարճ ժամանակահատվածում նախապատրաստվել դրան. «Այսօրվա երեկոն կայացավ հենց Միկայի շնորհիվ, քանի որ նա իր վրա վերցրեց բոլոր կազմակերպչական հարցերը: Իհարկե, նրան մեծ շնորհակալություն դրա համար: Ի դեպ, Միկան այն նույն Միքայել Մարգարյանն է, ով ինձ պատասխանել էր #АшотпозвониЛеночке ֆլեշմոբի ընթացքում: Նա, իհարկե, Աշոտը չէր, բայց նրա պատասխանն ինձ ամենից շատ դուր եկավ (ժպտում է,- հեղ.): Հետո մենք խոսեցինք, ու նա ինձ ասաց, որ կան էլի մի քանի հետաքրքիր նախագծեր, որոնց ցանկանում են ինձ հրավիրել: Այնպես որ, կարծում եմ՝ վերջին անգամ չեմ Երեւանում»:

Ելենային հարցրինք, թե իր կարծիքով` որն է այդքան պարզ երգի հաջողության գաղտնիքը: Հիշեցնենք, որ վերջերս նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Ну шо Ашот» խորագրով մի երգ, որը մի քանի օրվա ընթացքում հազարավոր դիտումներ ունեցավ: Հայաստանից ու Ռուսաստանից բազմաթիվ Աշոտներ արձագանքեցին երգչուհու կատարմանը, բայց պարզվում է` երգը նվիրված էր միայն մեկին: Ոգեշնչված իր տեսանյութի մեծ հաջողությամբ՝  Ելենան ներկայացրեց եւս երկու երգ նույն խորագրով`շարունակելով փնտրել Աշոտին:

Ելենա Եսենինայի երեւանյան համերգին


«Ես ինքս ամեն օր խնդրում եմ տիեզերքին ինձ պատասխան տալ, թե որտեղից այդ հաջողությունը միանգամայն պարզ երգի: Ես շատ կցանկանայի կրկնել այդ հաջողությունը մյուս երգերիս դեպքում: Ռուսաստանում նման հաջողություն ունեցավ մեկ այլ պարզ երգ՝ շնորհիվ մայրերին նվիրված ֆլեշմոբի՝ «Да, я мать и я умею танцевать»: Իսկ որտե՞ղ է հաջողության բանալին՝ ունկնդրի սրտում: Դա հանելուկ է, որը հասկանալու համար ես դեռ պետք է աշխատեմ»,- անկեղծացավ երգչուհին:

Ի դեպ, Ելենայի փնտրած Աշոտն իսկապես գոյություն ունի: Նա երգչուհու երկրպագուներից է եւ ակտիվորեն մեկնաբանում է նրա ֆեյսբուքյան բոլոր գրառումները: Իսկ երբ Լենան անձնական նամակով ասել է, որ երգը նրան է նվիրված, Աշոտը մեկնաբանություններում սկսել է բացահայտել, որ խորհրդավոր երիտասարդը հենց ինքն է.«Նա երեւի պատկերացնում է, թե որքան մեծ հաջողության ու զարգացումների սկիզբ դարձավ: Շատ Աշոտներ ինձ գրում էին՝ Լենա ջան, առաջին անգամ հպարտանում ենք, որ Աշոտ ենք: Ես համոզվեցի սեփական փորձով` եթե երգը հոգեհարազատ է շատերին, ապա այն կարող է փոխել արտիստի կյանքն ու ճակատագիրը»,- նկատեց երգչուհին:

Նրա խոսքով` Աշոտն ապրում է Մոսկվայում, որտեղ ինքը շուտով պիտի համերգ ունենա, բայց նրան հանդիպելու իմաստ չի տեսնում.«Ես Երեւանում արդեն հանդիպել եմ բազմաթիվ Աշոտների: Երեկ գնացել էի մերսման սրահ, մոտեցա դրամարկղին, որ վճարում կատարեմ, եւ հանկարծ սրահի մենեջերն ասում է՝ «Ելենա ջան, իմ անունն էլ է Աշոտ»: Սա հրաշք է ուղղակի»:

Ելենա Եսենինայի երեւանյան համերգին


Քանի որ հայ ունկնդիրը Ելենա Եսենինային ճանաչեց հենց «Ну шо Ашот» երգի շնորհիվ, երգչուհին որոշել էր իր ստեղծագործական երեկոյի ընթացքում ավելի շատ պատմել իր մասին. չէ՞ որ նա բազմաթիվ այլ երգերի հեղինակ է տարբեր երաժշտական ոճերում, գրել է մի շարք գրքեր, այդ թվում` մանկական բանաստեղծություններ: Այսպիսով, երեկոն վերածվեց ջերմ ընկերական հանդիպման ու զրույցի: Իսկ հիթ դարձած երգի կատարման ժամանակ դահլիճից նրան միացավ շոումեն, պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչը եւ միանգամից բարձրացրեց բոլոր ներկաների տրամադրությունն իր ուրախ ու անկեղծ պարով: Պարզվեց` Ելենան շատ էր լսել նրա մասին ու անչափ ոգեւորված էր, որ իր հետ պարում էր նույն ինքը` Աշոտ Լյուդվիգովիչը:

Երեկոյի ավարտին բեմ բարձրացան նաեւ մյուս Աշոտները` երգչուհու հետ սելֆիներ անելու համար: Թերեւս երբեք այդքան Աշոտներ ներկա չէին եղել միեւնույն համերգին:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport