×


Աշոտ Ղազարյան.«Փոքրիկ Աշոտի ծնվելուց հետո իմ տարեդարձը երկրորդ պլանում է»

Աշոտ Ղազարյանի համար իր տարեդարձը կրկնակի տոնական է, քանի որ երկու տարի առաջ հենց այդ օրը լույս աշխարհ եկավ իր անունը կրող թոռնիկը՝ կրտսեր Աշոտ Ղազարյանը։ BRAVO.am-ի հետ զրույցում հումորիստ-դերասանը պատմել է հոբելյանի, թոռնիկների եւ սաների մասին։

Աշոտ Ղազարյանը` կնոջ հետ


Նա տարեդարձը սկսել է նշել կեսգիշերվանից, թեեւ չի պլանավորել մեծ խնջույք անել, օրը հագեցած է անցել.«Ժամը 00:00-ին մեր տուն եկան տղաս ու հարսս՝ տորթի մոմերը վառած, իսկ Սոչիում ապրող աղջիկս ու թոռներս զանգեցին: Առավոտյան էլ իմ հիմադրած ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց-ստուդիայի անձնակազմի ու աշակերտների հետ նշեցի։ Թոռնիկիս տանն ուրախացնելու էին եկել մուլտհերոսներ Մաշան ու արջը, իսկ երեկոյան ռեստորանում հավաքվեցինք շատ նեղ կազմով՝ մեր ընտանիքն ու խնամիներս։ Հիմա առաջնային փոքրիկ Աշոտի ծնունդն է, իմը երկրորդ պլանում է. նշում եմ միայն կլոր ամյակների դեպքում»։

Աշոտ Ղազարյանն այժմ 4 թոռ ունի, ավագ թոռնուհին «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Ադամյանն է, ինչպես տեղեկացրեց պապիկը, Անահիտն այս տարի կմասնակցի «Մանկական Նոր ալիք» մրցույթին. «Նրան նախորդ անգամ ասել էի, որ ինչ էլ լինի, պատվով ներկայացնի Հայաստանը, այս անգամ էլ հույս ունենք, որ լավ ելույթ կունենա։ Մրցույթը կկայանա մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Ղրիմում՝ Յալտայում։ Մյուս թոռնիկս՝ Ինեսան, լավ նկարում է, փոքր եղբայրն էլ երգում է, իսկ փոքրիկ Աշոտն արդեն սկսել է խոսել, նկատվում է, որ արվեստից հեռու չէ»։

Աշոտ Ղազարյանի որդու ընտանիքը


Նա տարեդարձը երբեմն Հայաստանից դուրս է նշում, երբ հյուրախաղերը համընկնում են ծննդյան օրվա հետ։ Հիշում է, որ 65-ամյակին ելույթ էր ունենում Երեւանում.«Կյանքում առաջին անգամ այդ օրը բեմում ինձ վատ էի զգում, որովհետեւ ճնշումս բարձր էր։ Բոլորի մոտ էլ պատահում են առողջական խնդիրներ, դահլիճում երեւի գլխի չընկան, բայց ես իրոք շատ վատ էի զգում»։

68-ամյա արտիստը տարատեսակ նվերներ է ստանում, սիրում է, երբ թզբեխների իր հավաքածուն համալրվում է նոր նմուշներով.«Հետաքրքիր նյութերից  պատրաստված արդեն 60 հատ թզբեխ ունեմ, բայց չեմ օգտագործում. պահարանում դրված են։ Մի քանիսը նվեր եմ ստացել, բայց հիմնականում ես եմ ձեռք բերում։ Շատ հաճելի է աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ ստանալ. ուրախանում եմ ցանկացած զանգից»։

Աշոտ Ղազարյանը` թոռնուհու` Անահիտ Ադամյանի հետ

Աշոտ Ղազարյանը դուստրը` երեխաների հետ


Ստուդիայում նա սաներին դասավանդում է, նաեւ բեմադրություններ պատրաստում. «Ուսուցիչների հետ քննարկում եմ բոլոր առարկաները, ամեն դասին ներս եմ մտնում ու ստուգում ընթացքը։ Հունիսի 19-ին Երեւանի Տիկնիկային թատրոնում սաներիս հաշվետու ելույթն է, թեմատիկ սքետչեր կլինեն։ Բեմադրել եմ բանակի ու զինվորների մասին հումորային պատմություն, որի ավարտը հուզիչ է»։

BRAVO.am   
Լուսանկարները` Աշոտ Ղազարյանի արխիվից, Անիտա Մատինյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW