×


Առաջին կադրերը` Գեւորգ Գրիգորյանի, Նաստասյա Գոլովկոյի եւ այլ հայտնիների մասնակցությամբ նոր սերիալից

«Պատվից առավել»` այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր սերիալը, որը շուտով «Արմենիա Պրեմիում», այնուհետեւ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի: Բազմասերիանոց նոր նախագծի մանրամասները պրոդյուսերն առաջինը BRAVO.am-ին է վստահել, իսկ մեր լուսանկարիչը հետեւել է նկարահանման ընթացքին եւ ֆիքսել հետաքրքիր դրվագները:

Այս անգամ եւս համագործակցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ: «Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում նրա հետ աշխատելիս, կարծում եմ՝ փոխադարձ է: Մեր հաճախակի վեճերը, չակերտավոր ասած՝ իրար տալ սպանելը, որ լինում են ստեղծագործական աշխատանքի ընթացքում, լավ են ազդում եւ միայն օգնում են աշխատանքին»,-նշել է Ելենան:

Նաստասյա Գոլովկոն, Արտաշես Ալեքսանյանը եւ Գոհար Իգիտյանը


Նա թեեւ հանդես է գալիս որպես պրոդյուսեր, հաճախ է լինում նկարահանման հրապարակում.«Պետք է խոստովանեմ, որ նկարահանումների ժամանակ զբաղվում եմ բոլոր այն աշխատանքներով, որով զբաղվում է պրոդյուսերը, բայց նաեւ չեմ կարող սպանել իմ մեջի ռեժիսորին: Նկարահանման հրապարակում ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, բայց մեկ-մեկ խանգարում եմ իրեն, հուսամ` դա միայն ի օգուտ նախագծի է լինում»:

Սերիալի նախապատրաստական աշխատանքներն անցած տարեվերջին են սկսվել, իսկ նկարահանումները մեկնարկել են այս հունվարից: Առաջին սերիաները նկարահանվել են Ապարանի գյուղերում, որտեղ նույնիսկ գազ չկա. «Մեզ անհրաշետ էր 90-ական թվականների Հայաստանը ցույց տալ: Մեկնել էինք ամբողջ թիմով` մեծ կազմով, եւ շատ բարդություններ ենք ունեցել նկարահանման ժամանակ: Բայց ես միշտ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն է տվել շրջապատվել այն մարդկանցով, ովքեր իրենց տեսակով հասնող են, օգնում են եւ ամեն ինչ անում են, որ խնդիրները հեշտ լուծվեն»,-շեշտել է Ելենան եւ ավելացրել, որ Երեւանից դուրս տեղի ունեցող նկարահանումներն իրեն առավել հոգեհարազատ են.«Առանց չափազանցնելու, այնտեղ գտնում եմ այն, ինչ չկա մայրաքաղաքում: Այն ջերմությունը, ազնվությունը, նույնիսկ հյուրընկալությունը, որ տեսնում եմ մարզերում` խուլ, կորած գյուղերում, կորցրել եմ մայրաքաղաքում, որովհետեւ այստեղ բոլորս` ինձնից սկսած, շտապում ենք աշխատանքի, իսկ այնտեղ առաջնայինն ու կարեւորը մարդկային ջերմ վերաբերմունքն է»:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին


Պրոդյուսերի խոսքով՝ այս նախագծի քասթինգը անհամեմատ բարդ է եղել. «Մի տեսակ դժվար է ստացվում այս նախագիծը, բայց կարծում եմ` ժամանակին եթեր դուրս կգանք եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Դերասանական քասթինգը եւս դժվար է եղել, որովհետեւ 90-ականների տեսարանների համար փնտրում էի դերասանուհիների, ովքեր մաքսիմալ քիչ են դիմել վիրահատական միջոցների եւ ի պատիվ դերասանական աշխարհի, գտնվեցին լավ, շնորհքով դերասանուհիներ, որոնց իրենց արտաքինը դուր է գալիս»:

Դերասանական կազմում ընդգրկված են Գեւորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն, Արտաշես Ալեքսանյանը, Գոհար Իգիտյանը, Աշոտ Հակոբյանը, Հմայակ Հակոբյանը, ով նախագծում նկարահանվելու համար եկել է Ռուսաստանից, Արթուր Պետրոսյանը, Մարիամ Դավթյանը, Խոսրով Նալբանդյան, Արման Խաչատրյանը, Լիլիթ Սարգսյանը եւ այլք:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին


«Փորձառու, սիրված, ճանաչված դերասանների կողքին, ինչպես միշտ, կան սկսնակներ: Այս նախագծում եւս նախապատվությունը տվել եմ նոր ավարտած դերասան-դերասանուհիներին, ուսանողներին»,-ասել է Ելենան եւ ավելացրել. «Այս շրջանում ամեն օր նկարահանման հրապարակում եմ լինում, լինում է, որ լուսադեմին եմ տուն գալիս, օրվա 24 ժամը չի բավականացնում: Կուզեմ, որ այս ամենն իսկապես գնահատվի, որովհետեւ հսկայական աշխատանք է արվում, լավ թիմ է աշխատում, պրոֆեսիոնալներ են իրենց գործում, ունեն համապատասխան կրթություն, աշխատանքային փորձ»:

Ֆիլմի կոմպոզիտորը Շահին Դանիշֆերն է, իսկ սաունդթրեքը կկատարի Քրիստինե Պեպելյանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին