×


Առեղծվածային եւ կլանող 114 րոպե. «Սպանություն արեւելյան ճեպընթացում» սպասված ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում

«Սպանություն արեւելյան ճեպընթացում»/«Murder on the Orient Express» ֆիլմը համաշխարհային պրեմիերայից օրեր անց «ԿինոՊարկ»-ի ֆիլմացանկում է։ «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնը, ավանդույթի համաձայն, կազմակերպել էր նախադիտում։ BRAVO.am-ը ներկայացնում է երեկ կայացած փակ ցուցադրության հետաքրքիր դրվագներն ու սպասվող պրեմիերաները։

Դետեկտիվ ժանրի անգլիացի լեգենդար գրող Ագաթա Քրիստիի համանուն քրեավեպի էկրանավորումը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին՝ Մեծ Բրիտանիայում, եւ ավարտվել մայիսին։ Ամերիկյան արտադրության կինոնկարի բյուջեն կազմում է շուրջ 55 միլիոն դոլար։ Ռեժիսորն է Քենեթ Բրանան, որը նաեւ մարմնավորել է Էրքյուլ Պուարոյին։ Դերասանական կազմում են Միշել Պֆայֆերը, Թոմ Բեյթմենը, Ջոնի Դեփը, Դեյզի Ռիդլին, Պենելեպա Քրուզը, Ջուդի Դենչը, Օլիվիա Քոլմանը, Դերեք Ջեքոբին։ «Սպանություն արեւելյան ճեպընթացում» ֆիլմի պրոդյուսերներն են Ջուդի Հոֆլանդը, Սայմոն Քինբերգը եւ Մարկ Գորդոնը:

Արտակ Վարդանյանը եւ Րաֆֆի Մովսիսյանը


Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության, թարգմանությամբ աշխարհում առաջինն են։ 1934 թվականին հրատարակված «Սպանություն արեւելյան ճեպընթացում» վեպում հայտնի բելգիացի դետեկտիվ Էրքյուլ Պուարոն պետք է քննի ճեպընթացում տեղի ունեցած սպանության գործը. կասկածյալ են բոլոր ուղեւորները…

Վստահ ենք՝ լարված ու հետաքրքրությամբ կհետեւեք Պուարոյի հետաքննությանն ու էսթետիկ հաճույք կստանաք առեղծվածային դրամայի գեղարվեստական կադրերից։

114 րոպե տեւողությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Լոնդոնում, այսօրվանից կարող եք դիտել ու վայելել «ԿինոՊարկ»-ում ռուսերեն կամ անգլերեն տարբերակով, ինչպես 2D, այնպես էլ 2D Atmos ձայնային որակով։

Արտյոմ Աբովյանը, Ֆաինա Հարությունյանը եւ Արմեն Գալյանը


«ԿինոՊարկ»-ի կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանը հայտնել է, որ այս ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը մեծ է.«Սոցիալական ցանցերի մեր էջերից արդեն հասկացել ենք, որ հայ կինոսերները հետաքրքրված են, սպասում էին պրեմիերային։ Դերասանական հրաշալի կազմը, հիմքում դասական հայտնի ստեղծագործությունը, աննկարագրելի գեղեցիկ օպերատորական աշխատանքն ու հետաքրքիր դետալները նպաստում են, որ ֆիլմը դիտարժան լինի։ Մարդիկ երբեմն կինոթատրոն չեն գնում՝ սպասելով օնլայն վատորակ տարբերակին։ Մեզ համար նկատելի է, որ այս ֆիլմից հանդիսատեսը մեծ սպասելիքներ ունի. ուզում են մեծ էկրանին բարձր որակով դիտել։ Ինքս կարդացել եմ վեպը, ֆիլմի արդյունքից գոհ եմ, ռեժիսորը հետաքրքիր կերպարներ է ստացել։ Ամենաճիշտ տարբերակը դիտելն է. համեցեք դիտելու, քննարկելու ու բանավիճելու»։

Ի դեպ, հետեւելով ԿինոՊարկի ֆեյսբուքյան եւ Ինսթագրամի էջերին եւ մասնակցելով օնլայն մրցույթներին ու խաղարկություններին՝ հաղթելու դեպքում անվճար դիտելու հնարավորություն կստանաք.«Նախադիտմանը տոմսեր նվիրեցինք մեր հավատարիմ հանդիսատեսներից մի քանիսին, ովքեր այսօր դիտեցին ֆիլմը»։

Անաիս Սարդարյանը եւ Ինգա Մուրադյանը


BRAVO.am-ի ընթերցողների համար նաեւ պարզել ենք, թե առաջիկայում այլ ինչ ֆիլմեր են ներկայացվելու ԿինոՊարկում.«Նոյեմբերի 23-ից կցուցադրենք ամերիկյան «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմը, Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ «Ձնեմարդը», «Աստղային պատերազմներ 8»-ի պրեմիերան նախանշված է դեկտեմբերի 14-ին։ Սպասվում են ոչ միայն համաշխարհային, այլեւ հայկական արտադրության ֆիլմեր»,-եզրափակել է կինովարձույթի մենեջեր Մարինա Ղամբարյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport