«The Beautified Project»-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Lost Innocence» երգի հիման վրա։ Այս երգը ներառված է ռոք-խմբի 4-րդ՝ «Pale Nightingale» սկավառակում, երաժշտության հեղինակն Առլեն Շավերդյանն է, խոսքերը գրել է Անդրե Սիմոնյանը։ BRAVO.am-ի հետ զրույցում դաշնակահար եւ բեք-վոկալիստ Առլենը հայտնել է, որ մեկ այլ նորություն էլ ունեն` երկրպագուների հետ կհանդիպեն ապրիլի 17-ին՝ Տիկնիկային թատրոնում.«Քանի որ երկարատեւ դադարից հետո ենք ելույթ ունենալու, այս մենահամերգին նվագելու ենք մեր չորս սկավառակների լավագույն երգերը»։
Առլեն եւ Արմեն Շավերդյանները՝ փոքրիկ Ռենեի հետ
Իրանից Հայաստան մշտական բնակության տեղափոխված 30-ամյա զույգ եղբայրներ Առլենի ու Արմենի ընտանիքներին բազմիցս անդրադարձել ենք։ Քչերը գիտեն, որ Առլենն առաջին մասնագիտությամբ ճարտարապետ-ինժեներ է, 2 տարի առաջ ճարտարապետական եւ շինարարական ընկերություն է հիմնել.«Երեւանում մեր նախագծած ամենամեծ շենքը մի բիզնես կենտրոն է, որի շինարարությամբ հիմա զբաղվում եմ։ Որպես գլխավոր ինժեներ՝ ինքս եմ գլխավորում շինարարական թիմը, սիրում եմ ողջ ընթացքը, մանավանդ՝ կառուցման իրականացումը, երբ տեսնում եմ թերություններն ու առավելությունները»։
Առլենի առաջնեկը՝ Ռենեն, մայիսին կդառնա մեկ տարեկան: Երաժշտի խոսքով՝ իրենց առօրյան շատ է փոխվել.«Քանի որ մեր տղան դեռ փոքր է, չենք կարողանում հաճախ տնից դուրս գալ։ Մեծ մասամբ կինս է զբաղվում երեխայի խնամքով ու դաստիարակությամբ, ես էլ երեկոյան եմ երեխային պահում, իսկ այդ ընթացքում Նազեհը համակարգչով աշխատում է. ծրագրավորող է: Երբ դաշնամուր եմ նվագում, Ռենեն լսողությամբ նոտաներն արտաբերում է, ինչից շատ եմ ուրախանում»։
Առլեն Շավերդյանը՝ կնոջ հետ
Երաժիշտն իրեն երջանիկ մարդ է համարում.«Այժմ ոչնչի պակաս չունեմ. ընտանիքս առողջ է, աշխատանք ունենք, չեմ մտածում, որ թանկարժեք մեքենաներ ունենալով՝ կերջանկանամ։ Կցանկանամ բազմազավակ ընտանիք ունենալ, իհարկե, պիտի կարողանանք ֆինանսապես ապահովել նրանց, քանի որ ծախսը շատ է։ Հաճելի կլինի, որ երեխան մենակ չմեծանա: Առհասարակ, մեր ազգը պետք է շատանա, եւ լավ սերունդ մեծանա»։
BRAVO.am
Լուսանկարները` Առլեն Շահվերդյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: