×


Արամ Ավագյանի համերգի ամենահուզիչ պահն ու «ռեկորդակիր» Քրիստինե Պեպելյանը

«Իմ լուսին», «Պատահական չի լինում», «Հայաստան աշխարհ», «Տար ինձ քո հեռուն», «Արի, իմ սեր», «Դեպի երկինք», «Չեմ թողնի»՝ այս եւ բազմաթիվ այլ հայտնի երգերի հեղինակ Արամ Ավագյանը երեկ համախմբել էր իր հիթերը կատարող երգիչներին ու իր երգերը սիրող հանդիսատեսին։

Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում երաժշտի հեղինակային երգերի երեկոյին նրա հետ բեմում էին Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Սեւակ Խանաղյանը, Նարեկ Բավեյանը, Սոնա Ռուբենյանը, Նունե Եսայանը, Անի Քրիստին, Լիանան, Գայա Արզումանյանը, Լուսինե Պողոսյանը, Սոֆի Մխեյանը, Տաթեւ Ասատրյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը եւ ուրիշներ, որոնք երաժիշտների նվագակցությամբ հնչեցրին հայտնի ու նոր գրված երգեր։

Էրիկը, Սոնա Ռուբենյանը եւ Սեւակ Խանաղյանը


Համերգավարներ Սիմա Բաղդասարյանն ու Արտյոմ Կարապետյանը մեկնարկին նշեցին, որ սպասվում է հուշերի ու հույզերի երեկո: «Նրա երգերը երազանքների, հուշերի ու սիրո մասին են։ Անցյալ դարի վերջին Արամ անունով մի տաղանդավոր երիտասարդ փորձեց իր երազանքները կիսել աշխարհի հետ, եւ աշխարհը սիրով ընդունեց նրան։ Նրա գրած յուրաքանչյուր երգ մեծ հաջողություն էր բերում տվյալ կատարողին։ Երազող ու երազանքների մասին երգող Արամ Ավագյանի շնորհիվ այսօր կվերապրենք գեղեցիկ հուշեր»,- ընդգծեց Արտյոմը, Սիման էլ հավելեց.«Նա իրար հաջորդող հիթեր էր թողարկում։ Այդ երգերը մեզ հիշեցնում են մեր առաջին համբույրը, առաջին ժամադրությունը, ուստի մեզ ռոմանտիկ երեկո է սպասվում»։

Համերգը մեկնարկեց կրտսեր Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյուններով՝ «Dream» ստեղծագործությամբ։ Միացյալ Նահանգներում ապրող երգահանի համար այս հաշվետու համերգը չէր լինի կարեւոր, եթե չհնչեցներ իր նոր երգերը։ ԱՄՆ-ից ժամանած Անի Քրիստին դուդուկահարներ Վարդան եւ Գաբրիել Շահինյանների նվագակցությամբ կատարեց «Կարոտել եմ» երգը, Սոնա Ռուբենյանը՝ «Շնորհակալ եմ», Սեւակ Խանաղյանը՝ «Սիրո հետք», Արամը դստեր՝ Լիայի հետ՝ «Չկա, չկա» նոր զուգերգը: Ելույթ ունեցավ նաեւ նրա պրոդյուսերական նոր խումբը՝ «Գիտրի» անվամբ աղջիկների եռյակը։

«Գիտրի» խումբը


Երեկոյի սպասված երգերից էր Քրիստինե Պեպելյանի «Մայրիկը», որը, հաղորդավարների բնորոշմամբ, հայկական փոփի ամենատպավորիչ երգերից մեկն է: Պարզ մեղեդիով ու խոսքերով երգը սիրված է շատերի կողմից։ Ի դեպ, այս հիթը ԱՄՆ տեղափոխվելուց հետո Արամի ստեղծած առաջին երգն է։ Քրիստինեն պատահական չի համարում, որ տեղափոխվելուց հետո նա հենց այդ երգն է գրել. «Համոզված եմ, որ մենք՝ արտիստներս, հանդիսատեսի ու երգի հեղինակի միջեւ միջնորդ ենք. փոխանցում ենք այդ հույզերը ձեզ, եւ եթե դուք գտնում եք ձեզ այդ երգերի մեջ, եթե տեսնում եք ձեր պատմությունն ու հուշերը, մենք արդեն կարեւոր չենք, որովհետեւ երգին կյանք տվողը հանդիսատեսն է»։

Արամ Ավագյանի երեւանյան համերգին


Արամի հեղինակած երգերից ամենաշատը կատարում է Քրիստինե Պեպելյանը։ «Ռեկորդակիր» երգչուհին հնչեցրեց բոլորովին նոր երգ.«Այսօր ընկերս երջանիկ է, մեր կողքին է։ Միայն մեր աշխատանքային կյանքը չէ, որ կապում է մեզ, նաեւ երկար տարիներ շատ մտերիմ ենք ընտանիքներով։ Բազմաթիվ երգերիս հեղինակը հենց նա է՝ «Պատահական», «Ինչո՞ւ», «Երկրորդ անգամ», «Չեմ թողնի», բայց որոշել ենք նոր երգի պրեմիերա անել՝ «Սիրե՞լ, թե՞ ատել»։ Եթե ձեզ տեսնեք այս պատմության մեջ, ուրեմն կհամարենք, որ մեր աշխատանքը ստացված է»։

Համերգի ընթացքում հնչեցին նրա խոսքերի հեղինակների անունները՝ Անիտա Հախվերդյան, Սրբուհի Ստամբոլցյան, Արթուր Սաֆարյան, Ավետ Բարսեղյան, Սաթենիկ Թորոսյան եւ Գեւորգ Եղիազարյան։ Արամ Ավագյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին ու համերգի կազմակերպիչներին։

«Իմ լուսին» խորագրով համերգին Արամը կատարեց համանուն հիթը՝ ներկաների ձայնակցությամբ։ Երկու ժամ տեւողությամբ երեկոն եզրափակվեց երգահանի ստեղծագործական կյանքի «հիմնով»՝ «Հայաստան աշխարհ» երգով։ Տարիներ շարունակ այն կատարելով՝ հայ երգիչները հաջողություն են ունեցել միջազգային մրցույթներում։ Երեկոյի ամենահուզիչ պահը հենց այս երգն էր. Սոնա Ռուբենյանի եւ Սեւակ Խանաղյանի կատարման ընթացքում երգի մի հատված հնչեց Վարդուհի Վարդանյանի ձայնով։ Հանդիսականների հոտնկայս ծափերով էլ ավարտեց համերգային երեկոն։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

A post shared by Bravo.am (@bravoamofficial) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW