Հայկական տարազներ, ազգայինից ոգեշնչված ժամանակակից զգեստներ, Ուրֆայի արծաթաթել ու ոսկեթել ասեղնագործ գործվածքներ եւ դեֆիլե քանդակների շուրջ. երեկ Հայաստանի պատմության թանգարանի նախասրահում տեղի ունեցավ նկարիչ-մոդելավորող Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:
Արամ Նիկոլյանն ու ցուցադրության մանեկենուհիները
Հյուրերի շարքում էին շոու-բիզնեսի, նորաձեւության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Հանրապետության հրապարակում տեղադրված փոքր բեմահարթակի շնորհիվ ցուցադրությանը հետեւում էին նաեւ անցորդները:
Երեկոն սկսվեց պարուհի Լիանա Հակոբյանի հայկական մենապարով, որից հետո տարբեր տարիքի ու հասակի աղջիկներ ցուցադրեցին «Տերյան» մշակութային կենտրոնի վերականգնած տարազները: Ներկաները հնարավորություն ունեցան նախ դիտելու հայկական ազգային տարազները, այնուհետեւ մոդելները ներկայացրին այն հավաքածուն, որը դիզայները ստեղծել էր՝ ոգեշնչվելով ազգային խառնվածքն արտահայտող դետալներից:
Աստղիկ Սաֆարյանը
36 հագուստից կազմված հավաքածուն ներառում է բեմական, առօրյա, երեկոյան ու կոկտելային զգեստներ՝ տարազային եւ ժամանակակից ձեւվածքներով, թեթեւ գունային հիշողությամբ եւ կարի մեքենայով արված ոսկեթել ու արծաթաթել Ուրֆայի ասեղնագործությամբ: Միջնադարյան նկարչության շնչով հագեցած Ուրֆայի ասեղնագործություններով այս հավաքածուի նպատակն աստիճանաբար մոռացության մատնված ազգային հագուստի էլեմենտներն առօրյայում կրելի դարձնելն է:
Զգեստները լրացնում էին ասեղնագործ պայուսակներն ու Սիրուշոյի «Պռեգոմեշ» արծաթե աքսեսուարները, որոնց հիմքում եւս հին հայկական զարդերն են: Ինչպես պատմել է Արամ Նիկոլյանը, այս հավաքածուն առիթ է դարձել Սիրուշոյի հետ նոր համագործակցության, քանի որ այս ցուցադրության համար ստեղծել են գոտիների, բրոշների նոր տեսականի, որը կոչվում է «Ուրֆա»:
Ցուցադրության համար Արամն ընտրել էր մուգ վարսերով մանեկենուհիների, որոնց թվում էին նաեւ հաղորդավարուհիներ Աննա Գրիգորյանն ու Լիլիթ Մուրադյանը: «Ընտրել էի թուխ մաշկով ու մազերով, հայկական դիմագծերով մոդելների, թեեւ հնում հայերը նաեւ շիկահեր են եղել: Իսկ տարազները ներկայացրին ոչ թե մոդելները, այլ միջահասակ աղջիկներ, որոնցից մի քանիսն իրականում կրել են տարազներ»,- նշել է Արամ Նիկոլյանը:
Լիլիթ Մուրադյանը
Ցուցադրությունից հետո BRAVO.am-ի հետ զրույցում Արամ Նիկոլյանը հայտնեց, որ բավարարվածություն է զգում դրական կարծիքներից. «Մոտ չորս ամիս աշխատել ենք ամբողջական հավաքածուի վրա: Իմ առջեւ խնդիր էի դրել, որ հայկական զարդանախշերով հագուստը կանայք կրեն մեր օրերում, այսինքն՝ տարազը թանգարանային նմուշ լինելուց բացի նորաձեւ ու գործածելի լինի առօրյայում: Փորձել եմ պահել հայկական տարազի գունային գամման՝ մուգ կարմիրը, կապույտը, կանաչը, բայց օգտագործել եմ ժամանակակից գործվածքներ»:
Ցուցադրության ավարտից հետո հյուրերը շնորհավորել են դիզայներին: Նրան տպավորել էր իր դասախոսի՝ Գայանե Կիրակոսյանի խոսքը, ով նշել էր, որ տեսնում է իր ուսանողի աճը եւ յուրաքանչյուր անգամ յուրովի ներկայանալը. «Այս ամենը միայն իմ աշխատանքը չէ, չնայած որ իմ անունն է շեշտվում: Շնորհակալ եմ իմ ողջ թիմին ու ընկերներին, որոնց շնորհիվ կարողացա նպատակս իրականություն դարձնել»,- նշել է նա եւ հավելել, որ այս հավաքածուն արտերկրում ցուցադրելու առաջարկ ունի, որն այժմ քննարկման փուլում է:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: