×


Արամ MP3-ը` երեկվա մենահամերգի, վազելով Սեւան հասնելու եւ մի կաթիլ արցունքի մասին :)

Արամ MP3-ի` 2014 թվականի ակումբային առաջին մենահամերգը կայացավ երեկ` հունվարի 31-ին, “Վիտամին” ակումբում: Մենահամերգներով բազմիցս հանդես եկած “Եվրատեսիլ 2014”-ի Հայաստանի ներկայացուցչի այս համերգին ներկա էին երգի մրցույթի նախորդ տարիների մեր մասնակիցները, Հանրային հեռուստաընկերության անձնակազմը եւ շատ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Արամ MP3-ը


Հանդիսատեսը սպասում էր Արամ MP3-ի ելույթին, երբ համերգը սկսեց “վիտամինցի” Վաչեն` ռուսական “Руки Вверх” խմբի “Ալյոշկա” երգով, այնուհետեւ բեմը տրամադրեց երգչին:): Այս անգամ նրա երգացանկը փոքր-ինչ փոփոխված էր. երկու մասից բաղկացած համերգին ներկայացավ պրեմիերաներով:

Բեք-վոկալիստներ Արեւոն, Ադրիանան, Վարսինեն եւ երաժիշտներ Պերճը, Վարդանը, Բրդեն, Արթուրն ու Արմենն Արամի հետ իմպրովիզներ էին անում, “Gangnam Style”-ը միքսել էին “Ուր որ գնաս, հետդ կգամ”-ի հետ, Միքայել Ոսկանյանն` իր թառով, իսկ Գարիկ Պապոյանը կիթառով նվագակցում էին նրան, երկրպագուներն էլ պարում էին ու ձայնակցում:

Արմուշը, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Համերգի երկրորդ հատվածը երգիչ-հումորիստը սկսեց “Եվրատեսիլ 2013”-ի հաղթող Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի “Only Teardrops” երգի քավերով.“Էմիլին ինձ հրավիրեց “Եվրատեսիլ”… Սպասիր, գալիս եմ, կյանքս”,-կատակեց Արամ MP3-ին:

Վերջին անակնկալը երեկոյի ավարտին էր. նա համերգը եզրափակեց իր հեղինակային նոր երգով, որը վերնագրել է երկու տարբերակով` “You Are Not Alone” կամ “What If”: Ինչպես նշել է, այն հնարավոր է դառնա “Եվրատեսիլ”-ի թեկնածու երգերից մեկը: Բեմում Արամին նվագակցել է Լիլիթ Նավասարդյանը, որն էլ գործիքավորել է այս ստեղծագործությունը.“Պրեմիերա անելու շատ լավ առիթ էր, քանի որ միանգամից տեսա մարդկանց արձագանքը: Նրանց հոտնկայս ծափերն ինձ ստիպեցին, որ հետնաբեմում աչքիցս մի կաթիլ արցունք բաց թողնեմ”,-համերգից հետո BRAVO.am-ի հետ անկեղծացավ ֆիզիկապես հոգնած, բայց հոգեպես դրական էներգիայով լիցքավորված երգիչը.“Երգելուց հետո երբեմն այնքան էներգիա եմ ունենում, որ գիշերը չեմ կարողանում քնել: Հիմա այնքան էներգիա եմ ստացել, որ կկարողանամ ակումբից վազելով հասնել Սեւան:): Իրոք շատ հաճելի է, որ վաստակում ես այդ դրական էներգիան”:

Գարիկը` կնոջ հետ


Արամն անկեղծորեն նշեց, որ մենահամերգի առաջին հատվածում իր ելույթին խանգարել է դասական կոստյումը.“Միշտ շապիկներով եմ լինում` մտածելով, որ բեմական հագուստը չպետք է խանգարի, բայց այսօր քանի որ տեսանկարահանվում էր, “պաշտոնական” էի հագնվել, ինչն իմ կողմից սխալ էր, որովհետեւ չէի կարողանում ազատ շարժվել, իսկ զգեստափոխվելուց հետո հիանալի էի զգում”:

Երգիչ-հումորիստի խոսքով` անկախ դահլիճի մեծությունից ու հանդիսատեսի թվից, յուրաքանչյուր ելույթին պատասխանատվությամբ է մոտենում.“Օրինակ` “Elevation” երգը 2008-ից երգում եմ, բայց փորձերին պարտադիր կրկնում եմ: Երբեք չեմ մտածում` հա, լավ, դե, համերգ է. կապ չունի` 20 հոգի նստած կլինի, թե` 6000, կերգեմ 1 երգ, թե` 25, միեւնույն է` լարվում եմ: Իմ բնույթով այնպիսին եմ, որ համերգից առաջ ադեկվատ չեմ, ինքս իմ մեջ պարփակվում եմ, ընկերներս գիտեն ու ինձ մենակ են թողնում”:

Արամի կինը` Աննան, ամուսնու գրեթե բոլոր ելույթներին ներկա է, այս անգամ եւս նրա կողքին էր, բայց առանց փոքրիկ Առնոյի.“Քանի որ համերգը նկարահանվում էր, վախեցանք` տղաս բեմ բարձրանա: Նա շատ է սիրում բեմը, երաժշտական հակումներ ունի, լինելով 2,5 տարեկան, մաքուր է երգում, ասում են` պապային է քաշել, բայց ինքն իր ուղին թող ընտրի: Իսկ կինս ինձ ե՛ւ ոգեւորում է, ե՛ւ քննադատում, իրականությունն է ասում, ինքնախաբեությամբ չենք զբաղվում”:

Արամ MP3-ի մենահամերգին


Խոսելով “Եվրատեսիլ”-ի մասին` Արամ MP3-ը նշեց, որ իր եվրոպական պրոմոտուրերով համատեղ կզբաղվեն Հանրային հեռուստաընկերությունն ու “Վիտամին” ակումբը.“Միասին անում ենք բոլոր հնարավոր քայլերը, որ մեր բռնած ուղին ավելի արդյունավետ ու անքար լինի:): Երբ ասում են` երգի մրցույթ, նորմալ է, բայց երբ ասում են` երկիր ես ներկայացնում, արդեն հոգեբանորեն փոխվում եմ եւ լարվում”:
 
Նախորդ տարիներին այս մրցույթին մասնակցած հայ երգիչները նրան թեեւ խորհուրդ են տալիս շատ չլարվել ու չնյարդայնանալ, բայց դեռեւս չի ստացվում:).“Որքան էլ ուզում ես թեթեւ նայել, չես կարողանում, որովհետեւ Հայաստանը ներկայացնելու պատասխանատվությունը քո ուսերին է, իսկ մեր երկրում այս մրցույթը մասսայականություն է վայելում, բայց ամեն դեպքում, եթե 20-րդ կամ 30-րդ տեղը զբաղեցնեմ, սպիտակած մազերով չեմ վերադառնա”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW