×


Արա Ղազարյանի ատելի ու սիրելի Նոր տարիները

Ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող Արա Ղազարյանը 2013-ին ընդառաջ BRAVO.am-ին պատմել է իր գործունեության, անցնող տարվա ընթացքում գրանցած հաջողությունների, գալիք տարուց սպասումների եւ, իհարկե, ամանորյա նախապատրաստության մասին:):  

Պրոդյուսեր, հաղորդավար, լրագրող Արա Ղազարյանը


Այժմ զբաղված եմ թվով 4-րդ հեռուստասերիալի նկարահանման աշխատանքներով: Մաեստրո” հեռուստասերիալը նկարահանում ենք “Շանթ” հեռուստաընկերության հետ համատեղ: Բազմաթիվ հեռուստադիտողների համակրանքին արժանացած այս նախագծի վրա, հուսով եմ, կաշխատեմ նաեւ 2013-ին:

Լոս Անջելեսի “ARTN Shant” հեռուստաընկերությունում հաղորդավար Ռուբեն Հակոբյանի եւ Կարեն Մանթաշյանի հետ վարում եմ “Նորք Հոլիվուդ” նոր թոք-շոուն:

Պրոդյուսեր, հաղորդավար, լրագրող Արա Ղազարյանը


Պլանների ու ծրագրերի մասին չեմ սիրում խոսել, բայց կան նախագծեր, որոնք, հուսով եմ, կիրականացնեմ հաջորդ տարում: Ասում են` ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր պլաններիդ մասին:

Ինչպես բոլորը, ես նույնպես պատրաստվում եմ Ամանորին: Լոս Անջելեսում երեւանյան եռուզեռ չկա, բայց միեւնույնն է, ինչպես բոլոր հայերը, ես նույնպես սիրում եմ Նոր տարին ու երեւանյան ձեւով եմ պատրաստվում:

Տանը միշտ ունենում եմ մեկ գլխավոր տոնածառ ու բազմաթիվ փոքր տոնածառեր: Հավաքածուի նման մի բան է դարձել: Ամեն տարի փորձում եմ գունային տարբեր երանգներով ու ոճով զարդարել գլխավոր տոնածառը: Կարծում եմ` հյուրերս այս անգամ էլ կհավանեն:

Արա Ղազարյանի բնակարանի տոնածառերից


Ամանորն ինձ համար առիթ է արած ու չարած աշխատանքներս, ձեռքբերումներս ու բացթողումներս հանրագումարի բերելու համար: Միշտ շնորհակալ եմ Աստծուն, որ անցնող տարվա մեջ հարազատի կորուստ չեմ ունենում:

Բարդ, հակասական, դեպրեսիաներով ու ուրախություններով լի էր այս տարին: Ուրախ եմ, որ այս տարում նկարահանեցի գեղարվեստական առաջին ֆիլմս` “Անմեղ մեղավորները”: Այն 45 օր ցուցադրվեց Երեւանում, իսկ Լոս Անջելեսում դիտվել է ռեկորդային քանակությամբ` 8000 հանդիսատես:

Այս տարի արդեն  2 անգամ եղել եմ Երեւանում:

Պրոդյուսեր, հաղորդավար, լրագրող Արա Ղազարյանը


Ուզում եմ, որ 2013 թվականը աշխարհի հայերի ու Հայաստանի համար խաղաղության, ձեռքբերումների տարի լինի: Թող խաղաղություն լինի բոլորի հոգիներում:

Ինձ հետ հաջորդ տարի կտանեմ լուսավոր հուշեր, որոնք կպահեմ ու կփայփայեմ, որովհետեւ առանց լավ հուշերի անհնար է ապրել: 

Կփորձեմ մոռանալ ու 2012-ում թողնել վատը, բացասականը:

Պրոդյուսեր, հաղորդավար, լրագրող Արա Ղազարյանը


Այս անգամ Նոր տարին դիմավորելու եմ տանը` հյուրերիս հետ: Կլինեն հիմնականում իմ ամենամտերիմ ընկերները: Առհասարակ, սիրում եմ տանը դիմավորել` ավանդական տոնական սեղանի շուրջ` փոխելով հեռուստացույցի ալիքները: 

Հավատում եմ ամանորյա հրաշքներին, միշտ հավատացել եմ Ձմեռ պապիկին: Պետք է ասեմ, որ մտովի նամակ եմ գրել նրան եւ վստահ եմ` գալիք տարում կկատարվի:

Արա Ղազարյանի բնակարանի տոնածառերից


Գիտակցական կյանքիս բոլոր Ամանորներն էլ հիշում եմ: Ատում եմ 1989-ի եւ 1992 թվականների Նոր տարին, որովհետեւ առաջինը երկրաշարժից 24օր հետո էր, իսկ երկրոդի դեպքում այն դիմավորել եմ առանց հայրիկիս:

Այս տարի մտերիմ ընկերներով նվերների հարցին յուրահատուկ լուծում տվեցինք. որոշեցինք վիճակահանությամբ  ամեն մեկս մեկ հոգու համար նվեր գնել: Թե ով ում համար է գնելու, գաղտնիք ենք պահելու մինչեւ 31-ի գիշերը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արա Ղազարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին