Արեւիկ Ալավերդյանին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Այս օրերին երգչուհին Երեւանում է եւ Փարիզ վերադառնալուց առաջ հասցրել է լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում, ինչպես նաեւ անկեղծ զրույց ունենալ ընտանիքի, նորաձեւության եւ այլ թեմաներով:
Արեւիկ Ալավերդյանը
-Արեւիկ, hամաձա՞յն եք, որ կինը կարող պատերազմներ բռնկել:
-Կարծում եմ` կինը հեշտությամբ կարող է պատերազմներ հրահրել եւ դադարեցնել: Համոզված եմ` կնոջ ուժը աննկարագրելի հզոր է:
-Իսկ Դուք պատերազմո՞ղ եք, թե՞ հաշտեցնող:
-Բռնկվող եմ, տաքարյուն, թեեւ կարծում եմ` ժամանակի ընթացքում փոքր-ինչ հանդարտվել եմ: Պատերազմող եմ, բայց նաեւ` հաշտեցնող, ունեմ իմ սեփական կարծիքը, որը ոչ բոլորին է դուր գալիս: Անկեղծ եւ նվիրվող եմ, բայց իմ աշխարհում ոչ բոլորը տեղ ունեն:
-Ինչպիսի՞ն է այդ աշխարհը, ովքե՞ր են այնտեղ բնակվում:
-Ամուսինս, ընտանիքս, հարազատներս եւ շատ սիրելի ընկերներս, ովքեր քիչ են, բայց իմն են: Իմ կյանքում շատ մարդիկ կան, որոնց հետ լավ հարաբերություններ ունեմ, շրջապատս մեծ է, բայց քչերն են հոգուս մոտ:
Արեւիկ Ալավերդյանը
-Փաստորեն Ձեր սերը քչերին եք տալիս, բայց մեծ չափաբաժնով:):
-Ժամանակը ցույց է տվել իրական ընկերներին: Ինքնամփոփ չեմ, շփվող եմ, բայց դժվարությամբ եմ մտերմանում. ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի ճանաչեմ դիմացինիս: Տարիներ առաջ այսպիսին չէի, նվիրվում էի շատ շուտ եւ հեշտությամբ: Հարվածներ շատ եմ ստացել հենց ընկերներիս կողմից, ինչի շնորհիվ էլ հասկացա, որ մտերիմները շատ չեն լինում:
-Հիասթափություններ եք ապրել:
-Իհարկե, ինչպես բոլորը: Հիասթափություններն ու դժվարություններն են կերտում մարդուն: Եթե ուժեղ ես, ոտքի ես կանգնում, փոխվում, կամ էլ հակառակը: Կարծում եմ` ուժեղ եմ, բայց լինում են պահեր, երբ սիրում եմ երեխա ձեւանալ:
-Ամուսնանալիս ունեի՞ք երազելի ընտանիքի բանաձեւ:
-Իմ երազանքն էր ունենալ հրաշալի ընտանիք, եւ երբ հանդիպեցի ամուսնուս, երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի հենց նրա կողքին տեսնեմ իմ կյանքը: Իհարկե, դժվարություններ լինում են, բայց հենց դրանց շնորհիվ է ընտանիքը դառնում ամուր եւ միասնական: Մայրս իմ իդեալն է, մեր տան խաղաղության աղավնին, եւ շատ եմ ցանկանում իմ երեխաների համար լինել այնպիսի մայր, ինչպիսին ունեմ: Նա իմ եւ քույրիկիս համար նաեւ ընկերուհի է:
Արեւիկ Ալավերդյանը
-Կա՞ն հատուկ կանոններ, որոնցով առաջնորդվում է Ձեր նորաստեղծ ընտանիքը:
-Անկեղծություն եւ հավատարմություն, բայց երբ կա մեծ սեր, դրանք դադարում են կանոն լինել: Ամուսինս մեծ պատասխանատվություն է զգում, քանի որ իր կողքին լինելու համար մեկնել եմ Հայաստանից: Նա անում է հնարավոր ամեն բան, որ երջանիկ լինեմ, ավելի զիջող է, հարմարվող, շատ թեթեւ բնավորություն ունի, ինչն էլ ամենաշատն եմ սիրում եւ գնահատում:
-Հաճա՞խ եք իրար սեր խոստովանում:
-Հատկապես ամուսինս` շատ-շատ:): Ինձ անսահման սիրված եմ զգում:
-Նորաձեւության մեծ սիրահար եք: Այս ոլորտում հանդես գալու մտադրություն ունե՞ք:
-Շատ եմ ցանկանում իմ ապրանքանիշն ունենալ, բայց դրա մասին հիմա չեմ խոսի: Նորաձեւությանը մշտապես հետեւում եմ, բայց դրա գերին չեմ, ոչ էլ պիտակամոլ եմ: Հագնում եւ կրում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս եւ գիտեմ, որ գեղեցիկ կդիտվի, նույնը խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին եւ կանանց: Տարբեր հագուստներ եմ սիրում, բայց չեմ կրում. պետք է կարողանալ հմտորեն թաքցնել կազմվածքի թերությունները եւ ընդգծել առավելությունները: Շատ եմ սիրում միքսել ոճերը, կարող եմ ոգեշնչվել նույնիսկ մանրուքներից:
Արեւիկ Ալավերդյանը
-Մեծացել եք հայկական ավանդույթներին հետեւող ընտանիքում: Ի՞նչ եք կարծում, գտնվելով Հայաստանից եւ հայկականից հեռու` կկարողանա՞ք Ձեր ապագա երեխաներին դաստիարակել նույն ոգով:
-Հստակ կարող եմ ասել` այո, որովհետեւ ամուսինս ծնվել եւ մեծացել է Փարիզում, բայց աննկարագրելի հայրենասեր է, իսկական հայ տղամարդ: Նրա տեսակն իր ընտանիքի շնորհիվ է այդպես հղկվել, եւ ես համոզված եմ, որ մեր ապագա երեխաները նույնպես այդ ոգով կմեծանան ու կդաստիարակվեն:
-Շուտով կվերադառնաք Փարիզ: Հարմարվե՞լ եք այն մտքին, որ Հայաստանում արդեն հյուր եք:):
-Ինձ հյուր չեմ զգում, չեմ ցանկանա, որ երբեւէ այդպես լինի: Ամեն անգամ, երբ գալիս եմ Երեւան, հաջորդ օրն ասում եմ` կարծես երբեք գնացած չլինեմ: Ավելի շատ ինձ հյուր եմ զգում Փարիզում. մինչ օրս զբոսաշրջիկի զգացողություններով եմ այնտեղ բնակվում:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Զգեստները` Վահան Խաչատրյանի
Նկարահանումն իրականացվել է Վահան Խաչատրյանի նորաձեւության տանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: