Փարիզում բնակություն հաստատած փոփ-ռոք երգչուհի Արեւիկ Ալավերդյանն այս գիշեր անակնկալ է մատուցել ծնողներին եւ երեւանաբնակ ընկերներին` առանց նախապես տեղեկացնելու ժամանելով հայրենիք:): Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե կարոտել էր մտերիմներին եւ սիրելի քաղաքը, բացի այդ, փետրվարի 16-ին նշելու են հայրիկի` “Ակունք” ազգագրական համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանի 65-ամյակը:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները
“Անակնկալ այցի մտահղացումն ամուսնուս է պատկանում: Սուրբ Վալենտինի տոնի առթիվ նա փետրվարի 8-ին իր հետ տուն բերեց 2 ավիատոմս, եւ որոշեցինք ուրախացնել հարազատներիս` սպասվելիք այցի մասին պատմելով միայն քրոջս` Անուշիկին, նա էլ կարողացավ թաքցնել մեր գաղտնիքը”,-պատմել է Արեւիկը:
Արեւիկ Ալավերդյանը` ծնողների հետ
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի խոսքով` ծնողների եւ ավագ քրոջ հանդիպումն անչափ հուզիչ է եղել.“Արեւիկը մինչ տուն մտնելը զանգահարեց եւ խոսում էր այնպես, կարծես Ֆրանսիայում է, շատ է ափսոսում, որ մեր կողքին չէ ու չի կարող մասնակցել հայրիկի հոբելյանին: Հայրիկս էլ ասաց, թե շատ կցանկանար նրան իր կողքին տեսնել: Հենց այդ պահին քույրս բացեց դուռն ու ներս մտավ… Մայրիկս զարմացած էր, հայրիկս` նույնպես: Անակնկալն իսկապես ստացվեց”:
Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ
Արեւիկը Երեւանում կմնա մեկ ամիս, ինչպես նշել է` ստեղծագործական նորությամբ հանդես չի գա, բայց հայրիկի ցանկությունն էլ չի մերժի.“Նա ուզում է իմ եւ Անուշիկի հետ ժողովրդական մեկ-երկու երգ ձայնագրել, այս ընթացքում կզբաղվենք դրանով”:
Խոսելով ընտանիքի համալրման մասին` նա նշել է, որ դեռեւս բալիկի չի սպասում, սակայն մայրանալու ցանկությունը մեծ է.“Չի բացառվում, որ օրերից մեկ օր այդ բարի լուրը ծնողներիս դարձյալ նման անակնկալ կերպով հայտնեմ: Դա ամենամեծ նվերը կլինի նրանց համար”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: