×


Արեւիկ Ուդումյանը՝ որդու հետ

Արեւիկ Ուդումյան.«Գիտեի՝ այդ պահը գալու է, պարզապես էգոիստաբար երկարացնում էի ժամանակը»

Արեւիկ Ուդումյանը եւ Արամ Վարդեւանյանն ավելի քան 1 տարի է՝ վայելում են ծնողներ լինելու բերկրանքը: Տեւական դադարից հետո հաղորդավարուհին կրկին աշխատանքի է անեցել: BRAVO.am-ը օրերս հանդիպել է նրան եւ փոքրիկ Ռուբենին, լուսանկարել եւ զրուցել մայրության, կյանքի նոր փուլի, աշխատանքի մասին՝ որպես Հանրային ռադիոյի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, եւ ոչ միայն:

-Մայրանալուց հետո Ձեր կյանքում սկսվեց մի նոր փուլ: Ինչպիսի՞ն է այն:

-Փորձեմ իմ կյանքը բաժանել մի քանի փուլի: Մինչեւ ամուսնությունը ես էի աշխատանքս, ընկերներս: Տանն ինձ համար այնպիսի պայմաններ էին ստեղծված, որ հնարավորություն ունեի կենտրոնանալ ինձ վրա: Հետո սկսվեց մյուս փուլը. անձնական կյանք, հանդիպում Արամի հետ եւ ամուսնություն: Դա այն շրջանն է, երբ ապրում ես երկուսի օրակարգով, խնդիրներով եւ ժամանակացույցով: Ռուբենը երրորդ շրջանն է, իսկ դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Տղայիս ծնվելուց հետո առաջին ամիսներին կարողացա լրիվ իրենով զբաղվել: Ուրախ էի, որ չաշխատելու ճոխություն ունեի: Ամբողջությամբ փոխվեց առօրյաս: Այսօր արդեն կրկին աշխատում եմ՝ նույն ոգով ու հաճույքով: Աշխատավայրում Ռուբենին հիշելիս շուրջս ամեն ինչ փայլում է: Նա կարծես արեւ լինի, դեղատոմս, որն ամբողջությամբ փոխում է տրամադրությունս, առօրյաս, ինքնազգացողությունս:

Արեւիկ Ուդումյանը՝ որդու հետ


-Ինչպիսի՞ մայր էիք պատկերացնում Ձեզ եւ ինչպիսի՞ն եք այսօր:

-Հուսով եմ՝ ուրախ ու ջերմ: Երեխայի դաստիարակության հարցում հավատում եմ, որ լավագույն արդյունք ստանալու համար պետք է հաճախ զրուցել նրա հետ եւ շատ սեր տալ նրան:

-Նախորդ զրույցի ժամանակ նշել էիք, որ մայրանալուց հետո երկար կբացակայեք եթերից: Այսօր արդեն աշխատում եք: Կմանրամասնեք՝ ինչպես ստացվեց:

- Շուրջ 1 տարի դադարից հետո գիտեի, որ կրկին աշխատանքի եմ անցնելու: Գիտեի` այդ պահը գալու է, պարզապես էգոիստաբար երկարացնում էի ժամանակը: Վայելում էի բալիկիս հետ ամեն մի պահը, օրն ու ժամը: Կարեւոր էր ստանալ աշխատանքի այնպիսի առաջարկ, որը կհամընկնի մեր ընտանիքի ռիթմի հետ, հարմար կլինի ինձ եւ կսիրեմ այն: Երբեք չեմ կատարել չսիրած աշխատանք: Երբ ստացա առաջարկ, որը համապատասխանում էր թե՛ իմ ցանկություններին, թե՛ իմ ժամանակացույցին, թե՛ իմ այն գիտելիքներին ու հմտություններին, որոնք կարող էի օգտագործել, փոխանցել եւ ստանալ, հասկացա, որ պահն է ընդունել այն ու անցնել աշխատանքի: Շարունակվում է համագործակցությունս Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի խորհրդի հետ: Այս անգամ արդեն ոչ թե հեռուստաընկերությունում, այլ՝ ռադիոյում: Ռադիո, որն ունի ավելի քան 90 տարվա պատմություն: Իր պատմությամբ ու ներկայով բավական արժեքավոր ռադիո: Այն ամենը, ինչ արվել եւ արվում է այստեղ, արժե բարձրաձայնել: Ինձ վստահված է ստեղծել խումբ, որը կզբաղվի հասարակայնության հետ կապերով(PR): Ներգրավված են նաեւ երիտասարդներ, ինչը ինձ շատ է ուրախացնում: Վստահ եմ` նրանք ռադիոյին նոր գույներ կտան:

-Ասում են՝ ռադիոն մոգական ուժ ունի: Համամի՞տ եք:

-Այո, ռադիոն իրոք մոգական ուժ ունի: Այստեղ առաջնայինը բովանդակությունն է եւ ձայնի գրավչությունը: Թեեւ համացանցն ընդլայնել է հնարավորությունները, սակայն ռադիոն դեռ պահպանում է իր լսարանն ու դերը, ունի ակնհայտ առավելություն` ուղեկցում է մեզ ամենուր` տանը, ճանապարհին եւ մեքենաներում: Այստեղ դու ձայնով պետք է գրավես:

Արեւիկ Ուդումյանը


-Խոսենք ռադիոյում Ձեր աշխատանքի մասին:

-Հանրային ռադիոն եզակի է մեդիաոլորտում, որի բոլոր արտադրանքները որակյալ են: Այս նախադասությունը գուցե մի փոքր վախեցնի, բայց եզակի դեպքերից է, որ պետք է բարձրաձայնել: Այս դեպքում PR-ը մի կողմից հեշտ է, որովհետեւ չկան հաղորդումներ, որոնք տգեղ են, վատն են, անգրագետ են, որոնց վրա դու պետք է աշխատես, փաթեթավորես, այլ կերպ ներկայացնես: Մյուս կողմից դժվար է  այն առումով, որ այսօր, երբ մատչելի, հեշտ մարսվող արտադրանքն ավելի շուտ է յուրացվում, Հանրային ռադիոյի արտադրանքն այլ է: Նա խոսող ռադիո է՝ իր կարեւոր հաղորդագրություններով: Սա ինձ համար նոր փուլ է նաեւ այն առումով, որ նախկինում հիմնականում ժամանցային հաղորդումներ եմ ստեղծել, իսկ այստեղ զբաղվում եմ բոլոր ժանրերի հաղորդումներով: Անչափ կարեւոր է ինձ համար այստեղի ջերմ մթնոլորտը, առանց որի կյանքիս այս փուլում պարզապես չէի աշխատի: Միգուցե մի քիչ էգոիստ եմ դարձել:):

-Բազմազբաղ ծնողներ եք: Երեխայի խնամքը ինչպե՞ս եք կազմակերպում:

- Թեպետ երկուսս էլ աշխատում ենք, բայց մեր աշխատանքները շատ են տարբերվում: Ի սկզբանե պարզ էր, որ իմ աշխատանքը չի լինելու այնպիսին, ինչպես առաջ էր, համենայն դեպս, այս շրջանում: Շատ կարեւոր է, որ մեզնից մեկը` այս պարագայում ես, ավելի շատ լինի փոքրիկի հետ: Խնամքով հիմնականում զբաղվում եմ ես, բայց երբ Արամը մեզ հետ է լինում, ցանկացած հարցում փորձում է օգտակար լինել:  Մեծ հաճույքով է օգնում, որովհետեւ այնքան շատ է կարոտում, որ նրա հետ անցկացրած ամեն մի րոպեն մեծ հաճույք է պարգեւում:

Արեւիկ Ուդումյանը աշխատանքի է անցել Հանրային ռադիոյում


-Փոքրիկ Ռուբենը հաճա՞խ է հյուր գալիս մայրիկի աշխատավայր:

-Ռադիոն բավականին մոտ է մեր տանը: Դա ինձ համար շատ կարեւոր է: Լավ եղանակին հաճախ եմ ոտքով աշխատանքի գալիս կամ վերադառնում տուն: Աշխատավայրում ամենահաճելի պահերից մեկն էլ այն է, երբ ընդմիջումս կարողանում եմ տրամադրել որդուս: Ռուբենը հաճախ է ռադիոյում հյուր լինում:
Այստեղ բավական գեղեցիկ եւ խնամված այգի ունենք: Սիրում ենք խաղալ այնտեղ:

-Հանդիպումները չե՞ն խանգարում աշխատանքին:

- Իհարկե, չեն խանգարում, հակառակը` օգնում է աշխատանքային օրը շարունակել դրական եւ արդյունավետ: Ցանկացած հանդիպում որդուս հետ շատ էմոցիոնալ է լինում: Միասին վայելում ենք մեր հանդիպման րոպեները, բայց դրանք երկար չեն տեւում: Ինքն իր զբաղմունքներն ունի, առանձին հետաքրքրությունները:

Փոքրիկ Ռուբենը


-Ձեր բացակայության ժամանակ երեխայի խնամքով ո՞վ է զբաղվում:

- Ինչ լավն է մեր քաղաքը, հատկապես իր չափով: Այնքան էլ մեծ չէ, հետեւաբար ցանկացած պահի օգնության են գալիս տատիկը, մորաքույրը, դայակը, իսկ վերջերս սկսել ենք նաեւ երբեմն մանկապարտեզ գնալ, որի տնօրենը մայրս է: Ցանկացած բալիկի համար երեւի թե լավագույն տարբերակն է՝ լինել շրջապատված նոր ընկերներով եւ սիրելի տատիկով: Ուրախ եմ, որ Ռուբենը հենց այս տարիքից փորձում է իրեն գտնել նոր շրջապատում, ընկերներ ձեռք բերել եւ նրանց հետ ընկերություն անել:

-Իսկ հեռուստատեսություն կվերադառնա՞ք:

- Ցանկացած մարդ, ով աշխատել է այնտեղ, կրկին վերադառնալու ցանկություն ունենում է: Սա էլ հեռուստատեսության ձգողականության ուժն է: Էականն այն է, որ ստանամ այնպիսի առաջարկ, որը չի խանգարի իմ գրաֆիկին: Ունեցել եմ որոշ առաջարկներ, բայց հիմա արդեն գործնական առաջարկները ընտանիքով ենք քննարկում եւ հասկանում, թե որքանով է հարմար կամ ոչ այնքան:): Եթե լինի այնպիսի առաջարկ, որն այնքան էլ շատ ժամանակ չի պահանջի, միեւնույն ժամանակ հետաքրքիր կլինի, կհամաձայնեմ:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
 եւ Մանչ Վարդանյանի
Դիմահարդարումը`Մերի Համբարձումյանի/Aga Image studio/
Վարսահարդարումը`Սվետլանա Գասպարյանի/Aga Image studio/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport