«Jazzel» խմբի վոկալիստ, «Հայաստանի ձայնը 2» նախագծի ֆինալիստ Արեւո Գրիգորյանի եւ երաժիշտ-դիջեյ Բագրատ Տերտերյանի՝ Beatman-ի ընտանիքում համալրում է սպասվում։ 2013-ի սեպտեմբերին ամուսնացած երաժիշտների առաջնեկը կծնվի օգոստոսին։ BRAVO.am-ը լուսանկարել է երջանիկ զույգին, զրուցել ընտանեկան, աշխատանքային ու նրանց մտահոգող այլ թեմաների շուրջ։
Բագրատ Տերտերյանը եւ Արեւո Գրիգորյանը
Բարի լուր
Բագրատ. Դեռ լիովին չենք գիտակցում` ինչ է ծնող դառնալը, բայց պատկերացնում ենք ու աննկարագրելի ուրախացել ենք։ Ընկերներիս մեծ մասն արդեն հայր են դարձել, իսկ մեր քավորը՝ Եգոր Գլումովը, չորս երեխա ունի եւ ամեն անգամ էյֆորիայի մեջ է լինում։ Ինչպես ասում են մեր մեծերը, ծնող կդառնաք, կհասկանաք. այդ ճանապարհին ենք:)։
Արեւո. Աղջիկ ենք ունենալու, անունը դեռ չենք ընտրել, չենք կողմնորոշվում։ Ինձ համար հետաքրքիր շրջան է, հաճելի է հղի լինելը, կարծես, բոլորն ուշադիր են իմ հանդեպ, բայց կամակոր չեմ։
Բագրատ. Ուղղակի բնավորությամբ նեղացկոտ է, հիմա ավելի հաճախ է նեղանում, ուրիշ փոփոխություն չեմ նկատել։ Որոշ կանայք դժվար են հղիությունը տանում, բայց երբ մայր են դառնում, նորից են ուզում երեխա ունենալ։ Այնպես որ, պատրաստվիր:): Ուզում եմ բազմազավակ հայր լինել։ Ասում են՝ երեխաները կյանքի ծաղիկներն են, որոնցից պետք է ծաղկեփունջ պատրաստել ու տատիկներին նվիրել, իսկ երկու ծաղկից ծաղկեփունջ չի լինում։
Արեւո. Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Երեխայի խնամքի պարագաներն արդեն գնել ենք, մեծ մասն ինքնուրույն եմ գնում, որովհետեւ Բագրատի հետ չեմ կարողանում շատ խանութներ մտնել։
Բագրատ Տերտերյանը եւ Արեւո Գրիգորյանը
Բագրատ. Գնումների հետ սեր չունեմ, վայրկյանների ընթացքում ընտրում եմ` առանց երկար ման գալու։ Բայց երբ երեխան ծնվի, կարծում եմ` մի 15 վայրկյան ավելի կմնամ:)։
Արեւո. Հիմա ակտիվ եմ, չեմ ուզում տանը մնալ։ Իհարկե, մայրանալուց հետո մի քանի ամիս չեմ աշխատի, բայց նորից բեմ կվերադառնամ։ Հուսով եմ՝ տատիկները կօգնեն, պատրաստ սպասում են։ Նրանք կրկնակի ուրախ են, երկուսիս ընտանիքներում էլ առաջին թոռնիկն է ծնվելու։
Աշխատանքային
Բագրատ. Նույն ոլորտում ենք, ինչի շնորհիվ ավելի լավ ենք իրար հասկանում։ Տանը երկար չենք քննարկում գործնական հարցերը, միայն կիսվում ենք զգացողություններով ու անելիքներով։ Աշխատանքային հարցերը փորձում ենք չբերել տուն, ընտանեկան հարցերն էլ չտանել աշխատանքի։ Երաժշտությունը մեր բոլոր խնդիրները լուծում է, բայց հիմա մեկ գործով ընտանիք պահելը դժվարացել է, կողմնակի գործ եմ նախաձեռնել. բացի ակումբներում նվագելը, ստեղծագործական աշխատանքով ակտիվ կզբաղվեմ։
Արեւո. Հայտնի դառնալը մեծ ֆինանս ու ռեսուրս է պահանջում։ Երկուսս էլ չենք սիրում մեր ծանոթություններն օգտագործել առաջ գնալու համար, այդ առումով շատ նման ենք, սպասում ենք առաջարկների, չենք խցկվում։ Այսօր այդքան հայտնի չենք, որովհետեւ ինքնագովազդով չենք զբաղվում, ինչպես շատերն են անում։ Երգում եմ ջազ, փոփ, սոուլ ոճերում, ինչը կոմերցիոն չէ, նոր երգերի ու տեսահոլովակների վրա ներդրում անելիս չեմ կարող եկամուտ ունենալ։
Բագրատ Տերտերյանը եւ Արեւո Գրիգորյանը
Բագրատ. Սկսել ենք հայկական ֆոլկը նոր գործիքավորմամբ մատուցել։ Կոմիտասի «Կաքավիկ»-ը միասին ներկայացնելուց հետո լավ արձագանք ստացանք, հիմնականում 30 տարեկանից բարձր մարդիկ հավանում են։ Կոմիտասի երգեցողությունը պահպանել ենք, ուղղակի ժամանակակից հնչյուններով է։ Երաժշտական ասպարեզում ցանկացած ժանր տեղ ունի, եթե որակյալ է։ Հիմա հայալեզու երգեր ենք լսում, որ մեր երգարվեստից շատ հեռու են, կողքի երկրների նմանակումներ են հայերեն բառերով։ Ցավալին այն է, որ այդ երգիչները ճանաչում ունեն սփյուռքում. վատ որակից մտահոգված եմ։ Իհարկե, գումար են աշխատում, բայց այդ վատ երաժշտությամբ սերունդ է մեծանում։ Արդեն վախենում եմ, թե ինչ երաժշտությամբ են երեխաներին դաստիարակում, ում հետ է իմ երեխան դպրոց գնալու։
Արեւո. Նոր ստեղծվող երգերն իսկապես մտահոգող են։ Բազմաթիվ երգիչների հետ եմ աշխատել, բեմ բարձրացել որպես բեք-վոկալիստ, ամենից շատ՝ Արամ MP3-ի հետ։
Բագրատ. Արամի մենահամերգին Արեւոն բեք-վոկալիստների շարքում էր, ես էլ առաջին անգամ բեմում էի որպես դիջեյ, բիթբոքսեր։ Այդ համերգի էներգիան կյանքում չէի զգացել։ Բեմից տեսնում էի, թե ինչ էր կատարվում դահլիճում, հիանալի էր։
Ապագայի պլաններ
Արեւո. Արտերկիր տեղափոխվելու ցանկություն ունեմ. իմ երաժշտական ոճում հեռանկարները դրսում շատ են։ Հայաստանում պահողը Բագրատն է։
Բագրատ Տերտերյանը եւ Արեւո Գրիգորյանը
Բագրատ. Երկար ժամանակ ապրել եմ Մոսկվայում(5-22 տարեկան), երաժշտական կրթությունս այնտեղ եմ ստացել։ Մոսկվան սիրում եմ, շատ բան եմ այնտեղ սովորել, բայց միանշանակ Հայաստանն եմ սիրում ու նախընտրում. գնալը միշտ էլ կա, հիմա ցանկություն չունեմ։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է «Cafe Berlin»-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: