Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտից հետո, որպես կանոն, գալիս է Հայաստան` հանգստանալու եւ “ոգեշնչվելու”:
“Առաջնությունը միշտ տվել եմ հայ աղջիկներին”. Արթուր Աբրահամ
Հերթական հաղթանակից հետո բռնցքամարտիկը կրկին Երեւանում է: Մեզ հետ չեմպիոնը խոսել է երկրպագուների համար ունեցած անակնկալի եւ իր նախասիրությունների մասին: Ի դեպ, Արթուր Աբրահամը նշել է, որ BRAVO.am-ի հիմնական ընթերցողներից է եւ Գերմանիայում շատ հաճախ է հետեւում մեր հրապարակումներին:):
Երեւանում հանգստանում է
Ինչպես միշտ, շատ հաճելի է, որ գրեթե ամեն մենամարտից հետո ինձ հաջողվում է գալ Հայաստան ու մի փոքր ոգեշնչվել: Ես կարոտում եմ իմ հայրենիքը, սիրում եմ այստեղ անցկացնել գոնե մի քանի շաբաթ: Իմ հողն ու ջուրը, որ տենում եմ, ես արդեն հանգստանում եմ: Լինում եմ տատիկիս, քույր-եղբայրներիս, ընկերներիս կողքին. սա է իմ հանգստությունը: Ամեն անգամ Երեւան գալուց այցելում եմ պապիկիս շիրմին: Երեւանում ամենից շատ սիրում եմ այն տունը, որտեղ ծնվել եմ: Հիմա ապրում եմ այնտեղ:
“Մեր ազգը չի սիրում ցածր մակարդակի վրա մնալ՝ կամ բարձր է, կամ չկա”.Արթուր Աբրահամ
“Կամաց-կամաց զարգանում ենք”
Երեւան ամեն այցիս ժամանակ լավ փոփոխություններ եմ նկատում: Նոր ավտոբուսներն էլ քաղաքին լավ տեսք են տվել: Կամաց-կամաց զարգանում ենք:
“Մեր ազգը չի սիրում ցածր մակարդակի վրա մնալ”
Սիրում եմ ֆուտբոլ: Դա իմ հոբբին է: Հուսով եմ, որ մեր ֆուտբոլը զարգանալու է: Ուզում ենք, որ մեր թիմը միանգամից դառնա աշխարհի չեմպիոն, բայց այդպես չի լինի: Հավատացեք՝ որոշ ժամանակ անց կհասնենք աշխարհի մակարդակին, մեր ազգը չի սիրում ցածր մակարդակի վրա մնալ՝ կամ բարձր է, կամ չկա: Հուսով եմ, որ մեր ֆուտբոլը ավելի շատ կզարգանա ու “Արարատ 73”-ի նման լավ արդյունքների կհասնի:
Արթուր Աբրահամը
“Կարեւորը՝ հաղթանակը մերն է”
Արթուր Աբրահամը պատմել է, որ վերջին մենամարտի իր մրցակիցը՝ լեհ Պյոտր Վիլշեւսկին, “շատ պինդ տղա է եղել”, ինքն էլ լավ չարչարվել է. “Բայց առանց չարչարանքի չես հաղթի: Կարեւորը՝ հաղթանակը մերն է: Դա ինձ որակավորում տվեց. հիմա ես WBO վարկածով առաջինն եմ, որը պարտավոր է մենամարտել աշխարհի չեմպիոնի հետ”:
Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին` Գերմանիայում` Բեռլինում կամ Համբուրգում: Հայ բռնցքամարտիկի հավանական մրցակիցները երկուսն են լինելու` Ռոբերտ Շտիգլիցը կամ Ջորջ Գրովսը. “Երկուսը միասին կմենամարտեն, իսկ ես ռինգ դուրս կգամ հաղթողի հետ: Իմ կարծիքով՝ Ռոբերտ Շտիգլիցը կհաղթի: Նա նույնպես ապրում է Գերմանիայում, եւ Գերմանիայի երկրպագուների համար շատ ավելի հետաքրքիր մարտ է լինելու”,- նշել է նա:
“Երեւանում ամենից շատ սիրում եմ այն տունը, որտեղ ծնվել եմ”.Արթուր Աբրահամ
Մարտի օրն Արթուրը կզարթնի առավոտյան 8-ին, 8:30-ին կնախաճաշի, 10-ին կմարզվի եւ 3 կմ կվազի, կսափրվի, ժամը 13:00-ին կճաշակի հնդկահավի միս եւ սպագետի, 30 րոպե կզբոսնի, հետո 2 ժամ կքնի, իսկ ժամը 5-ին կարթնանա ու ավանդույթի համաձայն՝ մարզիչը կգա իրեն հաջողություն մաղթելու, հետո էլի կզբոսնի, 18:30-ին սպագետի կուտի, իրերը կդասավորի ու կսպասի մարտին, ինչպես անում է արդեն 8 տարի շարունակ: Իր համար նման օրակարգ սահմանել են հատուկ մասնագետները:
Սրտի վրա հետք է թողնում
Պարտությունների ժամանակ ծանր հոգեվիճակից դուրս գալու համար Արթուրն աշխատում է շատ չմտածել անհաջողության մասին. “Անկեղծ ասած` ոչինչ էլ չի օգնում, դա մնում է մարդու սրտի վրա, հետք է թողնում: Հաղթանակները սովորական բան են դառնում, բայց երբ մեկ պարտություն է լինում, հոգուդ վրա ծանր է նստում: Ես միշտ գնում եմ հաղթելու, իմ դեպքում պարտություն չկա, ես միշտ գնում եմ դեպի հաղթանակ. դա է իմ մոտիվացիան:)”:
“Առանց չարչարանքի չես հաղթի”. Արթուր Աբրահամ
“Հայաստանում մարտ ունենալն իմ երազանքն է”
Արթուր Աբրահամն ասել է, որ Հայաստանում մարտ կազմակերպելու մեծ ցանկություն ունի, բայց դրա համար նաեւ հնարավորություններ են պետք. “Մեր ընկերը` Վիկը, կազմակերպել էր, ինձ ասաց, որ դժվար է: Հայաստանում մարտ ունենալն իմ երազանքն է, այդ դեպքում ես հպարտ կլինեմ…”:
Հաղթանակած ձեռնոցներն աճուրդի են հանվում
Ամեն անգամ նոր ձեռնոցով ռինգ դուրս եկող բռնցքամարտիկը պատել է, որ “հաղթանակած” ձեռնոցներն աճուրդի են հանվում.“Կա մի հիմնադրամ, որտեղ տրամադրում եմ իմ
“հաղթանակած” ձեռնոցները, նրանք աճուրդ են կազմակերպում եւ հասույթը տրամադրում արյան քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին”:
“Որոշ ժամանակ անց մեր ֆուտբոլով կհասնենք աշխարհի մակարդակին”. Արթուր Աբրահամ
Ինչպիսի՞ն կլինի Արթուր Աբրահամի երկրորդ կեսը
Խոսելով անձնական կյանքից` Արթուր Աբրահամը նշել է, որ նորություն ունի. “Շուտով կասեմ: Օրինականացնենք հարաբերությունները, նոր ասենք”: Բռնցքամարտիկն ասել է, որ այս հարցում միշտ առաջնությունը տվել է հայ աղջկան. “Ամեն հայ սիրում է խելացի, ուրախ, շնորհքով, ոչ ձանձրալի աղջիկ, սիրված ոչ միայն իր ամուսնու, այլ նաեւ հասարակության կողմից”: Նա անդրադարձել է նաեւ այն շշուկներին, թե իր եւ Գոհար Գասպարյանի միջեւ կապ կա. “Գոհար Գասպարյանի հետ լավ ընկերներ ենք, շատ հարգում ու սիրում ենք իրար: Ուրիշ ոչինչ չկա”:
Արթուր Աբրահամը Գերմանիա կմեկնի ապրիլի 21-ին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: