“Mix Battle Fest”. այսպես է կոչվում մարզական միջազգային փառատոնը, որի շրջանակում օրերս առաջին անգամ միջոցառում է անցկացվել նաեւ մեր մայրաքաղաքում: Խուլուհամրերի մշակույթի կենտրոնում ցուցադրական ելույթներով են հանդես եկել “Street Workout”(Բակային մարզումներ), մարզական մարմնամարզություն, պարկուր, բրեյք դանս, կապոեյրա, բազկամարտ, բատուտ մարզաձեւերը ներկայացնող թիմերը, նաեւ տեղի է ունեցել կապոեյրան ընդդեմ պարկուրի, վորքաութն ընդդեմ բրեյք դանսի մրցապայքար:
Արթուր Աբրահամը` երեւանյան “Mix Battle Fest-2014”-ի հատուկ հյուր
Հաղորդավար Արման Մարգարյանը հայտարարել է ինչպես թիմերի, այնպես էլ մրցութային հանձնաժողովի անդամների անունները, որոնց շարքում են եղել փառատոնի հատուկ հյուրեր սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Ուկրաինայից ժամանած “Street Workout” միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը եւ փողոցային վորքաութի աշխարհի չեմպիոն Եվգենի Կոչերգան:
“Street Workout” միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը
Հանձնաժողովի անդամ Արթուր Աբրահամը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մարզիկների ելույթներն իրեն հաճույք են պարգեւել.“Լինելով մարզիկ` ոգեւորվում եմ մարզական այսպիսի միջոցառումներից: Շատ ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդները առողջ ապրելակերպ են վարում եւ իրենց սերունդներին էլ այդպես կդաստիարարակեն”:
Կապոեյրայի ցուցադրական ելույթներ` “Mix Battle Fest-2014”-ին
Կապոեյրայի` պարի ռիթմերով բրազիլական մարտարվեստի հայկական թիմը ներկայացել է 7 հոգով: Մեդիամաքսի աշխատակից Սիրվարդ Ամատունին կապոեյրայով զբաղվում է շուրջ 7-8 ամիս, իսկ նմանատիպ փառատոնի մասնակցում էր առաջին անգամ.“Մեր խումբը կազմավորվել է 6 տարի առաջ եւ նպաստում է այս մարտարվեստի տարածմանն ու զարգացմանը Հայաստանում: Այս ելույթով ինքս ինձ համար հաղթանակ գրանցեցի. նախքան պարապելը վախենում էի, որ շատ հնարքներ չեմ կարողանա կատարել, բայց մեր մարզչի ու համառ աշխատանքի շնորհիվ հաղթահարեցի վախերս”:
Երեւանյան փառատոնի կազմակերպիչը Հայաստանի “Street Workout & Streetlifting” ֆեդերացիան է, որը նպատակ ունի զարգացնել փողոցային ուժային մարզումների մշակույթը եւ առողջ ապրելակերպ քարոզել:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: