Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցավ “Վրիժառուի օրագիրը” ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը: Ամերիկյան արտադրության “Վրիժառուի օրագիրը” ֆիլմի պրեմիերային ներկա էին գլխավոր դերակատարներ Արման Նշանյանը, Ջեսիկա Ուբերուագայը, Փոլ Սլոնը, Մայք Հեթոնը: Միջոցառման ընթացքում ամերիկացի դերասանները շփվում էին ներկաների հետ, լուսանկարվում, պատասխանում հարցերին եւ շնորհակալություն հայտնում ներկա գտնվելու համար:
Ջեսիկա Ուբերուագայն ու Արման Նշանյանը
Ֆիլմի առաջին հատվածը նկարահանվել է Լոս Անջելեսում, իսկ երկրորդն այս օրերին նկարահանվում է Հայաստանում: Սյուժեի համաձայն, գլխավոր հերոսները ներկա են լինում ֆիլմի պրեմիերային, եւ երեկ հենց կարմիր գորգի վրա տեղի ունեցան ֆիլմի երկրորդ հատվածի նկարահանումները:
Երբ բոլորը պատրաստ էին դիտելու “Վրիժառուի օրագիրը”, որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան. ֆիլմի ձայնային հատվածը անհասանելի էր: Բրիտանական դրոշի պատկերներով կոստյումը կրող դերասան, պրոդյուսեր Մայք Հեթոնը հայերեն լեզվով կոչ արեց դադարեցնել ցուցադրությունը. “Ձայն չկա, նորից սկսեք”. տեխնիկական խնդիրը լուծվելուց հետո հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ գնահատելու ֆիլմը:):
Մարտաֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում: Ապրիլի 17, 2013 թվական. կինոռեժիսոր Մայքլ Հանովերն ինտերնետային սենսացիա առաջացրեց, երբ իր նկարահանած “Վրիժառուի օրագիրը” վավերագրական շարքը տարածվեց համացանցում: Ֆիլմը “սուպերհերոս վրիժառուի” սխրագործությունների մասին էր եւ բացահայտում էր Լոս Անջելեսի մի հայ մաֆիոզ ընտանիքի պատմությունը:
Մայք Հեթոննն ու Աննա Հարությունյանը
Արման Նշանյանի խոսքով, ի սկզբանե իրեն առաջարկել էին մարմնավորել իտալացի մաֆիոզի կերպարը, սակայն նա նախընտրել է իտալացու փոխարեն հայի դերում լինել: Հենց նրա առաջարկով էլ ֆիլմի երկրորդ հատվածը նկարվում է Հայաստանում:
Արմանը պատմել է, որ իր առջեւ դրված խնդիրն է եղել մարմանվորել այն կերպարը, որ գրել է սցենարիստը եւ որը համընկնում է ռեժիսորի պատկերացման հետ. “Ռեժիսորի ու սցենարիստի հետ շատ մտերմացել ենք: Նրանց առաջարկեցի որոշ տեսարաններ ու հատվածներ փոխել, նրանք էլ հավանեցին եւ ընդառաջեցին ինձ: Իմ կերպարն Անդրեասն է, ով փախնում է Հայաստան, բայց որոշում է չթաքնվել այստեղ, քանի որ հայ ժողովրդի համար նա բարերար է: Ֆիլմում ոճաբանի հետ չենք աշխատել, ռեժիսորի հետ ենք քննարկել բոլոր մանրուքները: Ի դեպ, նա հաշվի էր նստում մեր կարծիքների հետ”
Աշոտ Ղազարյանը կնոջ` տիկին Մելանիայի հետ, Շաքե Թուխմանյանը, Ժան Նշանյանը եւ Հրանտ Մովսիսյանը
Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ուբերուագան, որը հայտնի է «City Gym», «Gutshot Straight» ֆիլմերից, պրեմիերայից առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ, ինչպես դերասանական կազմից շատերը, ինքն էլ առաջին անգամ է Հայաստանում եւ ակնկալում է` հանդիսատեսը կհավանի ֆիլմը. “Ֆիլմը նախապես տեսել եմ, եւ այն ինձ դուր է եկել: Հույս ունեմ, որ դուք էլ կհավանեք: Հանդես եմ եկել համարձակ, մի քիչ խորհրդավոր կերպարում: Ֆիլմում վարսերս կարմիր գույնի են, բայց չեմ գունափոխել, կեղծամ եմ օգտագործել, որը ֆիլմի ավարտին հանում եմ: Երկրորդ հատվածում կլինեմ իմ բնական շագանակագույն վարսերով”, - պատմել է դերասանուհին եւ նշել, որ հավանել է Հայաստանի ջերմ միջավայրն ու մարդկանց:
Գլխավոր դերակատար եւ ֆիլմի սցենարիստ Փոլ Սլոնը ֆիլմի վրիժառուն է, որը հետապնդում է ազգությամբ հայ Անդրեասին. “Արմանի կերպարը կարծես Ջեյմս Բոնդը լինի՝ մեծ շրջապատով ու ֆինանսական հնարավորություններով: Մենք իրար դեմ ենք կռվում”: Ի դեպ, Փոլը եւ պրոդյուսերներից մեկը՝ Նիկ Վալելոնգան, Հայաստան են ժամանել Ջոն Տրավոլտայի նոր ֆիլմի նկարահանումից անմիջապես հետո:
Ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու առաջարկ է ստացել նաեւ դերասանուհի Աննա Հարությունյանը: Աննայի խոսքով, նա լինելու է երիտասարդ մոր կերպարում: Նկարահանումների իր հատվածը կլինի Սաղմոսավանքում: Արման Նշանյանի փոխանցմամբ, երկրորդ հատվածի նկարահանումներն ավարտին կհասցվեն Միացյալ Նահանգներում, իսկ պրեմիերան նախատեսված է 2016-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: