×


“Արմենիա” 7-րդ մրցանակաբաշխությունն եւ Ալեն Դելոնը` 70 կադրում :)

“Արմենիա” երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությունն իրականություն դարձավ նախորդ շաբաթ օրը` Մոսկվայում մեկ հարկի տակ համախմբելով շոու-բիզնեսի, մշակույթի հայ, ռուս եւ այլ ազգերի հայտնի ներկայացուցիչների, բազմաթիվ հանդիսատեսների, եւ, իհարկե,   աշխարհահռչակ ֆրանսիացու:):

Ալեն Դելոնն արժանացել է "Լեգենդ" հատուկ մրցանակին


Մոտ հինգ ժամ տեւած երեկոյի ընթացքում արված լուսանկարները, որոնք էլ ներկայացնում ենք, BRAVO.am-ին տրամադրել է “Armenia Music Awards”-ի կազմակերպիչ “Արմենիա Փրոդաքշն”-ը, զրուցել ենք նաեւ ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի հետ.  

-7-րդ “AMA”-ն ի՞նչով էր առանձնահատուկ:

-Եթե սինվոլներին հավատանք, ապա 7-ը շատ խորհրդանշական թիվ է: Եվ քանի որ այս կյանքում ինչ-որ բան կրկնելն անհնար է, կարող ենք ասել, որ 7-րդը յուրահատուկ էր նրանով, որ նման չէր նախորդներին, ուրիշ էր: Կարծում եմ` ծրագիրը հաջողվեց. շատ մասշտաբային էր, դիտարժան, գեղեցիկ, թեեւ հանդիսատեսը պետք է գնահատի:

"Արմենիա" երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությանը


 -Այս տարի մրցանակաբաշխության անցկացման վայրն էր փոխվել, պատճառը կնշե՞ք, ինչքանո՞վ էր դա նպատակահարմար եւ արդյոք ազդե՞ց հանդիսատեսի թվաքանակի վրա: 

-Համերգասրահը փոխվեց, որովհետեւ այս ընթացքում Կրեմլի դահլիճում Դյուսալիի կրկեսն է ներկայացումներով հանդես գալիս: “Ցավոք սրտի”, ստիպված էինք ալտերնատիվ հարթակ գտնել, եւ քանի որ “Ռոսիա”-ն կամ  “Լուժնիկի”-ն շատ պրոֆեսիոնալ համերգասրահ է, ընտրեցինք հենց դա: Գուցե որոշ մարդիկ չեկան միջոցառմանը, որովհետեւ ցանկացած համերգասրահ ունի իր հիմնական հանդիսատեսը, իսկ գլոբալ առումով` դահլիճը 8.5 տոկոսով լիքն էր, կարմիր ֆանտաստիկ գորգ կար, որն, ի դեպ, դժվար է ապահովել Կրեմլում: Տեխնիկական պատճառներով “հոլիվուդյան” գորգի հատվածը չի հեռարձակվել, ինչը հեռուստադիտողները հնարավորություն կունենան կիրակի օրը տեսնել Հանրայինի եթերում: Չեմ կարող ասել, թե հաջորդ տարի եւս երեկոն այստեղ կիրականացնենք, բայց նաեւ ափսոսանքի զգացում չկա, որ այս տարի այդպես վարվեցինք:

"Արմենիա" երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությանը


-Ալեն Դելոնը, չնայած առողջական խնդիրներին, ժամանեց Մոսկվա` հատուկ մրցանակաբաշխությանը մասնակցելու: Հե՞շտ էր պայմանավորվածություն ձեռք բերել անվանի այս արտիստի հետ, իր մասնակցության համաձայնությունը ստանալ: Եվ հիվանդանոց տեղափոխվելու լուրը լսելով` արդյո՞ք մտավախություն չունեցաք, որ կհրաժարվի  ներկայանալ:     

-Ալեն Դելոնը համաշխարհային մեծություն է, մարդ, որին բոլորը շատ սիրում են: Նա այն աստղերից է, որոնց “հասնելը” շատ դժվար է: Նաեւ ասեմ, որ այս աստղն այնքան վառ է փայլում, որ եթե չհասնեինք էլ, ինքը մեզ կհասներ եւ կտաքացներ:): Բանակցությունները շուրջ կես տարի են տեւել: Մեծ հաճույքով ընդունեց հրավերը, ասաց, որ շատ է սիրում հայերին, հարգանքով է վերաբերվում մեր ազգի պատմությանը: Եվ, ցավոք, առողջական խնդիրներ ի հայտ եկան: Իհարկե, այդ լուրը մեզ փոքր-ինչ վախեցրեց, հուզեց առաջին հերթին նրա համար, որ առողջ լինի, եւ երկրորդը` գալ-չգալու հարց ծագեց: Չնայած նրան, որ իր անձնական բժիշկն ու մենեջերը կտրականապես դեմ էին, Դելոնը պնդել է, որ պետք է գա եւ ստանա մրցանակը, ելույթ ունենա հայ հանդիսատեսի առջեւ, ինչը մեզ համար կրկնակի հաճելի էր, շատ շնորհակալ ենք, Աստված իրեն երկար տարիների կյանք ու առողջություն թող տա, որ հաճախ մեզ ուրախացնի իր ներկայությամբ:

"Արմենիա" երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությանը


-Ինչպես “Իտառ-Տաս”-ն է հաղորդել, մրցանակաբաշխությունից առաջ Ալեն Դելոնը կրկին իրեն վատ է զգացել, եւ շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն է առաջացել:

-Իսկապես, մրցանակաբաշխության ժամանակ պահ եղավ, երբ իրեն վատ էր զգում, բայց մեծ հիմարություն է, թե մենք շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ առաջին հերթին, Մոսկվայում տեղի ունեցող մեծամասշտաբ  միջոցառումների ժամանակ, օրենքի համաձայն, հերթափահում են շտապօգնության երկու մեքենա, բժիշկները պատրաստ են սպասարկել ոչ միայն Ալեն Դելոնին, այլեւ Վալերի Սահարյանին եւ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը կունենան: Ալեն Դելոնի համար խնդրեցինք, որ բժիշկը գա, արտիստը խնդրեց, որ ոչ ոք դիմահարդարման սենյակ չմտնի, երեք րոպե հետո ասաց` իրեն հրաշալի է զգում, բժշկական միջամտության կաիրք չի եղել, իսկ թե ինչպես էր իրեն զգում բեմի վրա, տեսել եք` շնորհավորեց, սեր խոստովանեց:

Վալերի Սահարյանը բոլոր հայերի անունից գրկել է Ալեն Դելոնին


-Բոլոր հայերի անունից գրկեցիր Դելոնին: Իր հետ շփումից ստացած տպավորություններովդ կիսվիր:):

-Կարծում եմ` շատ լավ բան արեցի, որովհետեւ նման շանս տրվում է ամբողջ կյանքում մեկ անգամ ու դրանից չօգտվելը, ինձ թվում է, առնվազն մեծ սխալ կլիներ: Հիմա, երբ հայերի եմ տեսնում, գրկում եմ, որ փոխանցեմ այդ ջերմությունն ու այն ամենը, ինչ ինձ փոխանցեց Ալեն Դելոնը:

Նշենք, որ “Արմենիա” մրցանակաբաշխության շրջանակներում “Տարվա երգչուհի” է ճանաչվել Սոնա Շահգելդյանը, “Տարվա հայտնություն” անվանակարգում հաղթել են Նարինե Դովլաթյանն ու Էյջինը, “Տարվա հիթը” Ինգա եւ Անուշ Արշակյանների “Իմ անունը Հայաստան է” երգն է, “Դորիանս” ռոք-խմբի “Fly”-ն էլ` “Լավագույն սկավառակը”:

"Արմենիա" երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությանը


Արտերկրում ամենահայտնի երգիչը Արման Հովհաննիսյանն է, “Ժողովրդական երգերի լավագույն կատարողը”` Թովմաս Պողոսյանը, “Կախարդական ձայն” ունի ստամբուլաբնակ երգչուհի Սիբիլը: Գերմանիայից Մերի Ոսկանյանը “Wake up Armenia” երգի շնորհիվ հատուկ մրցանակի է արժանացել` Հայաստանի մասին լավագույն երգը կատարելու համար: Հատուկ մրցանակի են արժանացել նաեւ “Գոհար” համույթն ու “Նվիրիր կյանք”  հիմնադրամը:

Կոմեդիայի ժանրի լավագույն արտիստը Միխայիլ Գալուստյանն է, “Լավագույն ջազ կատարողը”` Էմմա Ասատրյանը: Հաղթողներ են եղել նաեւ այլ մի շարք անվանակարգերում, բոլոր ելույթ ունեցողներին բազմաթիվ վարդեր են նվիրվել:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` armeniamusicawards.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW