Մայրության բերկրանքն արդեն չորս տարի վայելում է Արմինկան: Երգչուհու կյանքի փոքրիկ տղամարդը` որդին, նրա ամեն օրը տոն է դարձնում: Այդ տոներից մեկին ականատես եղավ BRAVO.am-ը, երբ օրեր առաջ այցելեց նրանց բնակարան: Ալեքսը նախ ցույց տվեց իր խաղալիքները, հետո մայրիկի հետ երգեց եւ նվագեց, պատմեց սիրելի հեքիաթներից մեկը, վերջում էլ շոկոլադ հյուրասիրեց, իսկ Արմինկան բացահայտեց տղայի նախասիրությունները եւ բնավորության գծերը:
Արմինկան` որդու` Ալեքսի հետ
Երբ Ալեքսն ավելի փոքր էր, ավելի հեշտ էր:): Մենք շատ կապված ենք իրար եւ օրվա մեծ մասը միասին ենք անցկացնում: Շատ է տխրում, երբ երկրից բացակայում եմ. վերջին անգամ կարոտից ջերմում էր: Աշխատում եմ երկար ժամանակով հյուրախաղերի չմեկնել, երբեմն էլ միասին ենք ճամփորդում:
Երբ ինձ ցույց են տալիս հեռուստատեսությամբ, ուրախանում է, բացականչում եւ բոլորին կանչում դիտելու, իսկ առաջ խանդում էր. անջատում էր հեռուստացույցը եւ անգամ իմ դեմքն էր փակում:
Որդիս շատ նախասիրություններ ունի: Սիրում է լողալ, հետաքրքրվում է ավտոմեքենաներով, հաճույքով խաղում է բակում, բայց ավելի շատ սիրում է նկարել: Երեք տարի է` հաճախում է նկարչության խմբակ, շուտով էլ կկողմնորոշվի, թե ինչ մարզաձեւով է ուզում զբաղվել: Հայրիկիս երազանքն էր, որ տղաս կարատեի հաճախի, մենք դա պարտադիր իրագործելու ենք:
Արմինկան` որդու` Ալեքսի հետ
Հեքիաթների սրահար է. օրվա մեջ մի քանի անգամ նրա համար կարդում եմ: Հատկապես սիրում է “Կարմիր գլխարկը”, “Մոխրոտը” եւ “Գնդլիկ բոքոնիկը”: Հաճախ իմպրովիզներ ենք անում. Ալեքսը հայտնվում է հեքիաթում եւ իր ձեւով փրկում հերոսներին: Միայն թե “Մոխրոտ”-ում ծավալվող գործողություններին չի մասնակցում:):
Շատ կոկիկ տղա է, համառ է, սիրում է իր ասածի տերը լինել, ուժեղ կամք ունի: Նաեւ լսող է, օգնում է, որ խաղալիքները հավաքենք: Պետք է տեսնեք, թե ինչպես է հանում իր գիշերազգեստը, ծալում եւ տեղավորում:
Սովորելու հանդեպ սեր ունի: Արդեն անգիր գիտի հայոց այբուբենը եւ “Հայր մեր”-ը, երբեմն էլ միասին մաթեմատիկական փոքրիկ խնդիր ենք լուծում: Մանկապարտեզում նրանից շատ գոհ են, ասում են` կազմակերպված է:
Արմինկայի որդին` Ալեքսը
Սիրում է իմ “Հեքիաթ”-ը: Երբեմն բռնացնում եմ իմ տեսահալովակը դիտելիս. ինձ հավասար երգում է: Ափսոս, դեռ չեմ հասցրել տեսագրել նրան այդ պահին:
“Չի կարելի” արտահայտությունը շատ չեմ օգտագործում: Ալեքսին ընդունում եմ որպես անհատականություն, հաշվի եմ առնում իր կարծիքը եւ տալիս եմ ազատ ընտրության հնարավորություն: Մայրս եւ ընկերներս երբեմն ասում են, որ տղայիս հետ խոսում եւ վերաբերվում եմ ինչպես մեծի: Շատ գրականություն եմ կարդում եւ դաստիարակչական մեթոդներիս արդյունքը տեսնում եմ:
Տղաս մայրիկի պես մարդաշատ վայրեր չի սիրում, եւ երբ տեսադաշտիցս կորում է, գտնում եմ, օրինակ, մի անկյունում նստած խնձոր ուտելիս:): Ամեն անգամ ինչ-որ բան անելիս ինձ հարցնում է, երբեմն էլ կարող է ասել.“Մամ, թույլ կտաս խաղալ”:
Արմինկան
Շատ ուշադիր է ինչպես իմ, այնպես էլ տատիկի եւ մորաքրոջ հանդեպ: Նոր բան կրելիս միշտ արժանանում ենք նրա հաճոյախոսությանը: Հաճախ ասում է.“Մամ ջան, շատ սիրուն ես”: Ժամանակին չէր սիրում, երբ մազերս պոչ էի կապում, միշտ քանդում էր:):
Օրվա ընթացքում միլիոն անգամ ասում է, որ սիրում է ինձ: Վերջին խոստովանությունն էլ հետեւյալն էր.“Մամ, դու չգիտես, թե որքան եմ քեզ սիրում”, պատասխանեցի.“Գիտեմ, տղաս”, ասաց.“Չէ, չես հասկանում` ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան դու` ինձ”, նաեւ նշում է.“Ես պետք է հարյուր գիշեր չքնեմ, որ անդադար ասեմ` սիրում եմ քեզ”:
Ի դեպ, զրույցի վերջում Ալեքսը մեկ անգամ եւս արտահայտեց իր սերը մայրիկի հանդեպ. գրկեց Արմինկային եւ ասաց.“Люблю”:):
Յանա Դանիելյանին եւ դստերը` փոքրիկ Ադելին, մեր անդրադարձը կարդացեք այստեղ:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: