BRAVO.am-ն օրեր առաջ պատմեց Լիլիթ Մովսիսյանի “Me Too”/“Ես էլ”/ ֆիլմի` “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցած ցուցադրության մասին, իսկ այս հրապարակման թեման ռեժիսորի նոր` “Կաուչո” ֆիլմն է, որի պրեմիերան կլինի շուտով:
Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը շուտով կներկայացնի իր նոր` "Կաուչո" ֆիլմը
“Կաուչո”-ի հերոսները` ռեժիսորը, դերասանն ու դերասանուհին, որոնց մարմնավորել են Արսեն Գրիգորյանը, Մանվել Խաչատրյանը եւ Լուսի "Lucie" Աբդալյանը, մեր օրերում “վերապրում” են այն, ինչ նախորդ դարում գրել է Վիլյամ Սարոյանն իր “Պինգ-պոնգ խաղացողները” պիեսում:
Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
“Մի դերասանուհի էլ է նկարահանվել, որի ներկայությունն իմ ֆիլմերում մինչ օրս էպիզոդիկ է, բայց շատ կարեւոր ինձ համար: Խոսքը Նազենի Հովհաննիսյանի մասին է: Սպասում եմ այն օրվան, երբ կզանգահարեմ նրան ու կասեմ` ֆինանսավորում կա, մեծ ֆիլմ եմ նկարահանում, գլխավոր դերում էլ քեզ եմ տեսնում, համաձա՞յն ես արդյոք նկարահանվել”,-մեզ հետ զրույցում նշել է Լիլիթ Մովսիսյանը` հավելելով, որ ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ դերասանուհիներ Ելենա Վարդանյանն ու Ագապի Աբրոյանը:
Ռեժիսորի փոխանցմամբ` ֆիլմի նկարահանումները տեւել են 10-ը օր. “Բայց երեք ամիս ուսումնասիրում էի այն թիմը, որի հետ պետք է աշխատեի, իհարկե, բացառությամբ Արսենի. ինձ համար առաջնայինը մարդու տեսակն է: Այսպիսի թիմ միշտ եմ երազել եւ այն ունենալը մեծ հաղթանակ եմ համարում”:
"Կաուչո" ֆիլմի նկարահանումներին
Լիլիթ Մովսիսյանը նշել է, որ “Կաուչո”-ն կոմերցիոն ֆիլմ չէ.“Այստեղ բոլորը պարզ են, անկեղծ ու բաց: Նկարահանումների ժամանակ բոլորը շնչում էին, զգում ու ապրում այն, ինչ կատարվում էր աշխարհում, որն անվանել էին Կաուչո”:
““Կաուչո”-ն քարոզներ ու “մեսիջներ” չունի, քանի որ այդ բառերի մեջ ես պարտադրող բաներ եմ նկատում: Ֆիլմը չի պարտադրում ու խնդրում է չպարտադրել: Այն ընդամենն ասում է` դուք լավն եք, ինչ-որ անում եք` անելու էիք, ինչ-որ լինելու է, կլինի, բայց, ահա, այս էլ կա”,-BRAVO.am-ին ասել է ռեժիսորը եւ կատակել. “Ֆիլմը դիտելիս հանկարծ չմոռանաք կրել 3D ակնոց, գուցե այն օգնի ձեզ ներխուժել հերոսների աշխարհ:)”:
Լիլիթ Մովսիսյանը եւ Լուսի "Lucie" Աբդալյանը "Կաուչո" ֆիլմի նկարահանումներին
Խոսելով “Կաուչո”-ի ստեղծագործական կազմի մասին` Լիլիթ Մովսիսյանը նշել է, որ ֆիլմի համահեղինակը Արսեն Գրիգորյանն է, սցենարիստը` Շողեր Պետրոսյանը, որն իր խառն ու երբեմն անհասկանալի մտքերից այնպիսի սցենար է գրել, որի հիման վրա ֆիլմ չնկարահանելն ուղղակի հանցագործություն կլիներ, օպերատորը Վազգեն Մարտիրոսյանն է, որը թույլ է տվել Լիլիթին որպես հեղինակ ամբողջովին գտնել իր ձեռագիրը, կոմպոզիտոր Կառլոս Պրոտեուսին /Carlos Proteus/ հաջողվել է շատ ճիշտ զգալ “Կաուչո”-ն ու երաժշտություն գրել այս ֆիլմի մասին ու ֆիլմի համար, նկարիչ Գոհար Պարույրյանը ֆիլմը պարուրել է իր պոետիկ գույներով, դիմահարդար Հասմիկ Մուրադյանի մասին ռեժիսորը պատրաստ է մի քանի հատոր գրել:):
Կառլոս Պրոտեուսը եւ Հասմիկ Մուրադյանը
Ռեժիսորի խոսքով` սա իր առաջին համագործակցությունն է պրոդյուսեր Ինգա Գասպարյանի հետ, ֆիլմն էլ նորաստեղծ “Seven Lines Entertainment”-ի առաջին արտադրանքն է.“Վստահ եմ, որ վերջինը չէ, քանի որ արդեն իսկ նոր պլաններ ունենք: “Կաուչո”-ի ստեղծմանն աջակցել են նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու “Apateos” ընկերությունը”:
Մանվել Խաչատրյանը "Կաուչո" ֆիլմի նկարահանումներին
Հ.Գ. Եթե “Կաուչո”-ն արդեն իսկ գրավեց ձեր ուշադրությունը, ապա խորհուրդ ենք տալիս մինչեւ պրեմիերան “կարդալ” երկու աֆիշի վրա տեղ գտած QR կոդերն ու ռեժիսորի կողմից հավելյալ ինֆորմացիա ստանալ ինչպես ֆիլմի, այնպես էլ հերոսների տեսակների վերաբերյալ:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մովսիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: