Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր Արինա Արարատյանի պարի թատրոնի պարողները, հրավիրված դերասաններ Արսեն Գրիգորյանն ու Լեւոն Հարությունյանը, Սուրեն Առուստամյանը եւ “Պատկերներ ցուցահանդեսից” մանկական պարային ստուդիայի սաները պարելու են “Չիպոլինոյի արկածները”: BRAVO.am-ը մասնակցել է պարային ներկայացման փորձին, որի ընթացքում արված լուսանկարներն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ:
Արինա Արարատյանը եւ Արսեն Գրիգորյանը
Պարուհի, պարի թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ Արինա Արարատյանի բեմադրած “Չիպոլինոյի արկածները” երեւանյան բեմում է եղել մոտ հինգ տարի առաջ, վերջին երկու ամսվա ընթացքում մասնակիցները զբաղված են եղել ներկայացման վերականգնման աշխատանքներով եւ այսօրվա ելույթը պրեմիերա են համարում:):
"Չիպոլինոյի արկածները" ներկայացման փորձին
“Շատ պարզ, առանց նախապաշարմունքների ներկայացում է, ուրախ ու զվարճալի: Այն միշտ հաջողություն է ունեցել. այնքան գունեղ է ու պայծառ, որ բեմում կարծես տոնական տորթ լինի: Այսօր ավելի մեծ եռանդով եմ պատրաստվում ներկայացմանը, քան հինգ տարի առաջ: Ետնաբեմից փոքր երեխայի նման հետեւում ենք ընթացքին ու զվարճանում”,-ասել է Արինա Արարատյանը:
"Չիպոլինոյի արկածները" ներկայացման փորձին
Նա տեղեկացրել է, որ “Չիպոլինոյի արկածներ”-ում զբաղված է 65 հոգի, որոնց տարիքը 7-ից 40 է, նրանց թվում են պարողներ Հարություն Թոփալիդիսն ու Քնարիկ Կարապետյանը, բալետի արտիստ Կարեն Խաչատրյանը.“Մեր երեխաները “ծաղկել” են, բայց գլխավոր հերոսների դերակատարները հիմնականում նույնն են: Բեմի ձեւավորմամբ եւս զբաղվել են ներկայացման մասնակիցները: Չիպոլինոյի դերը Հասմիկ Տեր-Գրիգորյանինն է”:
Լեւոն Հարությունյանը եւ պարային ներկայացման մյուս մասնակիցնեըը
Սենյոր Պոմիդորի դերակատար Արսեն Գրիգորյանը իրեն հատուկ խարիզմայով ու կերպարանափոխություններով ամեն անգամ զարմացնում է հանդիսատեսին. լուրջ ու խոր դերերն ու մանուկների համար նախատեսված ներկայացման մեջ լոլիկի դերը հաջորդում են իրար. “Հենց նրա համար եմ սիրում մասնագիտությունս, որ կարող եմ միմյանցից ծայրահեղորեն տարբերվող կերպարներ ներկայացնել: Լիովին տրվում եմ աշխատանքիս, բայց երբեք չեմ խառնում բեմի ու անձնական կյանքիս սահմանագիծը”,-մեզ հետ զրույցում նշել է նա:
"Չիպոլինոյի արկածները" ներկայացման փորձին
Դեռ հինգ տարի առաջ Սենյոր Պոմիդորին կրկին մարմնավորել է Արսեն Գրիգորյանը. “Արինայի հետ շատ վաղուց եմ համագործակցում, նա իմ ամենասիրելի խորեոգրաֆներից է: Մեծ ուրախությամբ համաձայնեցի, երբ հենց ինձ առաջարկեց ստանձնել վերոնշյալ դերը”:
“Սա փոքրերի համար նախատեսված ներկայացում է, որը հաճույքով դիտում են նաեւ մեծերը: Կարծում եմ` յուրաքանչյուրիս մեջ մանուկ է ապրում”,-ասել է Արինա Արարատյանն ու հույս հայտնել, որ ներկայացումը կշարունակի մեծ բեմից ուրախացնել ու զվարճացնել հանդիսատեսին:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: