Ակտիվ, դրական ու էներգիայով լի այս դերասանին հանդիսատեսը հանդիպում է ե՛ւ երգելիս, ե՛ւ հեռուստատեսությամբ հաղորդումներ վարելիս, ե՛ւ թատրոնում կերպարներ մարմնավորելիս: Արսեն Գրիգորյանին հետեւում ենք ոչ միայն «Դոմինո» սիթքոմում, այլեւ իր անձնական #arsenvlog-ում, ուր կարելի է տեսնել ամենաանսպասելին ու ծիծաղելին: Տեսաօրագրի, գործնական ու անձնական նորությունների մասին նա պատմել է BRAVO.am-ի հետ հարցազրույցում:
Արսեն Գրիգորյանը
-Ինչպե՞ս եւ ինչո՞ւ ծնվեց տեսաօրագիր ունենալու գաղափարը:
- Նոր բան էի ուզում անել: Մի անգամ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ էի խոսում, ու ասաց, որ հետեւում է վիդեոներիս ու հավանում է, ես էլ հումոր արեցի՝ ասելով՝ քանի որ ռեժիսորներն ինձ չեն նկարում, ստիպված սկսել եմ ինքս ինձ նկարել, մոնտաժել ու եթեր տալ: Արձագանքներից ու մեկնաբանություններից հասկացա, որ մարդիկ սիրում են, սպասված է, ու ես էլ ազարտի ընկա:
-Կցանկանայի՞ր ֆիլմ նկարել ու եթե նկարեիր, ինչի՞ մասին այն կլիներ:
-Չեմ մտածել այդ մասին ու պատրաստ էլ չեմ դրան:
-Վերջերս քեզ հաճախ կարելի է տեսնել նկարչուհի, դերասանուհի Լյուսի Աբդալյանի հետ: Ձեզ միայն ընկերությո՞ւնն է կապում:
-Մենք էմոցիոնալ դաշտով շատ նման ենք: Ստեղծագործական կյանքն է մեզ կապում. միմյանց հետ շատ անկեղծ ու ազատ ենք՝ զրուցում ենք ամեն ինչից: Վերջերս, երբ լսում եմ, որ մարդիկ սիրահարված են կամ որեւէ մեկի սիրտը զբաղված է, մտածում եմ՝ ինչ լավ է, որ լավ հույզեր են ապրում: Ինձ համար զգացմունքն այն չէ, որ եղավ ու անցավ…
Լյուսի Աբդալյանը եւ Արսեն Գրիգորյանը
-Քո ամենաուժեղ հատկանիշը ո՞րն է:
-Չվախենալու ու ներդաշնակ, խաղաղ ապրելու հատկանիշը: Ծիծաղն ինձ միշտ փրկում է, անգամ Սոս Ջանիբեկյանը հումորով ասում է, որ Արսենն ինչ օր էլ անցկացնի, առավոտյան արթնանում, ծիծաղում է, ու ամեն բան անցնում է: Ես շատ լավատես մարդ եմ, եւ եթե անգամ ցավոտ, ծանր իրավիճակում եմ լինում, չեմ հանձնվում եւ գիտեմ, որ լավ է լինելու: Դեպրեսիան, սթրեսը այնպիսի հատկություններ ունեն, որ կարող են կլանել քեզ, եւ պետք է միտքն ու սիրտն արթուն պահել: Չեմ սիրում խնդիրներն ավելացնել, ես հակում ունեմ ուրախությունն ավելացնել:
-Առանց ի՞նչ կամ ո՞ւմ չես կարող ապրել:
-Առանց Աստծո չեմ կարող ապրել եւ առանց ծիծաղի չեմ կարող ապրել:
-Վերջին բարի գործը, որ արել ես, ո՞րն է:
-Բարի գործ անելը պետք է առօրյայի մաս կազմի ու պետք չէ ֆիքսել, թե ում ինչով ես օգտակար եղել:
-Արսեն, ինչո՞ւ ես ընկերներիդ ժամանակ առ ժամանակ համարձակ քայլերի դրդում:
-Ես սիրում եմ, երբ մարդը պատրաստ ու բաց է նորությանը: Ինձ դուր է գալիս, երբ նոր իրավիճակում հայտնվելով, մարդը մեկ քայլ առաջ է գնում, զարգանում է: Երեկ մի հանդիպման ժամանակ այս օրինակը նշեցի, հիմա էլ կրկնեմ` եթե «Apple»-ն անդադար «update» է լինում, ապա ո՞վ ես դու, մարդ Աստծո, որ «update» չլինես (ծիծաղում է-հեղ.): Ես փոփոխման եւ զարգացման կողմնակից եմ: Հեշտ է գտնել քո «հարմարավետության գոտին» ու ապրել դրանում մի ամբողջ կյանք, բայց դա բերում է լճացման:
Արսեն Գրիգորյանը
-Մանուկ հասակում նույնպե՞ս համարձակ ես եղել:
-Երեխայական բաներ փորձել եմ, օրինակ՝ որոշել էի տանիքից թռչել անձրեւանոցով, բայց ամեն դեպքում որոշեցի առաջին հարկից իրականացնել, եւ երբ թռիչքի ժամանակ անձրեւանոցս կոտրվեց, մտածեցի, որ տանիքից փորձել պետք չէ:): Ինձ ինչ հիշում եմ, ակտիվ ու խենթ եմ եղել:
- Առօրյայում մարդկանց համար խաղո՞ւմ ես:
-Ես դա կեղծավորություն ու խաղ չեմ համարում: Պարզապես չեմ սիրում մարդկանց ծանրաբեռնել իմ ապրումներով ու խնդիրներով: Սարոյանը մի հրաշալի խոսք ունի՝ «Հերիք չէ աշխարհը վատն է, դու ուզում ես այն ավելի՞ վատը դարձնել»: Ո՞վ հոգս չունի, ո՞վ խնդիր չունի, ի՞նչ կարիք կա դիմացինի կյանքն ավելի բարդացնել: Երբ ես տխուր եմ, ունեմ մարդիկ, որոնց հետ կարող եմ խոսել, արտասվել: Տխուր ժամանակ շատ հետաքրքիր է, օրինակ, գնալ որեւէ բար եւ հետեւել մարդկանց, որոնք ապրում ու երջանիկ են: Դա հուշում է, որ ամեն ինչ կորած չէ…
-Քաղաքային կյանքում ի՞նչն ես առավել շատ սիրում:
-Իմպրովիզացիան, մեր քաղաքի անսպասելի զարգացումները:
Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը եւ Արսեն Գրիգորյանը
-Ամբիցիաներդ մինչեւ ո՞ւր կարող են հասնել:
-Ես ամեն տարի «Օսկար» ստանալու տեքստ եմ պատրաստում(ծիծաղում է-հեղ.): Հուրախություն ինձ, հոլիվուդյան մի ֆիլմում փոքրիկ դեր ունեցել եմ. մարմնավորել եմ հայ տաքսիստի կերպար: Երազանք էի պահել հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու, եղավ:
-Որոշակի առիթների ժամանա՞կ ես երազում:
-Ես առիթը բաց չեմ թողնում երազելու համար: Օրինակ՝ մենք հիմա նստած զրուցում ենք, ու ես երազում եմ Մերիլ Սթրիփի հետ նկարահանվել ֆիլմում: Երազում եմ, որ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերում միշտ խաղամ:
-Ի՞նչ երբեք չես անի:
-Օրինակ, մեղր չէի ուտում ու մտքովս էլ չէր անցնում, որ մի օր կուտեմ, բայց երկու տարի առաջ մտքի վարժանքի արդյունքում ինքս ինձ ասացի՝ եթե երբեք չի եղել, չի նշանակում, որ ամբողջ կյանքում չի լինելու: Մեղր կերա ու հասկացա, որ բնությունն եմ ուտում: Եվ ինչո՞ւ էի ինձ զրկել նման հաճույքից: Երբեք չեմ կարող ասել, թե ինչ երբեք չեմ անի, որովհետեւ չգիտեմ, թե կյանքում ինձ ինչ է սպասվում:
-Ստեղծագործական ի՞նչ փուլում ես: Ի՞նչ նորություններ կան:
-Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի հետ մի քանի ֆիլմ ունենք նախատեսած, որ շուտով կհաստատվեն: Էկրաններ կբարձրանա «Երկրաշարժ» ֆիլմը, ու չեմ կարծում՝ կսիրեն կերպարս… Հնարավոր է՝ «Կամիլ բլոգը» կրկին վերադառնա:
-Ի՞նչ տողերով կուզես եզրափակենք զրույցը:
-Երկրպագուներիս, մարդկանց մաղթում եմ, որ երբեք չհուսահատվեն, որովհետեւ Աստված ավելի մեծ է, քան այն խնդիրը, որ նրանք ունեն: Նաեւ չդադարեն երազել:
Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: