×


Արսեն Բաբաջանյանի կամերային օպերան՝ «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա

Երբ միմյանց են հանդիպում կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի եւ գրող Արամ Պաչյանի ստեղծագործությունները, ծնվում է ինքնատիպ մի կամերային օպերա, որը հավակնում է դառնալ եկող տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի երաժշտասերների շրջանում:

Գերմանիայում ապրող եւ ստեղծագործող կոմպոզիտորը 2020 թվականի փետրվարին Մյունխենում առաջին անգամ կներկայացնի իր «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերան: Արսեն Բաբաջանյանի խոսքով` նոր գործը հեռու է լինելու դասական օպերայի ձեւաչափից, օգտագործվելու է նաև էլեկտրոնային երաժշտություն, իսկ բեմում հանդես են գալու երգիչ, դերասան, պարող ու ընթերցող: BRAVO.am-ը երիտասարդ կոմպոզիտորի հետ զրուցել է առաջիկա պրեմիերայի, Արամ Պաչյանի հետ համագործակցության, արտասահմանում ապրելու եւ ստեղծագործելու, Հայաստանում նախատեսվող ծրագրերի եւ հետաքրքիր այլ մանրամասների շուրջ:

Արսեն Բաբաջանյանը


- Նախ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ծնվեց Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա կամերային օպերա ստեղծելու միտքը:

- Վաղուց ցանկություն ունեի երաժշտական թատրոնի ժանրում աշխատելու, եւ երբ ստեղծվեց կամերային օպերա գրելու հնարավորությունը, որոշեցի անպայման հայ արդի հեղինակի անդրադառնալ: Քանի որ Արամ Պաչյանի գրականությանը լավ ծանոթ եմ եւ շատ բարձր եմ գնահատում, hետեւաբար, ընտրությունս կանգնեց հենց նրա ստեղծագործության վրա:

- Ե՞րբ եք առաջին անգամ ծանոթացել նրա վեպին, եւ ինչպիսի՞ն էին տպավորությունները:

- Տարիներ առաջ, երբ արդեն Մյունխենում էի բնակվում, որոշեցի ծանոթանալ հայ ժամանակակից գրողներին, եւ Հայաստանում բնակվող ընկերներիցս մեկին՝ Կարինե Հարությունյանին հարցրի, թե ինչ խորհուրդ կտա ընթերցել: Նա էլ ասաց՝ «Որպեսզի սկզբից հանկարծ չհիասթափվես, սկսիր Պաչյանից», եւ մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունների հետ ուղարկեց նաեւ Պաչյանի գրքերը: Եվ իսկապես՝ շատ հավանեցի: Սկսեցի հենց «Ցտեսություն, Ծիտ» վեպից, եւ այն խորապես տպավորեց ինձ: Հիշում եմ, որ այդ օրերին մտմտում էի՝ արդյոք գալիք ազատ ժամանակահատվածում Հայաստան մեկնեմ, թե ոչ, եւ գիրքը շարժառիթներից մեկը դարձավ, որպեսզի տոմս գնեմ:

Արսեն Բաբաջանյանը


- Իսկ ովքե՞ր են ներգրավված ստեղծագործական թիմում, մասնավորապես՝ Արամ Պաչյանը մասնակցություն ունի՞ նախագծին:

- Ստեղծագործական-աշխատանքային թիմը բավական մեծ է: Նախապատրաստական աշխատանքներն ու ադմինիստրատիվ գործունեությունը ամբողջությամբ կատարում է «Artconcept» միջազգային ասոցիացիան: Հենց այս կազմակերպության աշխատանքի շնորհիվ էլ հնարավոր դարձավ համագործակցություն հաստատել Մյունխենի քաղաքապետարանի հետ, որը հանդիսանում է նախագծի հիմնական ֆինանսավորողը: Բացի այդ, մեզ աջակցում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, ինչի համար անձամբ շնորհակալ եմ դեսպան Աշոտ Սմբատյանին:

Ստեղծագործական անձնակազմի հիմնական կորիզն են կազմում մյունխենաբնակ խորեոգրաֆ ու պարուհի Լյուբա Ավվակումովան, Արամ Պաչյանը, վիզուալ արտիստ Եվա Մուրադյանը եւ ես: Հիմնականում բոլոր գեղարվեստական հարցերն այս կազմով ենք քննարկում: Թիմային աշխատանքին նպաստում է այն, որ մեզ հաջողվեց հայ երիտասարդ գործիչների համար ռեզիդենս կրթաթոշակ ստանալ Մյունխենում, եւ նրանց՝ այստեղ ներկա գտնվելու շնորհիվ կարողանում ենք առավել արդյունավետ աշխատել:

Մայիսի 2-ին եւ 3-ին ունեցանք առաջին ներկայացումները: Երկու միջոցառումների կոնցեպտն էլ Արամ Պաչյանին էր պատկանում: Երկրորդում նա նաեւ հանդես էր գալիս ընթերցողի դերում: Պետք է նշեմ, որ երկու միջոցառումներն էլ հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ ոգեւորությամբ: Տպավորված էին թե՛ ներկայացումներից, թե՛ Եվա Մուրադյանի անիմացիայից եւ հաջորդ օրը ցուցադրված լուսանկարներից ու էսքիզներից, որոնք հիմնականում արված էին Երեւան եւ Մյունխեն քաղաքների թեմաներով:

Արսեն Բաբաջանյանը


Ընդհանուր առմամբ, Արամին աշխատանքներում ներգրավելու հիմնական նպատակն այն էր, որ նա մասնակցի, օգնի ինձ լիբրետոյի ստեղծման հարցում: Ստեղծագործությունը շատ բազմաշերտ է, շղթայված է բազմաթիվ հոգեբանա-փիլիսոփայական հյուսվածքներով: Այս ծավալուն վեպից ես փորձում եմ կամերային օպերային համապատասխան դրամատուրգիա ստեղծել, եւ հենց այս հարցերի շուրջ մենք մշտապես կապի մեջ ենք Արամի հետ: Քննարկում ու փորձարկում ենք ամենը: Սա հրաշալի հնարավորություն է, որ Արամը մշտապես կարողանա վերահսկել աշխատանքը:

- Արդեն հայտնի է նաեւ, թե երբ է նախատեսված օպերայի պրեմիերան՝ 2020 թվականի փետրվարին: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչպիսին է լինելու այն իր ոճով ու ձեւաչափով:

- Այո, նախատեսում եմ գրել երկու արարից բաղկացած օպերա, ինչը, բնականաբար, հեռու է դասական օպերայի ձեւաչափերից։ Բեմի վրա ներգրավված են լինելու երգիչ, դերասան, պարող ու ընթերցող։ Այսպիսով՝ թատերական գործողությունների զարգացման արտահայտչամիջոցները բազմազան են:

Երաժշտական մասը նույնպես լինելու է բազմաշերտ։ Ներկայացմանը մասնակցելու է կամերային անսամբլ, որում ներգրավված են Մյունխենի լավագույն երաժիշտները, օգտագործելու եմ նաեւ էլեկտրոնային երաժշտություն: Բացի այդ, ներկայացման մեջ օգտագործվելու է ֆոնոգրամ, որում հնչելու են հայ ժողովրդական գործիքներ: Կատարումները ձայնագրելու է տաղանդավոր երաժիշտ Հայկ Կարոյի Կարապետյանը: Հայկի հետ ընկերական հարաբերությունները վաղուց արդեն վերածվել են նաեւ մասնագիտականի: Առաջին համագործակցությունը դեռեւս 2013-ին էր, երբ ես գրում էի լեհաստանաբնակ ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Հովվի երգը» վավերագրական ֆիլմի երաժշտությունը, իսկ Հայկը դեռ ծառայության մեջ էր հայկական բանակում: Այնուհետեւ ես այդ աշխատանքի համար Բիլաստոկի «Զուբրոֆֆկա» կինոփառատոնին արժանացա լավագույն կինոերաժշտության մրցանակին, իսկ համագործակցությունը Հայկի հետ շարունակվեց տարբեր ձեւաչափերով, եւ ուրախ եմ, որ կրկին համատեղ աշխատանք ունենք:

Այս ամենից զատ նախատեսում եմ նաեւ Հայաստանից աջակցություն ստանալու դեպքում երգչախմբային հատվածներ ձայնագրել եւ օգտագործել կամերային օպերայում:


Ձեւաչափի առանձնահատկություններից մեկը ստեղծագործության վիդեոանիմացիան է: Յուրահատկությունն այն է, որ անիմացիան այս դեպքում ոչ թե պարզապես բեմական ձեւավորման նպատակին է ծառայելու, այլ որոշ հերոսներ հանդես են գալու հենց անիմացիայի միջոցով: Այսինքն՝ այն ի սկզբանե մտահղացված է որպես դրամատուրգիայի բաղկացուցիչ մաս: Այս կարեւոր գործը ստանձնել է երիտասարդ արվեստագետ Եվա Մուրադյանը:

- Ասացիք, որ նախապատրաստական ու ադմինիստրատիվ աշխատանքները կատարում է «Artconcept» միջազգային ասոցիացիան: Կպատմե՞ք, թե ինչ ծրագրեր է այն իրականացնում, եւ արդյո՞ք դրանք որեւէ կերպ առնչվում են նաեւ Հայաստանի մշակութային կյանքին:

- Անշուշտ, «Artconcept»-ի գործունեությունն առնչվում է Հայաստանին: Այս կազմակերպությունն արդեն հասցրել է Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ միջոցառումներ եւ մեծ փառատոններ իրագործել: Նպատակներից մեկն էլ միջմշակութային կապեր եւ համագործակցություն հաստատելն է: Կազմակերպության ամենամեծ նախաձեռնություններից մեկը «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական շրջիկ փառատոնն է: Վերջինիս երկու սեզոններն անցկացվել են Մոսկվայում, իսկ երրորդն ու չորրորդը՝ Երեւանում ու Փարիզում: Նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ, լինելով երաժշտական փառատոն, այն ներառում է նաեւ արվեստի այլ ճյուղեր:

2017 թ-ից մեկնարկել է նաեւ «Հայկական Վիոլա» նախագիծը, որի շրջանակում մյունխենաբնակ մի շարք կոմպոզիտորներ՝ հատուկ «Artconcept»-ի պատվերով, գրեցին ստեղծագործություններ հայկական վիոլայի համար: Այս երաժշտական գործիքը պատրաստվել է կատարող, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գրիգոր Առաքելյանի համար: Վերջինս միակ երաժիշտն է աշխարհում, ով տիրապետում է այս գործիքին: Այս ծրագրով նա ելույթ ունեցավ Մյունխենում, Բեռլինում և Երևանում։ Նույն շրջանում կազմակերպվեց նաեւ երեւանաբնակ լուսանկարչուհի Մանե Հովհաննիսյանի «Հնչյունի եզրագիծը» խորագրով անհատական ցուցահանդեսը Բեռլին եւ Քյոլն քաղաքներում:

2018-ը նույնպես լի էր իրադարձություններով: Ամռանը ՀԲԸՄ-ի հետ համատեղ անցկացվեց «Երեւան 2800» միջոցառումների շարքը, իսկ աշունը նշանավորվեց երկու մեծածավալ նախագծերով: Կայացավ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի հանրապետական ներառական փառատոնը՝ բազմաբնույթ միջոցառումներով, եւ «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը, որի ընթացքում Երեւանում հանդես եկան տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ, այդ թվում՝ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ հայաստանյան նվագախմբերի ուղեկցությամբ:

Արսեն Բաբաջանյանը


Անցյալ տարի «Նարեկացի արվեստի միության» հետ համատեղ տպագրվեց Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» աշխատությունը անգլերեն եւ գերմաներեն թարգմանությամբ, ինչպես նաեւ անցկացվեցին մի քանի գիտակրթական սեմինարներ: Իսկ միջմշակութային համագործակցության լավագույն օրինակներից է հենց «Ցտեսություն, Ծիտ» օպերային նածագիծը:

- Երկար տարիներ է՝ ապրում եւ ստեղծագործում եք Մյունխեն քաղաքում: Այժմ էլ Փարիզում եք գտնվում: Կխոսե՞ք նաեւ Ձեր արտասահմանյան համագործակցությունների մասին, եւ դրսում գտնվելով հանդերձ՝ որքանո՞վ եք հասցնում հետեւել հայ ստեղծագործողների աշխատանքներին:

- Մյունխենյան տարիներն ինձ իսկապես մեծ փորձառություն տվեցին: Ամբողջը ներկայացնելը հիմա դժվար կլինի: Հակիրճ կարող եմ պատմել վերջին ստեղծագործական նախագծերի մասին:

Այժմ Մյունխենի հին պատկերասրահում բացառիկ ցուցահանդես է ընթանում «UTRECHT, CARAVAGGIO UND EUROPA» խորագրով: Այս մեծ միջոցառման համար ընտրված են 7 կոմպոզիտորներ, որոնք գրել են երաժշտություն կոնկրետ կտավների համար: Այդ գործերը հնարավոր է ականջակալներով լսել ցուցահանդեսն այցելելիս: Ես այդ կոմպոզիտորներից մեկն եմ եւ այժմ 11 կտավների շուրջ հնչում է նաեւ իմ երաժշտությունը:



Ստեղծագործական կյանքիս վերջին շրջանի մեծ նվաճումներից մեկն իսկապես կարող եմ համարել վերջերս Բավարիայի մշակույթի նախարարի կողմից շնորհված ռեզիդենս-կրթաթոշակը Փարիզում: Սա մի ծրագիր է, որի շրջանակում ամեն տարի ընտրվում է երկու արվեստագետ: Վերջիններս ստանում են ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլեւ Փարիզի «Cité internationale des arts» արվեստագետների կացարանում բնակվելու եւ ստեղծագործելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է հարցադրման երկրորդ մասին, ասեմ, որ ես ուշադրությամբ հետեւում եմ հայաստանյան ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական կյանքին: Անշուշտ, նաեւ քաջատեղյակ եմ հայ ստեղծագործողների աշխատանքներին:

- Կա՞ն արդյոք նոր նախագծեր, որոնցով առաջիկայում պատրաստվում եք հանդես գալ Հայաստանում, եւ ընդհանրապես ի՞նչ նոր ծրագրեր ունեք մոտ ապագայում, որոնց մասին կարող եք պատմել:

- Վերջին շրջանում Հայաստանում անցկացվող փառատոներին եւ անհատ երաժիշտների համերգներին իմ երաժշտությունը մշտապես հնչում է: Ուրախությամբ պետք է նշեմ արդեն պարբերական դարձած «Crossroads» ժամանակակից երաժշտության փառատոնի մասին, որի շրջանակում վերջերս կայացավ իմ երկերից մեկի պրեմիերան:

Անձնական նախաձեռնություններ, ցավոք, այս շրջանում չունեմ, որովհետեւ առաջիկայում ամբողջովին կլանված եմ մի քանի ստեղծագործությունների իրագործմամբ: Իհարկե, ամենաժամանակատարն օպերան է: Բացի այդ, մի մեծ անսամբլային ստեղծագործություն պետք է գրեմ 2020 թ-ի մարտին՝ մյունխենյան ամենամյա «Odeon» համերգաշարի համար:

Հարցազրույցը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արսեն Բաբաջանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport