Արվին Քոչարյանն իր ծննդյան օրը գործընկերներին, մտերիմներին եւ իր լուսանկարչական արվեստով հետաքրքրվողներին հրավիրել էր ՆՓԱԿ, իսկ առիթը “Mysticus” խորագիրը կրող ցուցահանդեսն էր: Հյուրերը, նախքան լուսանկարները դիտելը, երգելով շնորհավորել են հոբելյարին, իսկ ցուցասրահում խորհրդավոր մթության մեջ վառվող մոմեր էին, յուրահատուկ բուրմունք եւ Ալեքս Միրզոյանի թավջութակի հնչյունները… Քիչ անց վառվել են ցուցասրահի լույսերը:
Արվին Քոչարյանը
Մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ, լուսանկարիչ Արվին Քոչարյանն իր երրորդ անհատական ցուցահանդեսին ներկայացրել է 50 լուսանկար, որոնցից ամենամեծը փակցված է առաստաղին: Գերակշռող մասը դիմանկարներ են՝ հիմնականում սեւ ու սպիտակ կադրեր: Դրանցում կան նաեւ հայտնի դեմքեր` դերասաններ, մոդելներ, երաժիշտներ, հաղորդավարներ եւ այլք:
36-ամյա Արվինը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է ցուցահանդեսն անվանել “Միստիկուս”.“Մութ արվեստը զուգահեռ զարգացել է գրականության, կրոնի եւ արվեստի տարբեր ոլորտներում` հիմնականում սկիզբ առնելով Ֆրանսիայում ու Գերմանիայում: Ես այս ուղղությամբ վաղուց եմ հետաքրքրվում: Կան լուսանկարներ, որ արել եմ չորս տարի առաջ, հավաքել եմ մեծ արխիվ` ընտրելով ամենալավ կադրերը: Առաջին հայացքից զգում եմ, թե ով կարող է իմ հերոսը դառնալ, լուսանկարելու ընթացքում էլ բացատրում եմ՝ ինչպիսի կադր եմ ուզում ստանալ: Մարդ կա, որ արտաքնապես չակերտավոր գեղեցիկ չէ, բայց նկատում եմ նրա խորությունը եւ փորձում ցույց տալ լուսանկարով: Նաեւ հայտնիների հետ եմ աշխատում, ոմանք շատ հեշտ են կարողանում կերպարի մեջ մտնել”:
Արվին Քոչարյանի “Mysticus” խորագրով ցուցահանդեսին
2001 թվականին Թեհրանից Երեւան տեղափոխված լուսանկարչի առաջին անհատական ցուցահանդեսը եւս կայացել է իր տարեդարձի օրը` 2008 թվականին. “Անցյալ անգամ նկարները քիչ էին, միջոցառումն ավելի համերգային ձեւաչափով էր, այս անգամ շեշտը դրված է խորհրդավոր լուսանկարների վրա”:
Նրա երկրորդ ցուցահանդեսի վայրը Բեռլինն էր. հենց այս լուսանկարներն Արվինն այնտեղ ցուցադրել է այս տարվա մարտին.“Տարբեր ազգերի ներկայացուցիչներից դրական մեկնաբանություններ լսելուց հետո որոշեցի Երեւանում էլ անպայման ներկայացնել, բայց վերջին երկու ամսվա ընթացքում հատուկ նոր կադրեր եմ արել, որոնք այսօր առաջին անգամ են ցուցադրվում”:
Արվին Քոչարյանի “Mysticus” խորագրով ցուցահանդեսին
Արվինի մտերիմ ընկերներից “The Beautified Project” վոկալիստ-կիթառահար Անդրե Սիմոնյանը նշել է, որ նա փորձում է զարգացնել նկուղային արվեստը.“Այստեղ ենք, որ տոնենք արվեստը, իսկ Արվինի արվեստը շատ յուրահատուկ է: Կան մարդիկ, որ հետաքրքրվում ու հետեւում են նրա արվեստին, սպասում նոր աշխատանքների”:
Մինչեւ հուլիսի 18-ը ՆՓԱԿ-ում անձամբ կարող եք տեղափոխվել լուսանկարչի “Միստիկուս” աշխարհը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: