×


Արտակ Մաթեւոսյանի եւ Նարեկ Կնյազյանի ինքնատիպ քանդակները՝ մեկ վայրում

Մինչեւ հունիսի 30-ը «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կներկայացվեն Արտակ Մաթեւոսյանի եւ Նարեկ Կնյազյանի քանդակները: Ստեղծագործելով տարբեր ոճերում՝ նրանք հանդես են գալիս «Երկուսը մեկ տեղ» խորագրով ցուցահանդեսով, որը ծրագրել էին շատ վաղուց:

«Երկուսը մեկ տեղ» խորագրով ցուցահանդեսին


«Ես ու Արտակն ընկերներ ենք ու սկսած Թերլեմեզյանի անվան քոլեջում սովորելու տարիներից՝ իրար հետ ենք այս ճանապարհով անցնում: Դեռ չորս տարի առաջ որոշել էինք միասին ներկայանալ: Այս քանդակները ստեղծվել են Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին, և ցուցահանդեսի նպատակն էր այդ տարիների ընթացքում ստացած գիտելիքների ամփոփումն ու ներկայացումը: Ցուցահանդեսի կայացման գործում մեծ է մեր դասախոսի՝ Գարեգին Դավթյանի աջակցությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Մենք իսկապես շատ բան ենք սովորել նրանից»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Կնյազյանը: Նրա խոսքով՝ առայժմ կոնկրետ ուղղություն չկա, որում աշխատում է. դեռեւս փնտրտուքների մեջ է:

Իսկ ահա Արտակը ստեղծագործում է սթիմպանկ ոճում: Այն գիտական ֆանտաստիկայի ենթաժանր է, որում տեխնիկական առաջընթացը կանգ է առել շոգեմեքենայի ստեղծումից հետո։ Ժանրի առանձնահատկություններն են`մեծ թվով մեխանիկական հարմարանքներ, ժամանվակներ, պղնձե խողովակներ եւ այլն։ Համարում են, որ տվյալ ոճը ծնվել է Ժյուլ Վեռնի, Հերբերտ Ուելսի, ինչպես նաեւ Նիկոլա Տեսլայի աշխատանքների ազդեցության ներքո։

«Արդեն 7-8 տարի է, ինչ ստեղծագործում եմ այս ոճում: Քանդակները պատրաստելիս օգտվում եմ տարբեր նյութերից՝ երկաթ, պղինձ, բրոնզ, արտադրական մետաղական ջարդոններ: Այս աշխատանքներից միայն մեկն է ավարտական՝ «Ռնգեղջյուրը», իսկ մյուսները ստեղծվել են տարբեր ժամանակներում: Իհարկե, ակադեմիան ներդրում ունի մեր մասնագիտական զարգացման գործում, բայց կարող եմ առանձնացնել կոնկրետ դասախոսների, մասնավորապես՝  Գարեգին Դավթյանին: Նա մեզ համար միաժամանակ ե՛ւ դասախոս է եղել, ե՛ւ դատավոր, ե՛ւ ընկեր: Ամեն ինչ նրանից եմ սովորել ու ստացել»,- անկեղծացավ Արտակ Մաթեւոսյանը:

Արտակ Մաթեւոսյանը


Մենք, իհարկե, զրուցեցինք նաեւ քանդակագործ, ԵԳՊԱ դասախոս, պրոֆեսոր Գարեգին Դավթյանի հետ՝ լսելու նրա տեսակետն իր ուսանողների աշխատանքների մասին.«Արտակն իրեն հրաշալի է դրսեւորել սթիմպանկ ոճում: Աշխատանքները սիմվոլիկ են, ըստ այդմ էլ՝ ընկալելի: Իսկ Նարեկն ավանդական մոտեցում ունի. պլաստիկայի խնդիրներ է դնում: Նա ձեռագործ քանդակի ջատագով է: Նրա աշխատանքներում բացահայտ երեւում են 20-րդ դարի տարբեր ուղղություններ. ե՛ւ էքսպրեսիոնիզմ ենք տեսնում, ե՛ւ աբստրակցիա, ե՛ւ, այսպես ասած, տրանս-ավանգարդ, որն օգտագործում է նախորդ սերունդների ոճերն ու արտահայտչաձեւերը: Բավական հետաքրքիր աշխատանքներ են: Կարեւորն այն է, որ տղաները որոնման մեջ են: Շատ եմ գնահատում, երբ մարդը փորձում է շարժվել: Ընդ որում, կարեւոր չէ՝ նա կփոխվի դեպի լավը, թե վատը: Բայց կարեւոր է, որ փորձի փոխվել, փորձի շարժվել»:

Հետաքրքրվեցինք՝ որքանով է գնահատված քանդակագործությունը Հայաստանում որպես արվեստի ճյուղ: Գարեգին Դավթյանը նշեց՝ ամբողջ աշխարհում այնքան էլ գնահատված չէ.«Նույնիսկ եթե նայենք աճուրդների տվյալները, զուտ վաճառված քանդակների գներից կզգանք, թե ինչքանով են գնահատված. թանկ չեն: Բացի այդ,  գնահատման ճշգրիտ չափորոշիչներ չկան: Դրանք, իհարկե, որոշված են, բայց դրա մասին գիտենք միայն մենք՝ քանդակագործներս: Ես միշտ ասել եմ՝ արվեստը չի կարելի սիրել, պիտի հարգել: Երբ սիրում են, արդեն սկսում են ուտել, փչացնել: Իսկ մեզ մոտ մեծ մասամբ չեն հարգում, ի դեպ»,- նկատեց նա:

Նարեկ Կնյազյանը


Պրոֆեսորի խոսքով՝ այս քանդակները կարող են տեղ գտնել ցանկացած միջավայրում՝ գեղեցիկ մտածված որեւէ դղյակում, պուրակում, ժամանակակից բարետես փողոցում.«Կարող են տեղ գտնել նույնիսկ Հյուսիսային պողոտայում: Հրաշալի կնայվի, նշանակություն կտա այդ դատարկ պատերի շարքին: Այն վայրը, որտեղ դրվում է ճիշտ, լավ քանդակ, դառնում է էպիկենտրոն»: 

Դե, ինչ, այցելեք, ուսումնասիրեք ժամանակակից հայ քանդակագործությունը, եւ գուցե այդ աշխատանքներից որեւէ մեկը տեղ գտնի ձեր պատկերացրած միջավայրում:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport