Արտաշես Ալեքսանյանի ստեղծագործական ուղին լի է բազմաթիվ դերերով թատրոնում եւ կինոյում: Նա իր դերասանական վարպետությունը ցուցադրում է նաեւ հեռուստասերիալներում` կերտելով տարբեր կերպարներ եւ սկզբունքորեն հրաժարվելով մեկից: Դերասանն անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ, պատմել է թոռնիկների մասին, ինչպես նաեւ տրամադրել իր հեղինակած աշխատանքների լուսանկարները:
Արտաշես Ալեքսանյանը Գարեգին Նժդեհի կերպարում (Լուսանկարը` Դամիան Հովհաննիսյանի)
“Իրականում ճիշտ է ասված, որ կոպիտ ու տգեղ արտաքինի տակ հաճախ երեխա է թաքնված: Էկրանից երեւացող մարդկանց հանրությունը ճանաչում է մարմնավորած կերպարներով: Իմ խաղացանկում ինչ-ինչ պատճառներով բացասական դերերն են գերակշռում, այդ իսկ պատճառով շատերն ինձ որպես “վատ մարդ” գիտեն: Դե, ինչ արած, ռեժիսորները միայն իմ արտաքինին են նայում դեր առաջարկելիս”,-կատակեց նա:
Դերասանից հետաքրքրվեցինք` ինչպես է ստանում անհրաժեշտ տրամադրությունը թատրոնի բեմում կամ նկարահանման հրապարակում բացասական դեր կերտելիս.“Դա իմ աշխատանքն է: Ինձնից, երբեմն, երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ամբողջությամբ մտնեմ կերպարիս մեջ: Հենց սրանով է որոշվում դերասանի պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար շատ բարդ են եղել թշնամու` ադրբեջանցի Հասանի եւ Գարեգին Նժդեհի դերերի կերտումը: Նրանք երկու ծայրահեղություններ են, յուրաքանչյուրն ինձնից մեծ էներգիա ու ջանքեր է խլել”:
Արտաշես Ալեքսանյանը` կնոջ եւ թոռնուհու հետ
Թեեւ տարվա, ամսվա եւ օրվա մեծ մասը զբաղված է լինում նկարահանումներով, այնուամենայնիվ, Արտաշես Ալեքսանյանից ոչ ոք եւ ոչինչ չի կարող խլել այն ժամանակը, որ նա տրամադրում է ընտանիքին, մասնավորապես` թոռնիկներին:).“Ապրում եմ կնոջս հետ, ուրբաթ, շաբաթ, կիրակին թոռնիկներիս հետ հանդիպման օրերն են: Ունեմ մեկ դուստր, իսկ թոռներս երկուսն են: Մեծը թոռնուհիս է, ով հրաշալի պարուհի է. պապիկի պես որոշել է ծառայել արվեստին: Նա էլ մարմնի լեզվով է խոսում: Փոքր թոռս տղա է, դեռ 10 տարեկան է”:
Մեր հարցից, թե ինչով է սիրում զբաղվել ազատ ժամանակ, նա խիստ զարմացավ.“Ներողություն, իսկ ազատ ժամանակն ի՞նչ է: Ես վաղուց մոռացել եմ, թե դա ինչ է (ծիծաղում է-հեղ.): Ժամանակին, երբ ազատ ժամանակ ունենում էի, նկարում էի: Այսօր էլ իմ տան պատերին փակցված են աշխատանքներիցս մի քանիսը: Իմ հոբբին նկարչությունն է”:
Արտաշես Ալեքսանյանի հեղինակած կոլաժներից
Դերասանի հեղինակած նկարներում եւ կոլաժներում գերակշռում է հավատքի եւ հայրենասիրության թեման.“Արցախյան ազատամարտի մասնակից եմ: Թատերական իմ դպրոցի սաներին էլ դաստիարակում եմ մարտական, հայրենասիրական ոգով”,-BRAVO.am-ի հետ զրույցում շեշտել է Արտաշես Ալեքսանյանը:
Նրա համար ինչպես թատրոնն ու գեղարվեստական ֆիլմերը, այնպես էլ հեռուստասերիալները մեծ նշանակություն ունեն.“Ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա: Ինձ համար բոլոր բնագավառներն էլ հոգեհարազատ են: Յուրաքանչյուրն իր փորձն ու վարպետությունն է տալիս: Այնուամենայնիվ, սերիալներն այսօր առավել մեծ պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում”:
Արտաշես Ալեքսանյանը
Զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե կան արդյոք կերպարներ, որոնք Արտաշես Ալեքսանյանը սկզբունքորեն չի մարմնավորի, պատասխանը դրական էր.“Այո՛, կա նման կերպար, ես դրա մասին խոսել անգամ չեմ ուզում: Դրան վերաբերող մի օրենք էլ էին ուզում ընդունել Հայաստանում...(ծիծաղում է-հեղ.)”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտաշես Ալեքսանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: