Օրերս երեւանյան բարերից մեկում նկարահանվել է թավջութակահարուհի Արփենիկ Հակոբյանի առաջին տեսահոլովակը, որում նա հանդես է գալիս ոչ թե որպես երաժիշտ, այլ` հեղինակ-կատարող:): “Move On” երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց Արփենիկն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորի պաշտոնն էլ ստանձնել է Հրանտ Վարդանյանը:
Թավջութակահարուհի, հեղինակ-կատարող Արփենիկ Հակոբյանը
BRAVO.am-ն ամենատարբեր առիթներով բազմիցս անդրադարձել է Արփենիկ Հակոբյանին. ընթերցողները նրան կհիշեն դեռ նախորդ տարվա “Dorians”-ի, Գլեն Հյուզի եւ Դերեք Շերինյանի համատեղ համերգից, ինչպես նաեւ այս տարվա եվրատեսիլյան օրերից: Այս անգամ, ներկա գտնվելով “Move On”-ի նկարահանումներին ու մի շարք հարցեր հղելով թավջութակահարուհուն, ներկայացնում ենք փորձառու երաժշտի ու սկսնակ հեղինակ-կատարողի ստեղծագործական կյանքի մանրամասները:):
Նախնական երաժշտական կրթությունս ստացել եմ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, որից հետո ընդունվել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Երկու տարի այնտեղ ուսանելուց հետո թողել եմ այդ ամենն ու մեկնել արտասահման` բոլորովին այլ կարիերայի փնտրտուքներով:
Յոթ տարի առաջ էր, երբ Միացյալ Նահանգներում մտա երաժշտական խանութ, գնեցի թավջութակ, որպեսզի տանն ազատ ժամանակ պարզապես նվագեմ: Այնքան նվագեցի, որ կրկին պարապելու ցանկություն առաջացավ, եւ երբ հայտնվեցի Շվեյցարիայում, սկսեցի անհատական դասընթացների հաճախել: Այս ամենից հետո բոլորովին այլ գործերով մեկնեցի Բելգիա, որտեղ էլ շարունակեցի պարապմունքներս արդեն Բելգիայի պետական նվագախմբի մենակատար թավջութակահար Օլսի Լեկայի մոտ:
Արփենիկ Հակոբյանի "Move On" տեսահոլովակի նկարահանումներին
Երբ արդեն ուզում էի վերադառնալ Միացյալ Նահանգներ, Օլսին ինձ առաջարկեց նվագել Անտվերպենի թագավորական կոնսերվատորիայի ընդունելության քննության համար: Չեք պատկերացնի զարմանքս, երբ հայտնեցին, որ ընդունվել եմ: Այնտեղ որոշ ժամանակ սովորելուց հետո ուսումս շարունակել եմ Գենտի համալսարանում ու այս տարի ավարտել այն: Հիմա էլ պատրաստվում եմ մագիստրոսի որակավորում ստանալ փոխանակման “Erasmus” ծրագրի միջոցով:
Երկու տարի ուսանելուց ու արձակուրդներին Հայաստան գալուց հետո սկսել եմ համագործակցել “Dorians”-ի հետ` փոխարինելով Արտյոմ Մանուկյանին ու “Ես կուլամ”-ի ժամանակ նվագելով թավջութակի հատվածը. գրեթե բոլոր մեծ համերգներին փորձել եմ լինել տղաների կողքին:
Երբեք չեմ մտածել, որ թավջութակ նվագելուն զուգահեռ կնախաձեռնեմ նաեւ իմ երաժշտական նախագիծը: Մոտ մեկուկես տարի առաջ կեսգիշերին սովորականի պես պարապում էի եւ հանկարծ հասկացա, որ զուգահեռ նաեւ երգում եմ: Երբ գիտակցեցի, թե ինչ է կատարվում, կենտրոնացա, արթուն մնացի մինչեւ առավոտյան ժամը 4-ն ու հեղինակեցի իմ առաջին ստեղծագործությունը` “Land of Mine”-ը, մեկ շաբաթ չանցած էլ երկրորդը` “Move On”-ը, որի հիման վրա էլ նկարահանել ենք տեսահոլովակ:
Տիգրան Պետրոսյանն ու Արփենիկ Հակոբյանը
“Move On”-ը ձայնագրելիս համագործակցել եմ հարվածային գործիքներ նվագող Արման Ջալալյանի, ստեղնահար Խաչիկ Սահակյանի, ֆլյուգելհորն նվագող Երվանդ Մարգարյանի, կիթառահար Արթուր Սողոյանի եւ բաս-կիթառահար Վարդան Առաքելյանի հետ, բեք վոկալն էլ վստահել եմ Տիգրան Պետրոսյանին:
Արդեն 9 գործ եմ հեղինակել, որոնցից 3-ն արդեն իսկ գործիքավորել է Խաչիկ Սահակյանը: Նախատեսում եմ առաջիկայում թողարկել ձայնասկավառակ, որը բաղկացած կլինի մոտ 12 հեղինակային ստեղծագործությունից:
Բոլոր գործերս ժանրային տեսանկյունից շատ տարբեր են, միայն վոկալս է, որ ամեն տեղ կրկնվում է: Ի դեպ, կան ստեղծագործություններ, որոնցում հանդես եմ գալիս ոչ միայն որպես հեղինակ-կատարող, այլեւ` թավջութակահար:
Գագասն ու Արփենիկ Հակոբյանը
Գրում եմ անգլերեն, քանի որ վերջին տարիներին ապրում եմ արտերկրում: Շատ կուզեի նաեւ հայերեն ստեղծագործել. անկեղծ ասած` փորձել եմ, բայց չի ստացվել:
Ի դեպ, բոլորովին վերջերս սկսել եմ հաճախել նաեւ վոկալի դասընթացների. հասկացա, որ դժվարանում եմ կատարել իմ իսկ հեղինակած երգերը:
Չգիտեմ` ինչով կզբաղվեմ, եթե չնվագեմ, չերգեմ, չստեղծագործեմ, քանի որ ոչ թե ես եմ ընտրել այս ոլորտը, այլ այն է ընտրել ինձ:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի եւ Մարիամ Լորեցյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: