“Լինում է չի լինում, մի բարի մարդ է լինում, ում շրջապատում են 8 կանայք…”, հետո հանկարծ այդ մարդը սպանվում է, եւ մնում է միայն պարզել, թե կանանցից որն է մարդասպանը:
“8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերային
Երեկ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացել է “8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերան: Բեմադրությունն արվել է ֆրանսիացի գրող Ռոբեր Թոմայի ստեղծագործություններից մեկի հիման վրա երիտասարդ բեմադրիչներ Անի Մկրտչյանի եւ Անի Միրզախանյանի կողմից: Ի դեպ, վերջինս երիտասարդ դերասանուհիներ Արփինե Իսրայելյանի, Լիանա Վարդանյանի, Անի Գալստյանի, Մարիամ Սարյանի, Հռիփսիմե Սարգսյանցի, Աննա Ավետիսյանի եւ Շողեր Սմբատյանի հետ զբաղված է նաեւ ներկայացման մեջ:
“8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերային
BRAVO.am-ի հարցին, թե ինչու են բեմադրիչներն ընտրել հենց այս ստեղծագործությունը, Անի Մկրտչյանը պատասխանել է, որ իրեն դուր է եկել դրա մթնոլորտը. “Բացի այս, շատ էի ցանկանում բեմադրել այնպիսի մի գործ, որտեղ միայն կանայք հանդես կգան: Մեր դերասանուհիներից Անի Գալստյանի խորհրդով էլ կարդացի Ռոմեր Թոմային ստեղծագորոծությունն ու անմիջապես ցանկություն առաջացավ այն բեմադրել”:
Ինչպես արդեն նշեցինք, ներկայացման բեմադրիչներից Անի Միրզախանյանը հանդես է եկել նաեւ բեմում որպես հանգուցյալի կրտսեր դուստր: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ բարդ է եղել համատեղելը.“Աշխատանքս բավական հեշտացրեց Անի Մկրտչյանի հիանալի ռեժիսորական աչքը”:
“8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերային
Դերասանուհիներից Աննա Ավետիսյանը, որը մարմնավորել է հանգուցյալի քրոջ կերպարը, նշել է, որ չնայած աղջիկները վեց ամիս աշխատել են բեմադրության ու իրենց կերպարները կերտելու վրա, դերն իրեն տրվել է ընդամենը մեկուկես ամիս առաջ. “Ճիշտ է, դերը բավական ուշ եմ ստացել, բայց կարծում եմ` կարողացել եմ հասկանալ կերպարիս ներաշխարհն ու բնավորությունը: Իսկ ինչ վերաբերում է բացասական կերպար կերտելուն, ապա ասեմ, որ սովոր եմ, քանի որ արդեն չորս տարի է` այս ոլորտում եմ, ու եթե նկատեցիք, ներկայացման մեջ բոլորն էին բացասական կերպարներ, նույնիսկ հանգուցյալը”:
Աննա Ավետիսյանը, ծանոթ լինելով աղջիկների հնարավորություններին, վստահ է, որ նրանք էլ ավելի լավ արդյունքի կարող էին հասնել. “Գոհ եմ, բայց դե սա պրեմիերան էր, փոքր-ինչ լարվածություն կար: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի, լարվածությունն էլ կվերանա”:
“8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերային
Հանգուցյալ Մարսելի ավագ դստերը մարմնավորած Արփինե Իսրայելյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ փորձել է հնարավորինս մտնել դերի մեջ, հասկանալ կերպարի բնավորությունն ու, ամենակարեւորը, այդ ամենն արել է սրտանց. “Իսկ ինչքանով է ստացվել, ինչքանով` ոչ, հանդիսատեսը պետք է դատի”:
Անի Գալստյանը, որը մարմնավորել է հանգուցյալի կնոջ քրոջ կերպարը, մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ ներկայացումը զուրկ էր տղամարդուց, պատասխանել է` չնայած ներկայացման մեջ տղամարդ չկար, այնուամենայնիվ բոլոր գործողությունները զարգանում էին հենց հանգուցյալ Մարսելի շուրջ. “Կյանքում նույնպես այդպես է, ցանկացած կնոջ, աղջկա կյանքի առանցքը հենց տղամարդն է:)”:
“8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերային
Եթե դուք էլ եք ցանկանում դառնալ դետեկտիվ տարրերով երկու գործողությամբ “8 սիրագորով կանայք” երաժշտական տրագիկոմեդիայի մասնակիցն ու ականատեսը, անհամբեր սպասել պատմության հանգուցալուծմանը, ապա հունվարի 21-ին այցելեք Տիկնիկային թատրոն:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: