×


Արփինե Իսրայելյանն ու Արմեն Մարգարյանը՝ ճոճանակին:)

Երիտասարդ դերասաններ Արփինե Իսրայելյանն ու Արմեն Մարգարյանը միասին խաղում են նոր ներկայացման մեջ: “Երկուսը ճոճանակին” դրամայի տարրերով  ռոմանտիկ կատակերգության բեմադրիչը եւս երիտասարդ է. 21-ամյա Սաթենիկ Շաթիրյանը հանդիսատեսին երեկ ներկայացրել է իր բեմադրած առաջին աշխատանքը:

Արմեն Մարգարյանը եւ Արփինե Իսրայելյանը "Երկուսը ճոճանակին" ներկայացման պրեմիերային


Սաթենիկը եւ Արփինեն համակուրսեցիներ են, 2011-ին ավարտել են Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Ներկայացման պրեմիերան էլ “Համազգային” թատրոնում էր. “Քանի որ այս թատրոնը մեզ համար նաեւ ուսանողական հարթակ է, որոշեցինք մեր հարազատ բուհի ներսում խաղալ այն”:

Ներկայացումը բեմադրվել է ըստ Ուիլյամ Գիբսոնի պիեսի: Նկարչական ձեւավորումն արել է Տաթեւ Հարությունյանը: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի նահանգներից մեկում: Պարուհի Ջեյնի եւ իրավաբան Ջերրիի սիրո պատմությունը ներկայացվում է մոտ 1 ժամ 30 րոպեում:

“Առաջին անգամ պիեսն ընթերցել եմ ռուսերեն տարբերակով, բեմադրելու համար մեր ուժերով թարգմանել ենք հայերեն: Նաեւ որոշակի կրճատումներ ենք արել, որ տեղավորվենք ժամանակի մեջ”, - նշել է ռոմանտիկ կատակերգության բեմադրիչը` Սաթենիկը:

Արթուր Կարապետյանը կնոջ հետ, Արփինե Իսրայելյանն ու Քրիստինա Կարապետյանը


Արփինե Իսրայելյանը սերիալներից “դադար է վերցրել”

Սերիալներում խաղալուց բացի, Արփինե Իսրայելյանը որոշել է հաստատվել թատրոնում: “Ինձ համար հարազատ է թատրոնը, բայց հեռուստատեսության աշխատանքը եւ զգացողությունները բոլորովին այլ են: Այս պահին սերիալում չեմ նկարահանվում, դադար եմ վերցրել, բայց նշանված լինելս չի խանգարում աշխատանքիս: Ունեմ սկզբունքներ, որոնց չեմ դավաճանի. օրինակ՝ չեմ մերկանա: Այս դերի համար պահանջվում էր ծխել, ես բեմում դա արեցի, բայց իրականում չեմ ծխում: Լավ է, որ ներկայացման մեջ Ջերրին շեշտում է, որ ծխելը վնաս է առողջությանս:)”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանուհին:
 

"Այս դերի համար պահանջվում էր ծխել, ես բեմում դա արեցի". Արփինե Իսրայելյան


Պրեմիերայի ավարտին Արփինեին ողջունեցին ու շնորհավորեցին, իր խոսքերով, մարդիկ, որոնց կարծիքն իր համար անչափ կարեւոր է. “Կարեւոր է իմ վարպետի՝ Հրաչյա Գասպարյանի կարծիքը, նաեւ իմ ավագ կոլեգայի՝ Արթուր Կարապետյանի գնահատականը, որից շատ բան եմ սովորել սերիալի ընթացքում: Սիրում եմ լսել անծանոթ ու ոչ հարազատ մարդկանց կարծիքը, բայց միշտ չէ, որ բոլորի քննադատությունները հաշվի եմ առնում”:

"Համազգային" թատրոնում ներկայացվել է "Երկուսը ճոճանակին" ռոմանտիկ կատակերգությունը


Արմեն Մարգարյանն էլ Կամերային երաժշտական թատրոնի դերասաններից է, բեմադրիչի առաջարկով որոշել է մարմնավորել գլխավոր հերոսին. “Շատ եմ սիրում աղջիկների հետ աշխատել, որովհետեւ նրանց հետ շատ հեշտ է, բայց որքան հեշտ է, այդքան էլ բարդ է իրենց ինչ-որ բան համոզելը: Բոլորս իրար լսել ենք, մեր տարբերակն ենք առաջարկել, քննարկելուց հետո ստացել ենք վերջնարդյունքը”:

Արփինեն ու Արմենը ներկայացրել են Ջեյնի եւ Ջերրիի սիրո պատմությունը


“Մի ներկայացման մեջ, որտեղ խաղում է Արփինե Իսրայելյանը, արդեն շարժառիթ է, որ հանդիսատեսը դիտի”, - կատակել է Արմեն Մարգարյանը. “Իրականում ներկայացումը սիրո մասին է՝ թեմա, որը հետաքրքրում է բոլորին անկախ տարիքից:)”:

Սաթենիկ Շաթիրյանը խոսել է նաեւ “Երկուսը ճոճանակին” կատակերգության ֆինանսական կողմի ու ակնկալիք եկամուտի մասին. “Ներկայացման մեջ ամեն ինչ պայմանական է. կերպարների տարիքը, դեկորացիաները: Թերությունները ժամանակի ընթացքում կշտկենք: Ֆինանսական մեծ օգնություն չենք ստացել, մեր անձնական միջոցներով ենք բեմադրել: Եկամտի մասին դեռ չենք մտածում, դերասանների հայտնիության վրա կոպիտ ասած` “ստավկա” չեմ դրել: Հուսով եմ՝ հանդիսատեսը ,մեկը մյուսին պատմելով, կգա դիտելու ներկայացումը: Նաեւ նպատակ ունենք Հայաստանի մարզերով շրջել ու խաղալ նրանց համար”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW