×


Բալենսիագայի «սեւ ստեղծագործությունը»՝ փարիզյան Բուրդելում

Էրիխ Մարիա Ռեմարկի հանրահայտ «Կյանքը պարտքով» գրքի հերոսուհի Լիլիան Դյունկերքը, լինելով հիվանդ տուբերկուլյոզով, որոշում է լիարժեք ապրել կյանքի վերջին օրերը` չմտածելով մոտալուտ մահվան մասին: Երազանքի իրականացման համար նա շտապում է ծախսել իր ողջ ունեցվածքը` գնելով մեծն Բալենսիագայի հեղինակած զգեստները: Դրանք տալիս են հերոսուհուն ապրելու ուժ եւ գիշերները փրկում անտանելի մղձավանջներից:    

«Քրիստոբալ Բալենսիագա. սև ստեղծագործություն» խորագրով ցուցահանդեսին


Ռեմարկի կողմից Բալենսիագայի անվան ընտրությունը պատահական չէր: Իսպանացի այս կուտյուրեի մասին 1950-ական թվականներին խոսում էր ողջ աշխարհը: Քրիստոբալ Բալենսիագան մինչ օրս համարվում է բարձր նորաձեւության «գլխավոր աստվածը»: Մեծ վարպետի մահվանից 45 տարի անց Փարիզում մեկնարկել է իսպանական նորաձեւության սեզոնը, որի շրջանակում բացված առաջին ցուցահանդեսը ներկայացնում է Բալենսիագայի` հիմնականում սեւ կտորից կարված երեկոյան շքեղ զգեստները:

Չնայած Ֆրանսիայում ապրած տասնյակ տարիների՝ Բալենսիագան միշտ մնում էր իսպանացի, հարազատ երկրի արվեստը, ճարտարապետությունը, գույներն ու տաքությունն էլ մնում էին նրա ներշնչման գլխավոր աղբյուրը: Վարպետը նախընտրում էր պինդ գործվածքներ, որոնց շնորհիվ ստանում էր քանդականման եզրագծեր: Ուստի բոլորովին պատահական չէ, որ փարիզյան ցուցահանդեսը բացվել է ոչ պակաս հայտնի ֆրանսիացի քանդակագործ Անտուան Բուրդելի թանգարանում: Բալենսիագայի արվեստանմուշ-զգեստները համահունչ երկխոսության մեջ են Բուրդելի մոնումենտալ եւ տպավորիչ քանդակների հետ: 

«Քրիստոբալ Բալենսիագա. սև ստեղծագործություն» խորագրով ցուցահանդեսին


«Մոդելյերը պետք է լինի ճարտարապետ իր էսքիզների հարցում, քանդակագործ` ֆորմաների, նկարիչ` գույների, երաժիշտ` ներդաշնակության, եւ փիլիսոփա` չափի զգացողության մեջ»,-ասում էր Բալենսիագան: Վարպետը խորապես համոզված էր, որ զգեստները պետք է կրել երկար տարիներ, քանզի ճիշտ կարված հագուստը միշտ մնում է նորաձեւ: Բալենսիագան հետեւում էր իր զգեստների դեֆիլեներին ետնաբեմից, սակայն դրանց ավարտին բեմ երբեք չէր բարձրանում: Նա առհասարակ շատ քիչ էր շփվում արտաքին աշխարհի հետ, իսկ 1957-ից բոլորովին արգելեց որեւէ լրագրողի կամ լուսանկարչի ներկա գտնվել եւ լուսաբանել իր զգեստների ցուցադրությունները: Պատմության մեջ եզակի այս քայլը բացատրվում էր Բալենսիագայի ցանկությամբ թողնել իր գնորդին հիմնվել սեփական ճաշակի վրա եւ ոչ՝ հետեւել ամսագրերի թելաթդրած կարծիքներին: 

«Քրիստոբալ Բալենսիագա. սև ստեղծագործություն» խորագրով ցուցահանդեսին


Մեծն Քրիստիան Դիորը նրա մասին ասում էր՝ «Նորաձեւությունը նման է նվագախմբի, եւ մեր ղեկավարը Բալենսիագան է: Մենք ընդամենը երաժիշտներ ենք, ովքեր հետեւում են նրա թելադրած ուղղությանը»:

«Քրիստոբալ Բալենսիագա. սեւ ստեղծագործություն» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է փարիզյան Բուրդել թանգարանում մինչեւ հուլիսի 17-ը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին