Անի Դաշյանը պատրաստվում է իր կյանքի կարեւորագույն իրադարձությանը:): 21TV-ի հաղորդավարուհին նախահարսանեկան պատրաստությունների եւ եռուզեռի մասին պատմել է BRAVO.am-ին, իսկ քանի որ այս օրերին շատ զբաղված է, զրուցել ենք հարսի պարի փորձի ընթացքում:
Անի Դաշյանը` հարսի պարի փորձերին
-Անի, ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները:
-Ամեն ինչ շատ հանգիստ, բնականոն հունով է ընթանում: Լարվածություն չկա, կարծես խուսափեցի նաեւ նախահարսանեկան դեպրեսիայից, որը գրեթե բոլոր հարսիկների դեպքում լինում է: Հարսանիքի թեման ճամփորդությունն է: Ես ու Լյուդոն ամեն բան շատ մանրակրկիտ մտածել ենք. Իտալիայից կարողացանք ձեռք բերել նույն թեմատիկայով տարոսիկներ, իսկ հրավիրատոմսերը պատվիրեցինք Մոսկվայում:
-Արդեն ընտրե՞լ ես հարսանեկան զգեստդ:
-Հարսի շորի ընտրությունն, ի զարմանս ինձ, շատ արագ ստացվեց: Ես հագա այն եւ ասացի` իմն է: Ինձ համար կարեւոր էր, որ շորս լինի առանց ավելորդ քարերի, փուլերի եւ զարդերի:
Անի Դաշյանը` հարսի պարի փորձերին
-Կյանքիդ այս փուլը լի է արկածներով: Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ես գրանցել հուշերի քո մատյանում:
-Շատ հետաքրքիր դեպքերից կառանձնացնեմ այս մեկը (ծիծաղում է- հեղ.): Ամիսներ առաջ մեկնեցի Մոսկվա: Սիրելիս ինձ դիմավորեց օդանավակայանում, շատ ուրախ ճանապարհ ընկանք: Երբ հասանք շենքի մոտ, ես, չգիտես ինչու, որոշեցի անել հետեւյալ արտահայտությունը` “Մի բան ասե՞մ: Ինձ թվում է` ուրիշի ճամպրուկն եմ վերցրել:)”: Իհարկե, Լյուդոյին թվաց, թե կատակում եմ, բայց հարցրեց` անունս չեմ նայել ճամպրուկի վրա: Հնչեց իմ պատասխանը` “Նայեցի, ազգանվան վերջում “յան” էր, վերցրի: Դե, հասկանալի է, որ Երեւան-Մոսկվա չվերթում գրեթե բոլոր ուղեւորները հայեր էին… Այնուամենայնիվ, որոշեցինք ենթադրություններ չանել ու կարդալ ճամպրուկի վրայի անուն-ազգանունը, որտեղ գրված էր Վալյա, եթե չեմ սխալվում, Խաչատրյան:): Մենք շատ արագ ճամպրուկը հետ տարանք օդանավակայան, ու ամենակարեւորը, ես այնպիսի հանգստությամբ էի հետեւում, թե ինչպես է սիրելիս խառնված հարցնում, թե ինչ պետք է անել, եթե ճամպրուկը շփոթել ենք, կարծես ոչ թե ես, այլ հենց ինքն է խառնաշփոթի գլխավոր մեղավորը:): Բայց ամենազվարճալին դեռ առջեւում է. երբ աշխատակցուհին զարմացած դեմքով եւ աչքերը կլորացրած նայում էր մեզ, սկսեցի ծիծաղել: Պարզվում է` վերցրել էի փոքր, կարմիր ճամպրուկ, բայց իմ իրական ճամպրուկը բավական մեծ էր ու գազարագույն: Մինչեւ հիմա հիշում եմ այդ կնոջ ապշահար հայացքը, երբ գլուխը տարուբերելով անվերջ կրկնում էր, թե ինչպես կարելի էր շփոթել այս երկու` իրար հետ ոչ մի կապ չունեցող ճամպրուկները: Այդ հարցը մինչեւ այսօր ինձ էլ է հուզում:): Բայց սա էլ դեռ ամենը չէ. ճամպրուկի մեջ հարսի զգեստ էր, իսկ հաջորդ օրն այդ աղջկա հարսանիքն էր, ով իմ անփութության պատճառով հիստերիայի մեջ հեռացել էր օդանավակայանից` կարծելով, թե զգեստը կորել է: Առիթից օգտվելով` ուզում եմ ներողություն խնդրել եւ երջանկություն մաղթել Վալյային:
-Իսկ ինչպիսի՞ն էր փեսացուիդ արձագանքն այս ամենին:
-Շատ են տպավորել սիրելիիս խոսքերը` “Կյանքս, ախր դու հարսի շոր ունեիր, ինչո՞ւ էիր ուրիշինը վերցրել”:
Անի Դաշյանը` հարսի պարի փորձերին
-Ինչպիսի՞ հարսանիք եք պլանավորում:
-Ժամանակակից եւ ավանդական հարսանիքի միքս է լինելու: Ինձ համար սպասված պահերից է նաեւ հարսի պարը: Միշտ հիացել եմ, երբ հարսիկները գեղեցիկ են պարել, ու միշտ նյարդայնացել եմ, որ շատերն ուղղակի պարտականություն են կատարել ու, այսպես ասած, դախավարի են պարել: Որոշել էի` եթե չստացվի, ավելի լավ է չպարեմ: Իհարկե, հենց առաջին փորձից իմ լավ ընկեր, “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ասաց.“Դաշյաաաան, լավ ենք պրծել, համ սլուխ ունես, համ էլ դախ չես:)”: Հուսով եմ` Վիկան ինձ հույս տալու համար այդպես չասաց: Ամեն դեպքում պարն արդեն պատրաստ է: Պարելու եմ պրոֆեսիոնալ պարուհիների ուղեկցությամբ, որոնց շատ շնորհակալ եմ: Մեր շատ սիրելի Քրիստինե Պեպելյանի խորհրդով պարելու եմ հայկական ավանդական “Ուզունդարա”:
-Ովքե՞ր են լինելու ձեր կողքին ձեզ համար այդքան կարեւոր այդ օրը: Անակնկալներ սպասվո՞ւմ են:
-Հարսանիքին ներկա կլինեն մեր մտերիմներն ու ընկերները, գործընկերները: Անակնկալներ, իհարկե, կլինեն, բայց դրա մասին խոսելը վաղ է: Տորթի արարողությունից հետո բոլոր հյուրերը կուրախանան DJ Smoke-ի սեթերի ներքո:
Անի Դաշյանը` հարսի պարի փորձերին
-Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Անի Դաշյանի անձնական ու աշխատանքային կյանքում հարսանիքից հետո:
-Փոխելու եմ բնակությանս վայրը, ունենալու եմ իմ առանձին ընտանիքը, որը առողջ հիմքի վրա է ստեղծվում: Այլեւս մայրիկիս մատուցած սուրճի բույրից չեմ արթնանալու: Իմ փոխարեն ամեն ինչ մայրիկս չի անելու ու իր վրա չի վերցնելու իմ բոլոր պարտականությունները… Իհարկե, շատ դժվար կլինի ապրել ընտանիքիցս, հատկապես մայրիկիցս հեռու, ով ինձ համար արել է անհնարինը, ով ինձ համար եւ մայր է, եւ քույր, եւ լավագույն ընկերուհի, բայց հուսով եմ` մի օր կկարողանամ փոխհատուցել նրան իր արածի գոնե մի քանի տոկոսը: Ամեն դեպքում կփորձեմ, փոխհատուցումս կլինի նաեւ անձնական երջանկությունս եւ գործնական հաջողություններս: Երբեք չեմ արտահայտվել, բայց հիմա ուզում եմ շատ բարձր ասել` սիրուուուուում եմ քեզ, մամ ջաաաաան, ուրախ եմ, որ քո աղջիկն եմ, որ դու ես իմ մաման, միշտ կողքիս եղիր, իմ պահապան հրեշտակ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: