×


Բացառիկ կադրեր հայտնի դերասաններով հայկական նոր սերիալից

«Կարմիր բլուր»` այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր բազմասերիանոց նախագիծը, որը ATV-ի եթերում կլինի հունվարի 8-ից: BRAVO.am-ի հետ զրույցում այս անգամ որպես պրոդյուսեր եւ բեմադրող ռեժիսոր հանդես եկող Ելենան պատմել է նոր աշխատանքի մասին եւ բացառիկ լուսանկարներ տրամադրել նկարահանումներից:

«Երբ հստակեցվեց, թե երբ է ավարտվում «Եթե գտնեմ քեզ» սերիալը, սկսեցինք մտածել նորի մասին: Հանդիպեցի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, քննարկեցինք ու որոշեցինք նոր նախագծի գաղափարը, հասկացանք, որ գործող անձինք պետք է կապված լինեն իրար հետ եւ բնակվեն նույն թաղամասում»,-պատմել է ռեժիսորը եւ հավելել.«Մեր թաղամասերի անունները շատ հետաքրքիր եւ կոլորիտային են, բայց քանի որ մեր հերոսների պատմությունները բավականին խճճված են եւ շատ առեղծվածային, պետք էր գտնել մի թաղամաս, որն իր անվան մեջ կպարունակեր այդ առեղծվածը, գաղտնիքներ կունենար: Եվ քանի որ մեր սցենարիստը մոտավորապես այդ հատվածում է ծնվել, մեծացել, որոշեցինք ընտրել Կարմիր բլուրը: Այն բավական հետաքրքիր պատմություն ունի, ուրարտական քաղաք է եղել, որը գտնվել է Հրազդան գետի ձախ ափին եւ պատմամշակութային արժեք է իրենից ներկայացնում: Քաղաքի հետ կապված առ այսօր հետաքրքիր պատմություններ կան, պեղումները դեռ շարունակվում են այդ հատվածում, ներքեւի մասում թաղամաս կա, իսկ գագաթին ամրոց է եղել»:

«Կարմիր բլուր» սերիալի նկարահանումներին


Նախագծի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, օպերատորը` Եղիշ Սողոմոնյանը, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը: «Կստեմ, եթե ասեմ, որ ինքս եմ արել դերասանների քասթինգը. ունեմ մեծ թիմ եւ իրավունք չունեմ նրանց կարծիքը հաշվի չառնել: Հիմնականում միասին ենք ընտրել, բայց քանի որ ես ունեմ ռեժիսորական հոտառություն ու շատ եմ սիրում կադրում նոր դեմքերի տեսնել, այս նախագծում եւս ընդգրկված են հեռուստադիտողին դեռեւս անծանոթ երիտասարդ հերոսուհիներ»,-նշել է Ելենան:

Աշոտ Հակոբյանը


Արտաշես Ալեքսանյանը


Առաջին սերիաներում գործողությունները ծավալվում են 1993 թվականին: Ռեժիսորի խոսքով՝ շատ մանրակրկիտ են ընտրել այն դերասաններին, ովքեր ֆիլմում մարմնավորում են գլխավոր հերոսների երիտասարդությունը.«Աշոտ Հակոբյանը Արտաշես Ալեքսանյանի երիտասարդ տարիքն է ներկայացնում, իսկ Մովսես Նիկողոսյանը` Սամվել Սարգսյանի: Առաջին սերիաներում նկարահանվել են նաեւ Արփինե Իսրայելյանը, Արաքսյա Մելիքյանը, Սամվել Գեւորգյանը, ինչպես նաեւ 9-12 տարեկան երեխաներ»:

Մովսես Նիկողոսյանը


Սամվել Սարգսյանը


Բացի Արտաշես Ալեքսանյանից եւ Սամվել Սարգսյանից, սերիալի գլխավոր հերոսներն են Սարգիս Գրիգորյանը, Վահե Զիրոյանը եւ Վարդան Հովսեփյանը: Ելենան հույս ունի, որ հեռուստադիտողը կհավանի իրենց նոր աշխատանքը. «Ընտրել ենք լավ դերասանական կազմ, որ հեռուստադիտողը հենց սկզբից հավատա եւ ապրի մեր հերոսների կյանքով: Կարծում եմ՝ սերիալը կկարողանա հեռուստադիտողներին տեղափոխել 90-ականներ, երբ ծանր տարիներ էին, չկար լույս, ջուր, գազ: Հետպատերազմական կամ պատերազմի մեջ գտնվող երկրի համար դժվար տարիները թող միայն որպես հուշ մնան: Նկարահանումներ ենք ունեցել Սուրենավան գյուղում, որտեղ բնակչության կողմից ջերմ ընդունելության ենք արժանացել: Նկարահանումներին մասնակցել են երեխաներ, որոնց համար գուցե տարօրինակ լիներ այն, որ լույս կամ ջուր պետք է տային, որպեսզի լողանան: Այսպիսի փոքրիկ դրվագներ կան ֆիլմում, յուրաքանչյուրս փորձել է իր հուշերից որեւէ մեկը դնել ֆիլմում, դերասաններն էլ այն տարիքի մարդիկ են, որ անցել են այդ ամենի միջով եւ փորձում են լավագույնս ներկայացնել իրավիճակը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport