“Reincarnation” ռեգգի-խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի եւ “Գոհար” համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանի` 2014-ի նոյեմբերին տեղի ունեցած հարսանիքի մասին BRAVO.am-ը պատմել է: Այս անգամ երգչի կնոջ հետ զրուցել ենք զգացմունքների, ամուսնական կյանքի, մայրանալու եւ այլ թեմաներով:
Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը
Գայանեն մեր ընթերցողների համար բացահայտել է, թե ինչպես է ապագա ամուսինը գրավել իր սիրտը.“Ռոլանդն ինձ սիրահարվել է առաջին հայացքից: Սկզբում հանդիպելու պատրվակով անընդհատ թեյի էր հրավիրում, բայց պետք է խոստովանեմ, որ մերժում էի: Անցավ ժամանակ, եւ մենք սկսեցինք շփվել որպես գործընկերներ: Մի օր նա շատ անսպասելի եկավ եւ ասաց, որ իր կյանքի արեւն եմ, hետո էլ նվիրեց “Յար, արի” երգը, որի միջոցով փորձել է նկարագրել, թե որքան եմ տանջում ու խաղում իր հոգու հետ, թեպետ ես այդ կարծիքին չէի:)”:
Զույգը չորս ամիս է` ապրում է միասին, եւ պարուհու խոսքով` զգում եւ գնահատում են ընտանեկան ջերմությունը.“Հաճելի է, երբ ուզում ես հնարավորինս շուտ տուն հասնել ու լինել սիրելիիդ կողքին”: Նա գնահատում եւ կարեւորում է Ռոլանդի անկեղծությունն ու հավատարմությունը.“Կարողանում եմ նրան բնորոշել մեկ նախադասությամբ` ամուսինս իր մեջ ունի աշխարհի բոլոր գույները”:
Գայանե Հովհաննիսյանը
Գայանեն նշում է, որ շփման սկզբնական շրջանում իրենք մարդկային տեսակով ակնհայտ տարբեր են եղել, բայց ժամանակի ընթացքում նմանվել են եւ այսօր արդեն լրացնում են միմյանց.“Մեր մտերիմները մեզ նմանեցնում են առյուծի եւ վագրի: Չգիտեմ` որքանով է այդպես, բայց այն, որ մենք լրացնում ենք միմյանց, հաստատ է”:
Ռոլանդի եւ Գայանեի հարաբերություններում խանդն իր տեղն ունի եւ դիտվում է որպես սիրո արտահայտչամիջոց.“Երբ կա առողջ խանդ, կա նաեւ սեր, բայց հաճախ խանդը նաեւ խանգարում է: Չնայած` երկուսս էլ համառ ենք, հաշտության առաջին քայլը միշտ ամուսինս է անում”:
Գայանե Հովհաննիսյանը եւ Ռոլանդ Գասպարյանը
Պարուհին շատ է սիրում ամուսնու համար համեղ եւ գունեղ ուտեստներ պատրաստել, նշում է` խոհանոցում Ռոլանդն այնքան էլ խստապահանջ չէ.“Նա շատ ուրախ մարդ է, սիրում է անակնկալներ մատուցել, գիտի` որ ծաղիկներն եմ սիրում եւ հաճախ է նվիրում, բայց առավել հաճելի է, երբ երգեր է նվիրում: Ռոլանդն ամեն օրս հաճելի է դարձնում, երբ առավոտյան արթնացնում է` ասելով, որ սիրում է”:
Մայրանալն ու սիրելիին երեխա պարգեւելը Գայանեի երազանքն է.“Երբ ամուսնանում ես, գիտակցում ես, որ պետք է ունենաս լիարժեք ընտանիք: Ես, լինելով պարուհի, չեմ վախենում կորցնել կազմվածքս: Ռոլանդի հետ Աստծո կամոք սպասում ենք այդ հրաշքին”:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գայանե Հովհաննիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: