Ապրիլի 21-ին ջազմեն Գարի Քյոսայանը Երեւանում հանդես եկավ հերթական գեղեցիկ համերգով, իսկ ապրիլի 27-ին իր տարեդարձի առթիվ ջազային ելեւէջներով երեկո էր կազմակերպել մտերիմների համար։ BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել է Գարի Քյոսայանի եւ Ալլա Սահակյանի տանը, լուսանկարել ամուսիններին եւ նրանց դստերը։
Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը
«Ծննդյանս օրը մեր տանը շատ ջերմ մթնոլորտում նվագում էի, ինչն ինձ համար նշելու լավագույն տարբերակն է։ Կարծես փոքր համերգային երեկո լիներ, ջազային հետաքրքիր ծրագիր ունեցանք։ Հաճելի էր զանգեր ստանալ Եվրոպայում, ԱՄՆ-ում ապրող ծանոթներիցս. ոչ մեկի շնորհավորանքին չէի սպասում, բայց ով հիշեց, շոյված ու զգացված եմ»,-մեզ հետ զրույցում ասել է երաժիշտը:
Համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանն էլ պատմել է, որ իրենց դուստրը` 2,5 տարեկան Մարիան, շատ փոքրիկների նման, սիրում է տորթի մոմերը փչելու պահը.«Բայց երեկույթներին ամենից շատ սպասում է երաժշտությանը, որովհետեւ արդեն իր նախընտրած ստեղծագործություններն ունի, որոնց ժամանակ հետաքրքիր շարժումներ է անում։ Դեռ վաղ է կանխատեսումներ անել, բայց ակնհայտ զգացվում է, որ ռիթմի զգացողություն ունի»։
Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը` Մարիայի հետ
Ալլան խոստովանել է, որ ամուսինը չի սիրում իր տարիքը բարձրաձայնել.«Գարին ինձ համար երիտասարդ է, տարիքային մեր տարբերությունը հարաբերություններում չենք զգում: Որպես երաժիշտ, ամուսին, հայր, ամեն իմաստով ինձ համար լավն է: Ամուսինս խստապահանջ է: Նրա այդ հատկանիշը շատ եմ կարեւորում. լսում ենք մեկս մյուսի քննադատությունը, երկուսս էլ ձգտում ենք կատարելագործվել, այլապես արդյունքի չենք հասնի։ Տանը ես փորձում եմ ընտանեկան հարմարավետություն ստեղծել, որովհետեւ ստեղծագործող մարդիկ դրա անհրաժեշտությունը շատ ունեն»։
Շուրջ 25 տարի Միացյալ Նահանգներում բնակված ջազ կոմպոզիտորը որոշել է այսուհետեւ հայրենիքում ապրել.«Գարին ԱՄՆ-ում ապրելու տարիներին շատ լավ տեղյակ էր Հայաստանի անցուդարձին, հնարավորինս օգնում էր իր բարեկամներին, բայց որոշեց ամեն ինչ թողնել ու այստեղ ապրել: Նա հպարտանում է իր ազգությամբ, վստահ է, որ Հայաստանը լավ ներուժ ունի, քանի որ մեր ազգը բարձր ինտելեկտով ու տաղանդավոր է»։
Ալլա Սահակյանը եւ Գարի Քյոսայանն` իրենց դստեր հետ
Գարի Քյոսայանը BRAVO.am-ին նաեւ պատմել է իր հիշարժան ծննդյան օրերի մասին.«Մանկության տարիներից տպավորվել է 5-ամյակս, երբ նվեր ստացա կարմիր կոշիկներ, որոնք այնքան շատ էի սիրում, որ քնելիս պահում էի անկողնուս տակ ու սպասում լույսը բացվելուն, որ հագնեմ:): Իսկ Ամերիկայում ապրելու տարիներին իմ տարեդարձն ու «Քեզ համար» ձայնասկավառակիս շնորհանդեսը կազմակերպեցինք օվկիանոսի ափին։ Գիշերը սեղանների մոտ խարույկներ էինք վառել, բարձր հնչում էր երաժշտությունը, իսկապես տպավորիչ օր էր։ Այդ սկավառակս ԱՄՆ-ում ճանաչվեց տարվա լավագույնը»:
Ջազմենը տեղեկացրել է, որ այժմ զբաղվում է նոր՝ «Ծիր Կաթին» սկավառակի աշխատանքներով.«Նախատեսում եմ 7-9 ստեղծագործություն ընդգրկել, մի մասն արդեն ձայնագրել եմ, ֆինանսական խնդիրները երբ լուծենք, մյուս մասն էլ կձայնագրենք ու կթողարկենք»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: