×


Գիլանի եւ Այոմիի հետ սպասված հանդիպման տպավորիչ դրվագները

Պատմական հանդիպումից ինը տարի անց «Արամ Խաչատրյան» համերգասրահը երեկ կրկին հյուընկալել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իէն Գիլանին ու Թոնի Այոմիին: «Deep Purple»-ի մեներգիչն ու «Black Sabbath»-ի կիթառահարը Հայաստան են եկել՝ նշելու Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված «Rock Aid Armenia» ծրագրի 30-ամյակը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահը վաղուց այդպիսի բուռն ծափողջույններ չէր լսել: Բավական էր՝ լեգենդար երաժիշտները հայտնվեին բեմում, եւ հանդիսատեսը հոտնկայս դիմավորեց նրանց՝ բրավորների եւ ուրախ բացականչությունների ուղեկցությամբ:

Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը


Միջոցառումը վարում էին «Rock Aid Armenia» նախագծի հիմնադիր Ջոն Դին եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը: Նրանք երեկոյի սկզբում ներկայացրին «Rock Aid Armenia»-ի պատմությունը. թե ինչպես են 1989-ին ձայնագրել լեգենդար Smoke on the Water երգի նոր տարբերակը, ինչպես Մեդիամաքսը 2009 թվականին բացահայտեց, որ լրանում է նախագծի 20-ամյակը եւ որոշեց Ջոն Դիին եւ ռոք-աստղերին հրավիրել Հայաստան եւ երախտագիտություն հայտնել: Այդպես ծնվեց Armenia Grateful 2 Rock նախագիծը: Եվ երբ նրանք այցելեցին Հայաստան ու եղան տնակային պայմաններում գործող Գյումրիի N 6 երաժշտական դպրոցում, Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծերի գլխավոր նպատակը դարձավ դպրոցի վերակառուցումը:

Նախագծերի հիմնադիրներն ու մասնակիցներն այժմ էլ շարունակում են նոր գաղափարներ իրականացնել եւ միջոցներ հավաքել՝ երաժշտական դպրոցին կրկին օժանդակելու համար:

Ջոն Դին տեղեկացրեց, որ Վահան Արծրունին եւ Հասմիկ Բաղդասարյանը Rock Aid Armenia-ին են նվիրաբերել Մեսրոպ Մաշտոցի շարականների ալբոմը, որն առաջիկայում կսկսվի վաճառվել թվային հարթակներում, իսկ ստացված հասույթը կօգտագործվի Գյումրիի դպրոցի համար երաժշտական գործիքներ գնելու համար:


Հետո եկավ ամենասպասված պահը՝ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին պատասխանեցին հանդիսատեսի մի քանի հարցերին: Մինչ այդ, սակայն, նրանք հասցրին նաեւ պարգեւատրել մայիսին հայտարարված մրցույթի հաղթողին՝ կիթառահար Խորեն Միքայելյանին: Հենց նրան էլ բախտ վիճակվեց ստանալ Թոնի Այոմիի կողմից ստորագրված Gibson SG Standard 2019 Ebony կիթառը: Երաժիշտը, իհարկե, չէր կարողանում թաքցնել հուզմունքը, շնորհակալություն հայտնեց՝ իրեն նման հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ 30 տարի առաջ «Rock Aid Armenia» բարեգործական ծրագիրը ստեղծելու համար:

Հատկանշական է, որ հարցուպատասխանի հատվածում ոչ միայն հարցեր հնչեցին ներկաների շարքերից, այլեւ երկրպագուներից մեկը ցանկություն հայտնեց երաժիշտներին հայկական գամփռ նվիրել: Մի աղջիկ էլ, ով, ինչպես պարզվեց Գյումրու երաժշտական դպրոցի աշակերտներից է եւ տարիներ առաջ լուսանկարվել է Իէն Գիլանի հետ, խնդրեց 6 տարի անց կրկին լուսանկարվել միասին՝ ձեռքում ունենալով իրենց հին նկարը: Երաժիշտը, իհարկե, չմերժեց, աղջիկն էլ բեմից հեռացավ երջանիկ ժպիտը դեմքին:


Հանդիսատեսի շարքերում ներկա էին նաեւ հայտնի լրագրողներ, հաղորդավարներ, երաժիշտներ, հասարակական, քաղաքական գործիչներ, իսկ նրանցից մի քանիսը նույնիսկ հանդես եկան իրենց հարցերով: Հաղորդավար Եգոր Գլումովը, օրինակ, հետաքրքրվեց՝ հնարավոր է՝ մի օր ֆիլմ նկարահանվի նաեւ «Black Sabbath»-ի կամ «Deep Purple»-ի երաժիշտների մասին, ինչպեց վերջերս նկարահանվեց Ֆրեդի Մերկուրիի կամ Էլթոն Ջոնի մասին: Թոնի Այոմին պատասխանեց, որ նման առաջարկ ստացել են BBC-ից, սակայն դեռ հայտնի չէ՝ ֆիլմը կնկարահանվի, թե ոչ. «Նրանք առաջարկել են 8 մասանոց ֆիլմ նկարահանել խմբի երաժիշտներից յուրաքանչյուրի մասին՝ ներկայացնելով խմբի ամբողջական պատմությունը: Սակայն ես չգիտեմ, թե նրանք ինչպես են պատրաստվում դա անել: Իհարկե, վատ չէր լինի, եթե նման ֆիլմ նկարահանվեր: Հուսով եմ՝ կստացվի»,- ասաց երաժիշտը:

Ներկաներից մեկն էլ հարցրեց՝ ինչ պետք է անի հայ ժողովուրդը, որ նրանք Հայաստանում կրկին համերգ տան: Իէն Գիլանն էլ կեսկատակ պատասխանեց. «Հաշվի առնելով այն, որ նախորդ անգամ 20 տարի տեւեց, մինչեւ ստացվեց համերգը, ուրեմն մի քսան տարի հետո էլ մյուսը կստացվի երեւի»:

Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը


Հանդիպման ավարտին Ջոն Դին եւս մեկ անգամ դիմեց հանդիսատեսին՝ հորդորելով անտարբեր չլինել եւ աջակցել իրենց՝ Գյումրու երաժշտական դպրոցի համար նոր գործիքներ ձեռք բերելու հարցում: «Եթե կցանկանաք օգնել, կարող եք դիմել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանին»,- ասաց նա: Ներկաներն այս առաջարկը եւս ողջունեցին ու կրկին բարձր ծափերով ճանապարհեցին սիրելի երաժիշտներին՝ նոր հանդիպման ակնկալիքով:

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): Գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է: Երեկոն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո։ 

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport