×


Գոհարը, Լուսինեն, Իրինան, Մերին եւ այլք` “Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը” ցուցահանդեսին

“Մայրիկ, հանգիստ եղեք, Ձեր երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում: Գիտե՞ք` ինչու, որովհետեւ նրան կերակրել եք կրծքի կաթով: Հետո իմացա, որ մայրիկը սուր աղիքային վարակ ուներ: Կրծքով սնուցումը կարող է Հայաստանում տարեկան առնվազն 60 նորածնի կյանք փրկել”. հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը երեկ հենց այս պատմությամբ ազդարարեց “Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը” խորագրով ցուցահանդեսի բացումը “Կառլ Լեւոնի” պատկերասրահում:

Մերի Ներսիսյանը, Լուսինե Թովմասյանը եւ Գոհար Հարությունյանը


Առաջին ալիքի “Մայրիկների ակումբ” հաղորդաշարի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված է 40 լուսանկար, որոնցում կտեսնեք նաեւ հայտնի կանանց, այդ թվում` Գոհար Հարությունյանին եւ Իրինա Թովմասյանին` իրենց բալիկների հետ:

Երգչուհի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լեւոնյանը նշել է, որ իր երեք երեխային էլ կերակրել է կրծքով.“Իմ փորձից կարող եմ ասել, որ այդ կերպ հոգեբանական հետաքրքիր կապ է ստեղծվում մոր եւ երեխաների միջեւ: Երբ երրորդ երեխաս ծնվեց, բժիշկը հարցրեց` արդյոք պատրաստվում եմ կրծքով կերակրել: Դրական պատասխանիցս զարմացած` նա ասաց, թե բազմաթիվ հայտնիներ իրենց կազմվածքը պահպանելու համար հրաժարվում են կերակրել: Երգչուհի, քաղաքական գործիչ լինելուց առավել կարեւոր է մայր լինելը: Խորհուրդ եմ տալիս թողնել ձեւական կողմերը, որպեսզի երեխան առողջ մեծանա”:

"Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը" խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից


Երեխային կրծքով կերակրելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը բարձրաձայնող ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարիչներ Եվգենյա Էվոյանի, Արեւ Գեւորգյանի, Անի Կիրակոսյանի եւ Իննա Մխիթարյանի աշխատանքները: Ի դեպ, Իննան եւ Եվգենյան եւս կերակրող մայրիկներ են:

Ցուցահանդեսը բաց է նաեւ այսօր: Այցելուների աչքից չի վրիպի Երեւանում առաջին լուսանկարչատան հիմնադիր Գաբրիել Խանոյանի կողմից 1927 թվականին արված այս թեմայով առաջին լուսանկարը, որտեղ նկարչի կինը կերակրում է իր փոքրիկին:

"Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը" խորագրով ցուցահանդեսին


Կազմակերպիչների խոսքով` գարնանը “Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը” խորագրով ցուցահանդեսը կիրականացնեն նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Մայրիկների ակումբ”-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW