«Հայ Սուպերսթար» երաժշտական նախագծին մասնակցելուց հետո Գոռ Հարությունյանը ներկայացավ որպես դերասան` նկարահանվելով «Շանթ»-ի «Բանակում», այնուհետեւ «Քաղաքում» սերիալներում, նաեւ մեկ տեսահոլովակ թողարկեց եւ այլեւս նորություններով հանդես չեկավ: Թե ինչ հունով է ընթանում կյանքը հեռուստադիտողի աչքից հեռու, նա պատմել է BRAVO.am-ին:
Գոռ Հարությունյանը
Սկզբում ֆուտբոլն էր :)
Մանկությանս տարիներին երազում էի ֆուտբոլիստ դառնալ, 7 տարի այդ սպորտաձեւով եմ զբաղվել, բայց մի շրջան եկավ, երբ երգն ավելի շատ սիրեցի: Կարծում եմ` երգով դեռ շատ բան կապացուցեմ առաջին հերթին ինքս ինձ, հետո նաեւ հանդիսատեսիս. դրա ժամանակն էլ կգա անպայման:
«Ֆինանս, որը չունեի»
Սերիալներն ինձ ճանաչում բերեցին: Այդ ընթացքում նաեւ երգում էի ակումբում, բայց տեսահոլովակներ չէի նկարահանում, քանի որ դրա համար պետք էր ֆինանս, որը չունեի: Սպասում էի, որ կգա շրջան, երբ կկարողանամ պարբերաբար երգեր ներկայացնել, գումար ներդնել կարիերայիս համար: Որպես երգիչ կորել եմ միայն այն պատճառով, որ գումար չի եղել նոր աշխատանք ներկայացնելու համար:
Առաջարկի սպասումով
Սերիալների ավարտից հետո նոր առաջարկներ չունեցա, թեեւ սպասումներ կային: Կարծում էի` այլ դերի առաջարկ կստանամ ու մեծ հաճույքով կխաղամ: Իմ մեղավորությունն էլ կա. քայլեր չարեցի, չհետաքրքրվեցի, որպեսզի շարունակություն լիներ: Գաղտնիք չէ, որ այսօր ծանոթը, բարեկամը կարողանում են շատ մեծ հարցեր լուծել: Ծանոթներ շատ ունեմ, բայց խնդրելու սովորություն չունեմ: Մտածում եմ` եթե ինչ-որ գործում չկամ, ուրեմն պետք չի:
Գոռ Հարությունյանը
Վարկով տեսահոլովակ
Ընկերներիս օգնությամբ, հորդորով, վարկով նկարահանեցի «Շարքային Հարությունյան» երգի տեսահոլովակը, որից հետո ենթադրում էի` կլինեն նոր աշխատանքներ, բայց չեղան: Բոլորս էլ տեսնում ենք, թե այսօր ինչ են երգում, որ գումար աշխատեն, եւ երբ հերթը հասավ դրան, որ ես էլ պետք է նմանատիպ երգեր կատարեի, հապաղեցի, բայց այս իրավիճակը ժամանակավոր է:
Ակումբային աշխատանք
Այս շրջանում շարունակում եմ երգել ակումբում: Այս աշխատանքն ինձ տվել ու տալիս է երգի ասպարեզում ավելի վարժ ու գրագետ դառնալու հնարավորություն, շփվել հանդիսատեսի հետ, ավելի շատ երգեր սովորել ու պրոֆեսիոնալ դառնալ: Որպես երգիչ շատերն են ինձ մոռացել, որովհետեւ «Հայսուպերսթարից» հետո երեւացել եմ միայն մի տեսահոլովակով:
«Եթե պրոդյուսեր ունենայի»
Կուզեմ լավ պրոդյուսեր ունենալ, բայց նախ պետք է շատ լավ ճանաչեմ նրան: Եթե պրոդյուսեր ունենայի, գուցե հիմա ավելի հայտնի լինեի: Առաջարկներ չեմ ունեցել, որ լինեն, մեծ սիրով կընդունեմ, կհամագործկացնեմ:
Գոռ Հարությունյանը
Վնասակար աշխատանք:)
Խնջույքներ վարելու բազում առաջարկներ եմ ունեցել, բայց չեմ համաձայնել: Ես կարող եմ իմ ընկերների շրջապատում կենացներ, լավ խոսքեր ասել, բայց այդ աշխատանքը հաստատ իմը չէ: Սկզբունքներ կան, որոնք չեմ կարող անտեսել: Օրինակ, եթե մեկն արբած մոտենա ինձ եւ սխալ բան ասի, չեմ կարող չպատասխանել ու շարունակել իմ աշխատանքը: Գիտեմ, որ այդ աշխատանքը վնասակար կլինի առաջին հերթին ինձ համար:):
Եղբայրներով
Ապրում եմ ծնողներիս, տատիկիս, պապիկիս եւ եղբորս հետ: Ես եւ եղբայրս երգում ենք ու ամեն բան անում, որպեսզի տանը խնդիրներ չլինեն: Այնպես է ստացվել, որ այս շրջանում աշխատում եմ` ընտանիքիս հոգսը թեթեւացնելու համար, երեւի պատճառը դա է նաեւ, որ չեմ հասցնում ինձ վրա գումար ծախսել:
Հիասթափություն
Ամենից շատ հիասթափվել եմ նրանից, որ պակասել է ժպիտը, որովհետեւ մեր երկրում շատերն ուղղակի գոյատեւում են. ապրուստի միջոց չկա: Մեկ անգամ ենք ապրում, լավ կլինի, որ մեր կյանքը նորմալ ու մարդկային անցկացնենք:
Սիրտս զբաղված է
Սիրտս զբաղված է, բայց շատ չեմ ուզում խոսել անձնականիս մասին, քանի որ ժամանակին այն շատ է քննարկվել: Միայն կասեմ, որ շատ պատահական ենք ծանոթացել, նա շոու բիզնեսի հետ կապ չունի, ինչի համար շատ ուրախ եմ: Կարծում եմ` այս տարեվերջին կնշանադրվենք:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է Jose ակումբում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: