Նա Սահակյանցների հայտնի տոհմից է. անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թոռը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի որդին, իսկ լայն մասսաները նրան ճանաչում են որպես “Տիգրանի մոլորակը” սերիալի գլխավոր դերակատար Տիգրան: BRAVO.am-ը զրուցել է Գոռ Սահակյանցի հետ, ինչպես նաեւ լուսանկարել Երեւանի Կասկադում:
Գոռ Սահակյանցը
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանողն առաջին անգամ էկրանին երեւացել է “Հրեշտակների դպրոցը” սերիալում` մարմնավորելով Արեգին, ապա ընդունել է “Տիգրանի մոլորակ”-ում գլխավոր հերոսի դերում հանդես գալու առաջարկը:
Մեզ հետ զրույցում Գոռն ասել է` թեեւ այնպես է ստացվել, որ այժմ նկարահանվում է սերիալում, բայց նախօրոք չի ընդունվել ինստիտուտի դերասանական բաժինն այն պատճառով, որ շատ ամաչկոտ է. “Ամաչկոտությանս պատճառով հաճախ չեմ արտահայտվում, դրա համար էլ ընդունվել եմ ռեժիսուրայի ֆակուլտետ, որպեսզի ֆիլմերս խոսեն իմ փոխարեն”:
"Տիգրանի մոլորակը" սերիալում Տիգրանի դերակատար Գոռ Սահակյանցը
Սերիալային դերասանը պատմել է, որ սկզբնական շրջանում իր ամաչկոտությունն իրեն նույնիսկ նկարահանման հրապարակում է խանգարել, իսկ այժմ ամեն ինչ ավելի հեշտ է, բայց, այնուամենայնիվ, նկարահանումների ժամանակ առնչվում է որոշ խնդիրների հետ.“Ամենադժվարը Տիգրանի կերպարի մեջ մնալն է. իրոք շատ դժվար է մարմնավորել մի կերպար, որը քեզ հետ շատ քիչ ընդհանուր բան ունի”:
Գոռի փոխանցմամբ` իր եւ Տիգրանի հիմնական նմանությունն էմոցիոնալությունն է, իսկ տարբերությունը` աշխատասիրությունը. “Իմ մարմնավորած կերպարն աշխատասեր է, իսկ ես, ցավոք, ոչ”:
Իհարկե, այսօր Գոռին ճանաչում են փողոցում, հաճախ են ցանկանում նկարվել հետը, մի անգամ էլ, ինչպես պատմել է, մոտեցել են ու ստորագրություն խնդրել. “Անկեղծ, չգիտեի` ինձ ինչպես պահել: Սկսել էի իսկապես կակազել:)”:
Գոռ Սահակյանցը
Դասերի եւ նկարահանումների պատճառով Սահակյանցների հետնորդը շատ քիչ ազատ ժամանակ է ունենում, բայց, երբ ունենում է, այն սիրում է անցկացնել ինչպես ֆուտբոլ նայելով, այնպես էլ խաղալով, կարդալով, ֆիլմեր դիտելով, եւ, իհարկե, նկարելով: Գոռը չի ժխտում, որ ապագայում հնարավոր է` զբաղվի մուլտարտադրությամբ, ինչպես իր հայրն ու պապը:
Նա, ինչպես նշել է, մուլտերի արտադրության ասպարեզում փորձ հավաքում է ի ծնե, սակայն “Robert Sahakyants Production”-ում գործի է անցել մոտ 5 տարի առաջ. “Այդ ժամանակ հայրս թույլատրեց, որ ներկեմ մուլտերի անգույն կադրերը, հետո էլ սկսեց ավելի բարդ ֆունկցիաներ վստահել ինձ: Վերջին մուլտֆիլմը, որի վրա աշխատել եմ, “Անահիտն” է: Այն էկրան կբարձրանա 2013 թվականին”:
Գոռը կարծում է` ցանկացած ասպարեզում պետք է իրեն լավագույնս դրսեւորի. “Ես շատ ուրախ եմ, որ Սահակյանցների ժառանգն եմ, բայց ինչքան ուրախ եմ, այդքան էլ մեծ է պարտականությունս մեր ազգանունը բարձր պահել, այդ իսկ պատճառով ես իրավունք չունեմ թուլանալու”:
Գոռ Սահակյանցը
BRAVO.am-ը տեղեկացավ նաեւ, թե որն է Գոռի ամենավառ հիշողությունը` կապված իր պապիկի` Ռոբերտ Սահակյանցի հետ. “Ամենավառ հիշողությունն իմ հիշողությունը չէ, այն ինձ պատմել են. երբ փոքր էի, ու տանը շատ ցուրտ էր` մութ ու ցուրտ տարիներին, ես պառկում էի պապիկիս փորին ու այդպես քնում”:
Ի դեպ, հատուկ Գոռ Սահակյանցի երկրպագուհիների համար հետաքրքրվել ենք` արդյոք երիտասարդ դերասանն ընտրյալ ունի. “Ընկերուհի չունեմ, սիրտս ազատ է:)”:
Իսկ նրա “ֆեյսբուքյան” էջում տեղ գտած աղջկա նկարը, որն ուղղորդված է “Սիրահարվել եմ, այս անգամ` լուրջ” գրությամբ, դերասանուհի Ռենի Ֆրենչի լուսանկարն է: Կադրը “Coffee and Cigarettes” ֆիլմից է, որը Գոռը շատ է սիրում, իսկ ինչ վերաբերում է ծխող աղջիկներին. “Ես համակրում եմ կանացի աղջիկներին: Աղջիկը կարող է ծխել ու լինել կանացի եւ հակառակը”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: