×


Գործագործ. Ինձ ընկալում էին որպես շիկահեր աղջիկ, մոդել, բայց ոչ բլոգեր

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Վերջին Գործագործում զրուցել ենք բլոգեր Մարիաննա Քաբաբյանի հետ:



- Դասական բլոգերները դեռ գոյությու ունե՞ն:
- Այո: Ես դասական բլոգեր եմ, մարդ եմ, ով դեռեւս կայք ունի, որտեղ գրում է, իր լսարանի հետ շփվում է տեքստով: Հիմա շատ են ինստա-բլոգերները, յութուբ-բլոգերները, բլոգերները, ովքեր միայն սոցիալական ցանցերում են ակտիվ, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ բլոգերը շփվի իր լսարանի հետ տեքստի միջոցով: Մինչեւ հետեւորդներ կոչվելը, նրանք ընթերցող էին, ինչի մասին պետք չէ մոռանալ: Կարծում եմ, որ դասական բլոգգինգը չի մահանա սոցիալական ցանցերում գործող բլոգերների ակտիվության համատեքստում: Այնպես որ, մենք կանք ու կլինենք :

- Բլոգերը պետք է լինի սիրուն աղջի՞կ, թե՞ գրի հետաքրքիր տեքստեր:
- Հիմա մարդիկ ավելի շատ են սիրում կարդալ տեքստեր, քան 8 տարի առաջ, երբ ես դեռ նոր էի սկսում: Բայց այն ժամանակ այդքան բծախնդիր չէին, որքան հիմա: Մարդիկ սիրում են անկեղծ տեքստեր կարդալ, միանգամից նկատում են կեղծիքը: Ընտրությունը լայն է, բլոգերները շատ են ու պարզապես կարող են unfollow անել մարդուն, եթե չեն հավանում նրա ձեռագիրը, մտքերը, տեսքը: Բովանդակության վրա շատ է պետք աշխատել:

Ինչ վերաբերում է տեսքին, ապա դա շատ կարեւոր է, բայց կձանձրացնի, եթե չլցվի հետաքրքիր պարունակությամբ: Ինձ համար շատ վիրավորական էր, երբ տարիներ առաջ ինձ չէին ընկալում որպես բլոգեր, ընկալում էին որպես մոդել, որպես շիկահեր մի աղջիկ, այնինչ ես գիշեր-ցերեկ աշխատում էի բովանդակության վրա: Հիմա իրականությունը փոխվել է, բլոգերը ձեռք է բերել էլիտար ստատուս, մարդիկ ավելի հարգանքով են վերաբերում բլոգերներին:


- Ինչո՞ւ պատմել մարդկանց, թե ինչով ես զբաղվում օրվա մեջ, ուր ես գնում:
- Դա ինքնանպատակ չէ: Բլոգերների աշխատանքի նպատակը օգտակար լինելն է: Դու մարդկանց պատմում ես քո փորձի մասին, այն հնարավորությունների, որոնցից իրենք էլ կարող են օգտվել, բայց չգիտեն: Յուրաքանչյուր մասնագիտությամբ աշխատող մարդ կարող է լինել բլոգեր ու պատմել, թե ինչ կարեւոր իրադարձություններ կան այդ ոլորտում: Եթե դու իրավաբան ես, կարող ես բացել բլոգ ու գրել օրինագծերի մասին, որ մարդիկ իմանան, թե ինչ է քննարկվում խորհրդարանում: Եթե բժիշկ ես, կարող ես գրել պատվաստումների կամ դեղերի մասին, ինչը, վստահ եմ, շատ օգտակար կլինի: Մենք ծառայում ենք հասարակությանը:

- Բլոգերները գումար աշխատո՞ւմ են:
- Այո: Կան գովազդատուներ, ովքեր պատրաստ են վճարել՝ իրենց արտադրանքը կամ որեւէ միջոցառում գովազդելու համար:

- Չե՞ն ասում՝ դե արածդ ի՞նչ է որ:
- Երեւի թերարժեւորում են, որ չգոռոզանաս, չգիտեմ: Մեր աշխատանքը գեղեցիկ է, կողքից գեղեցիկ է նայվում: Մենք պարտավոր ենք ներկայացնել մեր կյանքի գեղեցիկ դրվագները: Բայց ես փորձում եմ մաքսիմալ անկեղծ լինել, եթե ունեմ առողջական խնդիր, դրա մասին պատմում եմ, եթե երեխաս ջերմում է, դրա մասին պատմում եմ, որովհետեւ կարծում եմ, որ մարդիկ պետք է զգան, որ դու իրենցից մեկն ես, որ չես կտրվել իրականությունից, որ կարող ես իրենցից մեկը լինելով՝ ունենալ գեղեցիկ կյանք:

Բայց մարդիկ ֆիքսում են միայն գեղեցիկ դրվագները, նայում են, մտածում են՝ wow, էս ինչ լավ է ամեն ինչ Մարիաննայի կյանքում: Փորձում եմ նրանց բացատրել, որ դա աշխատանքի մաս է, սա մասնագիտություն է, եւ ոչ ավելին: Երբ մի լաքշերի վայրից գնում եմ տուն, ես դառնում եմ մի սովորական մարդ, ով առաջիկայում պետք է կոմունալ վճարումներ կատարի, լուծի կենցաղային խնդիրները:

- Չկա՞ սահման, որը չես անցնի, չկա՞ մի բան, որի մասին հետեւորդներիդ չես պատմում:
- Սահմանը սուբյեկտիվ է. յուրաքանչյուր բլոգեր ինքն է որոշում, թե ինչը պատմի, ինչը ոչ:


- Չե՞ն խառնվում կյանքին, չե՞ն սկսում խորհուրդներ տալ:
- Ես դեմ չեմ, ամուսինս է դեմ: Եթե դու սիրում ես բլոգինգը, սիրում ես զրուցել, շփվել մարդկանց հետ, դա խնդիր չէ:

- Վատ մեկնաբանությունները ջնջո՞ւմ եք:
- Սկզբում դրանց բավական զգայուն էի վերաբերում, որովհետեւ ընտանիքիս անդամների համար առնվազն տարօրինակ էր իմ հասցեին նման կարծիքներ լսելը: Եղել են դեպքեր, երբ ընկերներս են պատասխանել վատ մեկնաբանություններ գրողներին, եղել է, որ դրանցից հետո լաց եմ եղել ու ջնջել դրանք: Եղել են հայտնի դեմքեր, որոնց լուքերը, արտաքինը քննարկման էի դնում, ու հետո նրանց ֆեյքերով շատ վատ բաներ էին գրում: Ամեն ինչ եղել է... Հիմա ժպիտով եմ հիշում այդ ամենի մասին, բայց առաջ դա ինձ համար շատ ցավալի, տհաճ թեմա էր: Ուրախ եմ, որ այս ամենն անցյալում է:

- Ինչպե՞ս ավելացնել հետեւորդների թիվը:
- Ես այն մարդը չեմ, ով խորհուրդներ կտա: 5 տարում ես ունեմ 10.000 հետեւորդ, որովհետեւ նախկինում քիչ եմ աշխատել Instagram-ի վրա, կենտրոնացած էի կայքի վրա, բայց հետո տեսա, որ ոչ՝ առանց Instagram-ի հնարավոր չէ: Երբեւէ գովազդ էլ չեմ միացրել ֆեյսբուքյան էջիս կամ Instagram-իս համար: Այնպես որ, չեմ կարող խորհուրդներ տալ:

- Տարօրինակ չե՞ն նայում, երբ անընդհատ հեռախոսդ ձեռքում նկարում ես:
- Արդեն ոչ: Բոլոր մարդիկ սոցիալական կյանքով են ապրում, դա արդեն դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը:


Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport