×


Գործագործ. «Արծաթագործությունը գեղեցիկ արվեստ չէ, սա մաֆիա է»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք արծաթագործ Անի Սարգսյանի հետ:



- Որտե՞ղ սովորել արծաթագործություն:
- Դրա համար գոյություն ունի YouTube:): Ես ոչ մեկի մոտ չեմ սովորել. ինքնուս եմ: Շատ էի ուզում զբաղվել արծաթագործությամբ, ինձ շատ պետք էր սովորել, մտա YouTube ու սկսեցի նայել, թե ինչպես են պատրաստում: Եթե մի բան շատ ես ուզում, գտնում ես ճանապարհներ: Հենց հասկացա, որ ուզում եմ սովորել, երկար չսպասեցի: Ամեն ինչ շատ արագ ստացվեց. գնացի ոսկու շուկա, գնեցի գործիքներ, հումք ու սկսեցի աշխատել: Առաջին փորձերս անհաջող էին, բայց փորձառություն ձեռք բերեցի:

Կա նաեւ երկրորդ ճանապարհը՝ դիմել որեւէ վարպետի: Հիմնականում ոսկերիչներն են սովորեցնում, բայց ես կարծում եմ՝ վարպետի մոտ սովորելը սխալ է. քառակուսու մեջ է դնում քեզ, սահմանների մեջ է գցում, անում ես այնպես, ինչպես վարպետն է սովորեցնում, եւ դժվար է ասել՝ կկարողանաս հետագայում ձեռագիր ձեռք բերել, թե ոչ: Եվ հետո, վարպետներն ամեն ինչ չեն սովորեցնում: Բոլորն ունեն գաղտնիքներ, կա մի կարեւոր բան, որը չեն սովորեցնում, գաղտնի է մնում: Ոչ մեկը մինչեւ վերջ չի սովորեցնում:

- Ինչո՞ւ են գաղտնի պահում:
- Սա գեղեցիկ արվեստ չէ, սա մաֆիա է:): Մրցակցությունը շատ մեծ է: Մենք 3 ընկերուհիներով ստեղծել ենք բրենդ, երեքով արծաթագործությամբ ենք զբաղվում ու հասցրել ենք շատ թշնամիներ ձեռք բերել: Բայց մենք ամեն դեպքում սոլիդար ենք բոլորի հետ:

- Թշնամիները Վերնիսաժո՞ւմ են:):
- Նաեւ:): Բայց դա խնդիր չէ, որովհետեւ գնահատողը հաճախորդն է: Մարդիկ լավ տեսնում են ու հասկանում են՝ որն է արծաթ, որն է արծաթաջրած բիժուտերիա, որ գաղափարն է գողացած, իսկ որն է ձեռքի լուրջ գործ:


- Գործիքներով աշխատելիս չե՞ս վնասում մատները:
- Ամեն օր:): Մուրճով աշխատանքի ժամանակ մատներիս պարբերաբար հարվածում եմ, բայց ամեն ինչ նորմալ է. մատներս դեռ աշխատում են:

- Չե՞ն ասել՝ արծաթագործությունն աղջկա գործ չէ:
- Շատ են ասել: Չգիտես ինչու, մեզանում ընդունված է, որ ոսկերիչներն ու արծաթագործները պետք է տղամարդիկ լինեն, իրենց համար խորթ էր տեսնել աղջկա: Բայց ես կարծում եմ, որ չկա մի գործ, որը միայն կնոջ կամ միայն տղամարդու համար է, ես բաժանումներ չեմ դնում: Եթե ուզում ես զբաղվել դրանով, եթե կարողանում ես, ուրեմն դա քո աշխատանքն է: Լավ էր, որ ասում էին՝ չեմ կարող սրանով զբաղվել, դա ինձ ուժ էր տալիս, որ ես ավելի լավը դառնամ, ավելի լավ անեմ:): Իսկ ընտանիքում, օրինակ, երբեւէ նման խնդրի չեմ բախվել. ծնողներս շատ լավ են ընդունել իմ որոշումը:

- Ինչպե՞ս տարբերել արծաթն արծաթաջրած բիժուտերիայից:
- Տեղում հնարավոր չէ. ոչ մեկը քեզ թույլ չի տա խազել արծաթի գործը, որ հասկանաս: Բայց տանն արդեն կարելի է մեկ-երկու խազ անել խարտոցով, վրան յոդ լցնել կամ ժավել, որպեսզի արծաթը մտնի ռեակցիայի մեջ: Եթե արծաթը սեւանում է, ուրեմն արծաթ է, իսկ եթե՝ ոչ, ուրեմն արծաթ չէ, բիժուտերիա է: Լինում է՝ սեւանում է, բայց շատ թույլ է արտահայտվում սեւությունը: Դա նշանակում է, որ արծաթ կա, բայց շատ քիչ ծավալով:

- Ի՞նչ են խառնում արծաթի հետ:
- 925 հարգի (պրոբա) արծաթը խառնում են այլ մետաղի հետ, որպեսզի փափկությունը կոտրվի, հնարավոր լինի հումքի հետ աշխատել: Տարբեր մետաղներ կարող ես խառնել: Լրիվ մաքուր արծաթը շատ փափուկ է, ծռվում է, չես կարող աշխատել, դրա համար խառնում ես այլ մետաղներ, որ կարծրանա:


- Մատանին կամ մեկ այլ գործ պատրաստվում է՝ մեկ կտոր արծաթը փորագրելո՞վ:
- Ոչ: Եկեք ներկայացնեմ ամեն ինչ սկզբից: Նախ՝ ես դիզայն եմ անում, նկարում եմ գործը, հետո տվյալ պատկերով մոմից մակետ եմ պատրաստում: Կա հատուկ նյութ՝ մոմ, որի վրա աշխատում ես՝ սկսած ձեւից, մինչեւ փորագրություն: Մոմի վրա լցվում է հումքը: Արծաթը հալեցնում են, այն դառնում է կարմիր տաք զանգված, որը լցնում են մոմի վրա, ու հումքը ստանում է այն տեսքը, որ ուներ մոմը: Ընթացքում մոմը ցնդում է, արծաթը մի քիչ սառում է ու ստանում այդ տեսքը: Հետո գալիս է մշակման փուլը: Ձուլարանից հանելուց հետո այն տաշվում է, շուշաթղթվում եւ այլն: Շատ զգույշ պետք է մշակել, որովհետեւ արծաթը ձուլարանից կատարյալ տեսքով դուրս չի գալիս. շուշաթղթելիս պետք է զգույշ լինել, որ մատանին «չվերջանա»:

Անի Սարգսյանը


- Արծաթագործն առաջին հերթին իր համա՞ր է պատրաստում:
- Օ՜հ, ես շատ եմ սիրում արծաթ ու ինձ չեմ զրկում արծաթ կրելու հաճույքից: Երբ դեռ արծաթագործությամբ չէի զբաղվում, գնում էինք Վերնիսաժ, վերցնում էինք մատանին, փորձում էինք հասկանալ՝ քանի գրամ է: Հիմա ամեն ինչ կարող եմ սարքել ինձ համար, ինչ մտքովս անցնում է, էլ երազանքներ չունեմ, չեմ մտածում՝ երնեկ սա ունենայի, երնեկ նա ունենայի:

- Բոլորին արծա՞թ ես նվիրում:
- Բոլորին:): Մեր տանը բոլորը «զնգզնգում» են, բոլորը զարդարված են:

- 20-ից ավելի թեւնոց կա ձեռքիդ: Ամեն երեկո հանո՞ւմ ես դրանք ու առավոտյան հագնո՞ւմ:
- Չեմ հանում ձեռքիցս: Սրանցով քնում եմ, սրանցով արթնանում:


- Արծաթագործը կարո՞ղ է նաեւ ոսկերչությամբ զբաղվել:
- Այո, տեխնոլոգիան նույնն է, պարզապես հումքը ոսկուց: Բայց ոսկու հետ աշխատելը շատ բարդ է ու թանկ: Շուշաթղթելուց կամ տաշելուց ոսկու փոշին հավաքում են, հետո զտում են, նորից հալեցնում: Պետք է շորերդ էլ տանես զտես, որ վրան հանկարծ ոսկու հատիկներ չմնան: Իսկ արծաթն ավելի էժան է, ամեն մի փոշու հատիկի հետեւից չես ընկնում, ավելի շատ մտածում ես մոդելի, դիզայնի մասին, ստեղծագործում ես, ոչ թե մտածում՝ ոնց անես, որ քիչ փոշիանա:

- Ի՞նչ են պատվիրում:
- Լինում են շատ գեղեցիկ իդեաներ: Մարդիկ կան, իրենց գաղափարներով են գալիս: Բայց հիմնականում պատրաստում եմ այն, ինչ ես եմ ուզում կրել, ինչն ինձ դուր է գալիս: Իհարկե, հաճախ լինում են զավեշտալի պատվերներ: Այնպիսի բաներ են ուզում, որ ես, օրինակ, երբեք չէի կրի: Բայց դե, որքան մարդ, այնքան՝ ճաշակ. եթե ինձ դուր չի գալիս, դեռ չի նշանակում, որ լավը չի: Եթե ուզում են, պատրաստում եմ: Լինում են աղջիկներ, որ իրենց ընկերների համար նվերներ են պատվիրում՝ մատանիներ, որ մեջը գրված է՝ «կյանք», «սիրտ», «մռութ», «սիրում եմ քեզ, իմ փամփլիկ»: Գիտեմ, որ իրենց ընկերները չեն հավանի, բայց չեմ մերժում, օգնում եմ, որ ավելի լավը լինի:

- Ինչպե՞ս ստեղծել այնպիսի աշխատանքներ, որ չկրկնվեն: Որտեղի՞ց ես ոգեշնչվում:
- Պետք չէ հետեւել մյուսների գործերին: Ես չեմ նայում, թե ով ինչ է պատրաստում, որովհետեւ լինում է, որ մի բան տեսնում ես, ուզում ես դրա նման կամ դրանից ոգեշնչված գործ պատրաստել, ու դա երբեք չի կարող լինել յուրահատուկ, քո ձեռագիրն այդտեղ կորում է: Աշխատանքները նմանվում են: Դրա համար ես չեմ նայում: Կարող է՝ մի փայտի կտոր տեսնեմ ու իր ձեւը, կառուցվածքն ինձ ոգեշնչեն:


- Չե՞ն լինում դեպքեր, երբ մեղադրում են կրկնօրինակման մեջ:
- Լինում են:): Կլոր ականջօղ եմ սարքում, մեկ էլ մեկը գրում է, թե ինչու եմ կլոր ականջօղ սարքել: Կլորը կլոր է, ոչ ես եմ ստեղծել, ոչ՝ դու: Վերջերս պատվերով կացին էի սարքել, հետո այլ նախշերով, այլ փորագրությամբ նորը սարքեցի, մեկ էլ գրեցին, թե ինչու եմ կացինը արտադրում. իրենք էին պատվիրել: Բայց ոչ նույն դիզայնով էր, ոչ նույն փորագրությամբ: Կացինը կացին է:


- Քանի՞ գործիք ունես:
- Օ՜հ, շատ: Հաստոցներ, ձուլարան, փայլեցման համար նախատեսված գործիքներ, ռեզիններ, մոմեր, մուրճ եւ այլն, եւ այլն:

- Ինչո՞ւ է խանութներում վաճառվող բիժուտերիան, որը մի քանի օրից գունաթափվելու է, ավելի թանկ, քան՝ արծաթը:
- Չգիտեմ: Չեմ մտածել դրա մասին: Երեւի Հայաստան ներմուծվող բրենդն է թանկ:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport