×


Գործագործ. «Վաղուց ոչ ոք չի դնում ոսկուց ատամներ»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք ատամնաբույժ Արսեն Վարդանյանի հետ: 



- Ինչո՞ւ են մարդիկ վախենում ատամնաբույժից: 

- Ճիշտ են անում:): Չէ, իհարկե, կատակում եմ: Հիմնականում առաջին այցի ժամանակ են վախենում, բայց երկրորդ այցից հետո սովորական է դառնում, վախն անցնում է: Սկզբում բոլորը պարտադիր հարցնում են՝ «Ցավո՞տ է լինելու», որովհետեւ հիմնականում վախենում են ցավից: Բայց երկրորդ այցից հետո էլ չեն վախենում: Եթե մարդը սիրում է իր մասնագիտությունը, յուրաքանչյուր այցելուի յուրովի մոտեցում է ցուցաբերում, խոսում է նրա հետ նախքան պրոցեդուրան սկսելը, բացատրում է, թե ինչ է արվելու, ու էլ չեն վախենում: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում, այլ աշխատանքով զբաղվելիս: Այո, կան այցելուներ, որոնք քեզնից էներգիա են տանում, բայց նաեւ կան այնպիսիք, որոնք դրական լիցքերով են լցնում քեզ:


- Ինչպե՞ս խնամել ատամները:

- Տարին երկու անգամ պետք է այցելել ատամնաբույժի, որպեսզի մասնագետը տեսնի, թե ինչ խնդիրներ կան, կա՞ն արդյոք կարիեսային խոռոչներ եւ այլն: Պետք է օրվա մեջ երկու անգամ ատամները լվանալ խոզանակով՝ առավոտյան եւ երեկոյան, մաքրել հատուկ թելերով, որպեսզի ուտելիքի մնացորդները չմնան ատամների արանքում: Սա բավարար է:


- Խոզանակի ընտրության մասին շատ է խոսվում, իսկ ինչպե՞ս ընտրել ատամի մածուկը:

- Օհ, դա բարդ է: Ինքս էլ չեմ կարողանում ընտրություն կատարել:): Միջազգային կոնֆերանսների ժամանակ ամեն մեկը գովում է իր արտադրանքը, կդժվարանամ ասել, թե որն է լավը: Բայց խորհուրդ կտամ այս հարցով էլ խորհրդակցել ատամնաբույժի հետ: Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը՝ մեկը լնդերի հետ կապված, մյուսը՝ զգայունության, եւ պետք է ընտրել համապատասխան մածուկ: 


- Ատամի այն մածուկները, որոնց վրա գրված է՝ «սպիտակեցնող», իսկապե՞ս սպիտակեցնում են:

- Դրանք պահպանում են սպիտակությունը, բայց դեղնավուն ատամները չեն ճերմակեցնում: 

Արսեն Վարդանյանը



- Ատամի քանի՞ գույն կա: 

- Հիմնականում 4-5 երանգ կա: Ըստ Վիտայի սանդղակի` կա ատամների 4 գույն, որոնք էլ բաժանվում են ենթատեսակների: A-ն բաժանվում է 4 գույնի, իսկ B, C, D-ն` երեքական գույնի: 


- Բնության մեջ կա՞ն շատ սպիտակ ատամներ, այսպես կոչված՝ «հոլիվուդյան ժպիտ»:

- Սպիտակ ատամներ բնության մեջ չկան: Դրան հնարավոր է հասնել միայն սպիտակեցման արդյունքում կամ «վինիրների» շնորհիվ: Իսկ «հոլիվուդյան ժպիտներ»` հավասար, գեղեցիկ ատամներ, իհարկե, կան, եւ պարտադիր չէ, որ դրանք լինեն սառնարանային սպիտակության:


- Դեղնավուն ատամները առո՞ղջ չեն:

- Ատամի գույնն առողջության մասին չի վկայում: Մարդը կարող է ունենալ սպիտակ ատամներ, բայց միաժամանակ ունենա կարիես, ատամնաքարեր, եւ հակառակը: Սպիտակությունը դեռ առողջություն չէ:


- Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները:

- Տարիներ առաջ այս խնդիրն իսկապես կար, մարդիկ չգիտեին, թե ինչպես է պետք մաքրել ատամները, ձեռքի ինչ շարժումներով է պետք շարժել խոզանակը: Այնինչ ճիշտ մաքրելը շատ կարեւոր է: Ատամները պետք է լվանալ վերեւից ներքեւ՝ շրջանաձեւ շարժումներով, եւ չմոռանալ լեզուն մաքրելու մասին, ինչը շատ կարեւոր է: Լվանալուց հետո պետք է ողողել բերանը հատուկ հեղուկների միջոցով, իսկ այնտեղ, որտեղ խոզանակը չի հասնում, օգնության են գալիս հատուկ թելերը:


- Ի՞նչ եք ասում նրանց, ովքեր դժգոհում են Ձեր կատարածք աշխատանքից:

- Անկեղծ ասած` նման դեպք չի եղել, որ դժգոհեն: Չգիտեմ՝ ինձնից է, թե այցելուից, բայց չեն դժգոհում:


- Ինչո՞ւ է ատամնաբույժի աշխատանքը թանկ:

- Նախ` թանկ են նյութերը, գործիքները, եւ հետո կատարվում է հսկայական աշխատանք: Սա միկրովիրահատություն է, որը պահանջում է զգոնություն, պատասխանատվություն:



- Ինչպե՞ս է ստացվում, որ ատամնաբույժները ատամի մեջ գործիք են թողնում:

- Դա կարող է պատահել բոլորի հետ: Հիմնականում դա լինում է, երբ ասեղանման բարակ գործիքով հեռացվում է ատամի նյարդը: Երբ գործիքը մաշված է լինում, շատ է բարակում, կարող է կոտրվել ատամի արմատի մեջ: Այցելուն դա կարող է չզգալ, միայն ռենտգենից հետո է պարզ դառնում, որ արմատի մեջ օտար մարմին կա:


- Իմաստության ատամը իմաստության նշա՞ն է: 

- Ոչ, դա միֆ է:): Ամեն մեկի մոտ իմաստության ատամները տարբեր տարիքում են դուրս գալիս: Մեկինը` 19-ում, մյուսինը` 39-ում, իսկ կան մարդիկ, ովքեր այդպես էլ իմաստության ատամներ չեն ունենում. դրանք մնում են լնդի մեջ: 


- Ո՞ւմ ատամների վրա են սովորում ատամնաբույժները:

- Գոյություն ունեն հատուկ մանեքեններ, գիպսից մոդելներ: Բայց հիմնականում ատամնաբուժությունը փոխանցվում է ժառանգաբար՝ ծնողներից երեխաներին, ու այնպես է ստացվում, որ մանկուց տեսնում ես, թե ինչպես է դա արվում: 

Արսեն Վարդանյանը



- Երիտասարդ ատամնաբույժներին պե՞տք է վստահել:

- Միանշանակ: Ասեմ, թե ինչու: Երիտասարդները քայլում են ոլորտի զարգացմանը զուգընթաց, տեղյակ են նորամուծություններից, նոր տեխնոլոգիաներից: Չեմ ժխտում, որ մենք փորձառություն ենք ձեռք բերել, սովորել ենք ավագ սերնդից, բայց տարիքը պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի որակի հետ քիչ կապ ունի: Երիտասարդներն իրենց վրա աշխատում են, մասնակցում են գիտաժողովների, մեկնում են սեմինարների, նոր նյութերին, տեխնոլոգիաներին են ծանոթանում ու նոր մոտեցումներ են սովորում:


- Սուրճն ու ծխախոտը վնա՞ս են ատամներին: 

- Բոլոր ուտելիքներն ու խմիչքները պարունակում են ներկանյութ, բոլորն էլ վնաս են: 


- Որտե՞ղ են ոսկուց ատամները:

- Չգիտեմ, վաղուց ոչ մեկը չի ուզում ոսկուց ատամ գցել:): Հավանաբար, այլեւս նորաձեւ չեն: Իմ աշխատանքային պրակտիայում մեկ դեպք է եղել, որ ոսկուց շապիկ եմ հեռացրել: Չգիտեմ՝ ինչ են արել շապիկը, բայց տարել են իրենց հետ:): Ոսկու հետ շատ դժվար է աշխատելը: 


Հեղինակ` Տիգրանուհի Մարտիրոսյան

Լուսանկարներն ու տեսանյութը` Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport