×


Գրիգորի վտանգավոր օրը, Միհրանի քեֆը եւ Մոսոյի փախուստը :)

ՀՀ զինված ուժերի կազմավորման հոբելյանի կապացությամբ BRAVO.am-ը զրուցել է բանակում ծառայած հայ հայտնիների հետ՝ պարզելու նրանց բանակային կյանքի ամենավառ հուշերը:

Միհրան Ծառուկյանը


Միհրան Ծառուկյան.«Հենց այս պահին կողքիս է բանակային ընկերս»

Հետաքրքիր զուգադիպությամբ մեզ հետ զրույցի ժամանակ Միհրան Ծառուկյանը բանակային ընկերոջ ընկերակցությամբ էր.«Ծառայակից տղերքից շատերի հետ եմ լավ հարաբերությունների մեջ: Ամենամտերիմները հենց բանակային ընկերներս են: Չկա մի օր, որ իրար չտեսնենք կամ հեռախոսով չխոսենք»:

Նա բանակային կյանքի հետ կապված միայն ուրախ հուշեր ունի.«Սպայի տան երաժշտական գումարտակում եմ ծառայել, ըստ այդմ, այդ երկու տարիներս ավելի շատ համերգային շրջագայության էին նման: Շրջել ենք Հայաստանի գրեթե բոլոր զորամասերում եւ ուրախացրել մեր զինվորներին: Երբեք չեմ մոռանա սահմանային գոտիներում ունեցած մեր համերգները. ո՛չ տեխնիկա ունեինք, ո՛չ հարմար պայմաններ, ակապելա երգում էինք ու պարում:)»:

Երգչն ասել է, որ անմոռանալի է բանակում նշած Ամանորը.«Երբեք նման Նոր տարի չեմ ունեցել ու դժվար էլ ունենամ: Ամենալավ ռեստորաններում անգամ այդպիսի քեֆեր չեն կազմակերպում»:

Ալեքսանդր Բաբասյանը


Ալեքսանդր Բաբասյան.«Կարոտով եմ հիշում ծառայությունս»

Ալեքսանդր Բաբասյանի համար բանակային տարիներն անվերջ հիշելու եւ խոսելու թեմա են.«Ֆանտաստիկ լավ շրջան էր: Մոտ 10 տարի է անցել, բայց ամեն անգամ կարոտով եմ հիշում այնտեղ ապրածս ամեն մի օրը: Ավագ սերժանտ եմ եղել, երաժշտական դասակի հրամանատար»: 

Պարզվում է` նա հաճախ է այցելում իր զորամաս, բանակային ընկերներից ոմանց հետ էլ մինչ օրս կապի մեջ է: Առաջին անգամ զինվորական համազգեստ կրելիս Ալեքսանդրն անսովոր զգացողություններ է ունեցել, բայց ժամանակի ընթացքում ընտելացել է ու սկսել գիտակցել այն կրելու պատասխանատվությունը:

Գրիգոր Դանիելյանը` բանակային ընկերների հետ


Գրիգոր Դանիելյան.«Ամեն պահ թշնամին կարող էր կրակել»

Գրիգոր Դանիելյանի ծառայությունն անցել է Պաշտպանության նախարարության լրատվության բաժնում: Նա իր թիմակիցների հետ կարճամետրաժ ֆիլմեր է պատրաստել բանակային կյանքի մասին, որոնք ցուցադրվել են «Զինուժ» հաղորդման շրջանակում: Բանակային տարիներին Գրիգորը նախարարի թույլտվությամբ հաճախ Ռուսաստան է մեկնել՝ մասնակցելու ՈւՀԱ առաջնությանը: 

«Ամենաանմոռանալին Երասխ գետի ափին անցկացրած օրերն են, երբ բանակին նվիրված հերթական ֆիլմն էինք նկարում: Շատ վտանգավոր հատվածում էինք. ամեն պահ թշնամին կարող էր կրակել, բարեբախտաբար, խնդիրներ չունեցանք»,-պատմել է Գրիգորը:  

Հումորիստ-դերասանն էլ բանակային ընկերներից ոմանց հետ մինչ օրս կապի մեջ է. «Միասին անցկացրած օրերը տղերքին մտերմացնում է: Երբեմն հանդիպում ենք, վերհիշում միասին ապրած ուրախ օրերը»:

Հենրի Քոչարյանը


Հենրի Քոչարյան.«Նամակներն այնքան էի ընթերցում, որ գրեթե անգիր էի անում»

«Փոքրիկ զորավարը» եւ «Զգուշացեք՛, կանայք են» ֆիլմերի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հենրի Քոչարյանը բանակային կյանքի հետ կապված շատ հուշեր ունի: Նա 2002-2004 թթ. ծառայել է առաջնագծում՝ Չինարիում.«Մեծ պատասխանատվություն է, երբ զգում ես, որ հայրենիքիդ սահմանի այդ հատվածի պաշտպանությունը քեզ է վստահված: Հավատացե՛ք, այդ զգացողությունը հնարավոր չէ նկարագրել»:

Նրա ծառայության տարիներին հարազատների եւ մտերիմների հետ հաղորդակցության հիմնական միջոցը նամակագրությունն է եղել.«Ստացածս յուրաքանչյուր նամակն այնքան էի ընթերցում, որ գրեթե անգիր էի անում: Յուրահատուկ էին նաեւ ծննդյան տարեդարձերը սահմանի վրա: Ծառայակից ընկերներիս հետ փայտե վառարանի մեջ տորթ էինք պատրաստում, «բլինդաժում», բնական է, երաժշտություն չկար. տղերքը սեղանի վրա դհոլ էին խփում, ով լավ ձայն ուներ, երգում էր, մենք էլ՝ պարում»:

Մոսո Կարապետյանը


Մովսես Կարապետյանի փախուստը զորամասից :)

«Ֆուլ Հաուս» սիթքոմում Հրաչին մարմնավորող Մոսո Կարապետյանի բանակային տարիները նույնպես աշխատանքային մթնոլորտում են անցել` Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում.«Բավական հիշարժան ու ուրախ երկու տարիներ եմ ունեցել: Տպավորվել է, թե ինչպես առաջին անգամ առանց թույլտվության դուրս եկա զորամասից. մարտի 8-ն էր, փախա ու տուն եկա՝ մայրիկիս շնորհավորելու:)»:

Տեքստը` Մերի Պողոսյանի եւ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` հայտնիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW