×


Դավիթ Մարդյանի ընտանեկան ֆոտոշարքն ու խոստովանությունները

Ժամանակին Դավիթ Մարդյանը պարբերաբար նկարահանվում էր հեռուստասերիալներում, իսկ այժմ՝ տեւական ժամանակ է` սերիալային դերասանը որեւէ նախագծում ընդգրկված չէ: Թե ինչով է զբաղված այժմ, ինչու չի նկարահանվում, ինչ գործունեություն է ծավալում, Դավիթը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում՝ առաջին անգամ ընտանիքի հետ լուսանկարվելով մեր նոր ֆոտոշարքում:

«Փոքրիկ բիզնես ունեմ»

Իմ մասնակցությամբ վերջին սերիալը «Նռան հատիկն» էր, անցած տարի սեպտեմբերին ինձ հրաժեշտ տվեցին, ոչ մի խնդիր չի եղել, պարզապես սցենարային գիծս ավարտվեց: Այժմ ավելի շատ զբաղված եմ իմ փոքրիկ բիզնեսով եւ այդպես եմ վաստակում: Բայց դա չի նշանակում, որ այլեւս չեմ նկարահանվելու սերիալներում, պարզապես բիզնեսով զբաղվելն այժմ ավելի շահավետ է, քանի որ ընտանիք ունեմ եւ ուզում եմ ամեն ինչ անել, որ լավ լինի:

Դավիթ Մարդյանը` դստեր հետ


«Սիրում եմ…»

Երկար տարիներ նկարվելուց հետո մեծ կարոտ եմ զգում, երբ նկարահանման ընթացք եմ տեսնում, մյուս կողմից էլ ուրախանում եմ, որ ես էլ մյուս դերասանների նման չեմ գնում ու ժամերով սպասում նկարահանման հրապարակում: Եթե լինի հետաքրքիր առաջարկ, համապատասխան պայմաններով, իհարկե, կհամաձայնեմ, որովհետեւ այդ աշխատանքը շատ եմ սիրում: Շատ ուրախ եմ, որ փողոցում ինձ ճանաչողներն այլեւս կերպարային անունով չեն դիմում, Ստյոպիկ չեն ասում: Իսկապես, շատ ողջունելի է, որ իմ անունով են դիմում ինձ, ճանաչում են որպես Դավիթ:

«Չեմ սիրում…»

Առհասարակ չեմ սիրում, երբ ճանաչված մարդիկ պարբերաբար լուսաբանում են իրենց անձնական կյանքը, ներկայացնում՝ սա արեցինք, նա արեցինք: Կնոջս՝ Սեդայի հետ ընդհանուր ընկերներից մեկի միջոցով ենք ծանոթացել, երբ նա Հայաստան էր եկել: Ասեմ, որ մեր ծանոթությունից երկար ժամանակ անց ենք ամուսնացել, իսկ այդ ընթացքում ես համեմատություն կատարեցի իմ կյանքի կանանց միջեւ եւ հասկացա, որ ամենալավը նա է:

Դավիթ Մարդյանի ընտանիքը


«Երբ ծնվեց աղջիկս…»

Ինձ համար միշտ առաջնային նպատակ է եղել ընտանիքը, ընտանիք կազմելը: Միշտ ասում եմ՝ ինչպես եմ ապրել մինչ ամուսնանալը, բալիկ ունենալը: Երբ ծնվեց աղջիկս՝ Նոեմին, հասկացա, որ մեկին կարող եմ այնքան շատ սիրել, որ գրկելուց շունչս կտրվի: Երբ առաջին անգամ նրան գրկեցի, շունչս չէր հերիքում, այդ սերն այնքան շատ էր, չգիտեի՝ ինչ անել: Կյանքս մի վայրկյանում ամբողջությամբ փոխվեց, չէի հավատում, որ ինքն եկել է մեր կյանք ու դարձել դրա գլխավոր մասնիկը: Այժմ այլ կյանքով եմ ապրում, մեքենան արագ չեմ վարում, խմած ղեկին չեմ նստում, անիմաստ կռիվների մեջ չեմ ընկնում, ակումբային կյանքից շատ հեռու եմ:

«Նոեմի՝ կյանք բերող»

Մինչ Նոեմիի ծնվելը միշտ աղոթում էի եւ շատ էի ցանկանում, որ աղջկաս աչքերն իմ աչքերին նման լինեն, նաեւ՝ ժպտերես լինի, այդպես էլ եղավ: Նոեմիի ծնունդը մեր սերն ավելի ամրապնդեց, նրա անունն Աստվածաշնչից է, նշանակում է՝ կյանք բերող, կյանք տվող: Նրա եւ առհասարակ ընտանիքիս հետ փորձում եմ շատ ժամանակ անցկացնել, միասին զբոսնում ենք, աղջկաս հետ մանկական ժամանցի տարբեր վայրեր ենք գնում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport