Վահագն Ստեփանյանի` Դելոյի, եւ ամերիկաբնակ Ռուզաննայի` մարտի 24-ին տեղի ունեցած նշանադրության մասին BRAVO.am-ը պատմել է: Զույգն արդեն պատրաստվում է ամռանը կայանալիք հարսանիքին, իսկ մինչ այդ նրանք մեզ պատմել են իրենց ռոմանտիկ հարաբերությունների, պլանների մասին եւ լուսանկարվել երեւանյան այգիներից մեկում:):
Ռուզաննան եւ Դելոն ամռանը կամուսնանան
Ամեն ինչ սկսվել է մոտ 3 տարի առաջ. Դելոն ու Ռուզաննան շատերի նման ծանոթացել են համացանցի միջոցով: Թե ով ում է առաջինը գտել սոցիալական ցանցում, դժվարանում են ասել. ամեն ինչ եղել է պատահական. “Երբեք Դելոյի ֆանատը չեմ եղել ու երբեք չեմ մտածել, որ միասին կլինենք”,-անկեղծացել է Ռուզաննան:
“Մեր շփումն այնքան ընկերական էր, որ կարճ ժամանակ անց “Skype”-ի միջոցով ծանոթացանք միմյանց ընտանիքների անդամների հետ: Ռուզաննայի ծնողները հեռուստատեսությունից ճանաչում էին ինձ: Կարծես հեռու բարեկամներ լինեինք”,-հավելել է հումորիստ-դերասանը:
Դելոն դրական է համարում այն, որ ընտրյալը երբեւէ իր երկրպագուն չի եղել. “Անհնար կլիներ այդ միությունը. իմ կողքին պետք է լիներ այն միակը, ով իսկապես կճանաչեր ու կսիրեր ինձ”:
Ռուզաննան եւ Դելոն
“Զգացողություն ունեի, որ այս աղջիկն ինձ հետ է ապրելու”. Դելո
Ընկերական շփումն աստիճանաբար տեղափոխվել է ավելի լուրջ հարթություն: Սիրո խոստովանությունը եղել է օնլայն տարբերակով. ի տարբերություն Ռուզաննայի` Դելոն անընդհատ ասել է, որ ամուսնանալու է վերջինիս հետ. “Այդ տարիների ընթացքում զգացողություն ունեի, որ այս աղջիկն ինձ հետ է ապրելու”:
“Մեր առաջին հանդիպումն ամենահետաքրքիրն էր: Ինքնաթիռից իջա, գնացի հյուրանոց եւ պատրաստվում էի այցելել Ռուզաննային եւ իր ընտանիքին: Այնպիսի տպավորություն ունեի, թե հազար տարվա ծանոթներիս տանն եմ հյուրընկալվելու: Ռուզանը դիմավորեց ինձ… Առաջին հանդիպում, գրկախառնություն… Ամեն ինչ պլանավորում ես, բայց մեր դեպքում այլ կերպ ստացվեց. մոտեցել, բարեւել ու համբուրել եմ` շատ հանգիստ ու առանց ավելորդությունների: Սիրելիս շոկի մեջ էր”,-BRAVO.am-ին պատմել է Դելոն:
Հումորիստ-դերասան Դելոն նշանածի` Ռուզաննայի հետ երեւանյան այգիներից մեկում
Դերասան-հումորիստը խնամիների տուն գնալիս չի մոռացել իր հետ կոնյակ վերցնել: Խմիչքը խաղացել է իր դերը. ապագա փեսան բավական ազատ ու անկաշկանդ է պահել իրեն` Ռուզաննայի ծնողներին հայտնելով իր զգացմունքների եւ նրանց դստեր հետ իր կյանքը կապելու մտադրության մասին:):
Ի դեպ, Դելոն մտադրություն է ունեցել մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում. “Այդպես երկուսիս էլ հարմար կլիներ, բայց Ամերիկան տեսնելուց հետո հասկացա` չեմ կարող երկար ապրել Հայաստանից դուրս: Փետրվարի 5-ին վերադարձա Երեւան եւ հաջորդ օրն իսկ Ռուզաննայի համար էլ տոմս գնեցի”:
Դելոն նշանածի` Ռուզաննայի հետ
“Իմ կյանքում այլ պատմություն կար”. Դելո
“Ընտանիքիս անդամները, ընկերներս շոկի մեջ էին: Դեռ մեկ տարի առաջ իմ կյանքում այլ պատմություն կար… Էլի աղջկան հանդիպելու համար մեկնել էի արտասահման, բայց հանդիպելուց հետո հասկացել, որ սխալ պատմություն էր”,-մեզ հետ զրույցում անկեղծացել է նա:
Վերոնշյալը պատճառ է հանդիսացել, որ Ռուզաննան դադարեցնի շփումը դերասանի հետ: Դելոյի համար դժվար է եղել ապացուցել իր զգացմունքների անկեղծությունը: Սիրելիի վստահությունն ու սերը կրկին նվաճելու համար, ինչպես նշել է, բավական ջանքեր է թափել. սկսել է աշխատել իր վրա, ավելի լրջացել է. “Այս սխալ պատմությունն անցյալում ենք թողել: Այն օգնեց միմյանց ավելի լավ ճանաչել եւ գնահատել”:
Հարսանիքից հետո կմեկնեն Միացյալ Նահանգներ
Ռուզաննան սիրելիին բնորոշում է էներգիայով լի եւ անկեղծ: Ըստ նրա` Դելոն շատ շուտ է նվիրվում մարդկանց.“Ես ավելի հանգիստ եմ, մի փոքր դանդաղկոտ:)”:
Դելոն եւ Ռուզաննան
Հումորիստն այս մեկուկես ամսվա ընթացքում ընտրյալին ծանոթացրել է իր ընտանիքի, հարազատների, ընկերների ու գործընկերների հետ: Շատ ջերմ է եղել նաեւ ապագա հարսի եւ սկեսրոջ հանդիպումը:
“Հարսանիքից հետո Ռուզաննան կմեկնի ԱՄՆ` քաղաքացիություն ստանալու նպատակով: Որոշ ժամանակ անց կմիանամ նրան: Արտերկրում ապրելը ժամանակավոր բնույթ է կրելու` պայմանավորված աշխատանքով”,-ասել է Դելոն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: