×


\"Դեպք մետրոյում\"` Նարեկ Հայկազյանի, Անդրանիկ Զաքարյանի, Անի Պետրոսյանի, Արաքսյա Մելիքյանի եւ այլոց մասնակցությամբ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում այս ամիս ընդգրկվել է նոր ներկայացում: Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը բեմադրել է Նիկոլաս Բաերի “Դեպք մետրոյում” կինոսցենարը: Պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

"Դեպք մետրոյում" ներկայացման պրեմիերային


Դրաման վախի մթնոլորտում ձեւավորված հանրության մասին է, որի անդամներն անտարբեր են իրենց իսկ հանդեպ կատարվող ոտնձգություններին եւ վախենում են դեմ դուրս գալ չարացած երկու ընկերներին: Գլխավոր դերերում են Նարեկ Հայկազյանը, Ալեքսան Թադեւոսյանը, Անդրանիկ Զաքարյանը, ինչպես նաեւ Ռազմիկ Խոսրոեւը, Ջուլիետա Բաբայանը, Արմեն Քուշկյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Չեփչյանը, Արա Կարագյանը, Անի Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Անահիտ Մութաֆյանը, Արաքսյա Մելիքյանը, Լուսիա Աբրահամյանը, Լեռնիկ Հարությունյանը, Ռոման Բաբայանը, Հովհաննես Գասպարյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Գագիկ Ադիլխանյանը, Միլենա Բադալյանը եւ այլք: 

Նարեկ Հայկազյանը կարծում է, որ անտարբերության մասին բարձրաձայնող ներկայացումը կհետաքրքրի թատերասերներին: Նա դերաբաշխման մասին տեղեկացել է այս տարվա հունվարին եւ ուրախությամբ ընդունել գլխավոր դերակատարին մարմնավորելու առաջարկը.“Խաղալ դաժան մարդու կերպար հեշտ չէ, երբ էությամբ այդպիսին չես, բայց դրանով էլ ինձ համար հետաքրքիր է դերը: Կյանքում առաջնորդվում ու վարվում եմ այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վարվեն, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա չարություն, եթե թույլ տաս, որ չարը լինի, ուրեմն կլինի, իսկ հասարակությունը թույլ է տալիս: Երբ գնացքում մեկին վնաս էի տալիս եւ մյուսները լռում էին, ուրեմն հիվանդ հանրություն է, այսինքն` նրանց հետ էլ կարող ես անել ինչ ուզում ես, մանավանդ, եթե քեզ օգնող ունես: Իհարկե, վերջում հայտնվում է մի հերոս, որ չնայած հաշմանդամություն ունի, պայքարում է չարագործների դեմ, բայց ինչո՞ւ վերջին պահին: Երիտասարդ սերունդը պիտի խիզախ լինի, չվախենա, մտածի իր ապագայի մասին, անտարբեր չլինի, խառնվի ու անօգնականին ձեռք մեկնի”:

"Դեպք մետրոյում" ներկայացման պրեմիերային


Արաքսյա Մելիքյանը վստահ է, որ անտարբերության թեման ավելի քան արդիական է.“Հատկապես երիտասարդներն ավելի անտարբեր են, համացանցում են ապրում, իսկ մենք ուզում ենք կանխել անտարբերությունը: Քանի որ այս անգամ ներկայացման մեջ ընդգրկված են երիտասարդ սունդուկյանցիները, փորձերին միմյանց ավելի շատ էինք ուղղություն տալիս ու հեշտությամբ ընկալում մեր թերությունները, ինչն էլ նպաստեց բեմադրության կայացմանը”:

Անահիտ Մութաֆյանը առաջնախաղից հետո մեզ հետ զրույցում նշել է, որ ցնցող զգացողություններով է բեմից իջել.“Հանդիսատեսի էներգիան զգալով` ավելի մեծ էր մեր լարվածությունը: Թեման ինձ հոգեհարազատ է, իսկ կերպարս` առավել եւս, քանի որ մոր դերում եմ. բեմում լրացնում եմ այդ բացը: Ներկայացումը, կարծես, դաս լինի դիտողի համար, որովհետեւ ի ցույց է դրվում այժմյան մեր անտարբեր վերաբերմունքը մեր ու մեր երկրի նկատմամբ”:

"Դեպք մետրոյում" ներկայացման պրեմիերային


Հավելենք, որ ներկայացման բեմադրող նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանն է, երաժշտական ձեւավորմամբ զբաղվել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Հայրապետյանը, իսկ զգեստների նկարիչը Մերի Սարգսյանն է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW