×


ԴիԿապրիոն ու Բրեդ Փիթը՝ «Մի անգամ Հոլիվուդում». ԿինոՊարկի էկրաններին Տարանտինոյի նոր ֆիլմն է

Կաննի կինոփառատոնում կայացած մեծ պրեմիերայից հետո հայ կինոսերներն անհամբերությամբ էին սպասում տեսնելու, թե ինչ է լինելու «Մի անգամ Հոլիվուդում» Քվենտին Տարանտինոյի նոր` իններորդ ֆիլմում: Սպասելիքները մեծ մասամբ կապված էին նաեւ դերասանական կազմի ընտրության հետ. չէ՞ որ ֆիլմում միմյանց հետ հանդես են գալիս Հոլիվուդի ամենահայտնի ու սիրված դերասաններից երկուսը` Լեոնարդո ԴիԿապրիոն եւ Բրեդ Փիթը: Գլխավոր դերում նրանց դուետին միացել է նաեւ դերասանուհի Մարգո Ռոբին:

Եվ արդեն այսօրվանից`օգոստոսի 8-ից, Հայաստանում եւս հնարավորություն կլինի դիտելու ամերիկացի կինոռեժիսորի նոր աղմկահարույց ֆիլմը, որի փակ պրեմիերան կայացավ երեկ «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում: Առաջին ցուցադրությանը հրավիրված էին հայկական կինոյի, թատրոնի եւ շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները, որոնց նախ դիմավորում էր կենդանի երաժշտությունը բենդի կատարմամբ, իսկ այնուհետեւ` համեղ հյուրասիրությունը կինոթատրոնի նախասրահում: BRAVO.am-ը լուսանկարել է հյուրերին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել ֆիլմի մասին:

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի փակ պրեմիերային


1969 թվական, Հոլիվուդ: Հայտնի հեռուստասերիալի դերասան Ռիկ Դալտոնն ու նրա կրկնօրինակող-կասկադյոր Քլիֆ Բուտը փորձում են իրենց տեղը գտնել կինոարտադրության արագափոխ աշխարհում։ Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում տեղի ունեցող հետաքրքիր ու անսպասելի զարգացումներով լի իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են Հոլիվուդի «Ոսկե դար»-ի մայրամուտին:

«Հնարավոր է՝ սա իմ ամենաանձնական ֆիլմն է»,- ասում է ռեժիսորը՝ բացատրելով, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէր, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է իր մանկության ու երիտասարդության տարիների հիշողությունների վրա. «Այս ֆիլմը Հոլիվուդի, 60-ականների Լոս Անջելեսի մասին է, եւ ֆիլմի բոլոր հերոսները քաղաքի բնակիչներն ու տարբեր վայրերն են: Ես այն ժամանակ ընդամենը վեց կամ յոթ տարեկան էի, եւ ֆիլմում պատկերել եմ իմ հիշողություններն այն մասին, թե ինչպիսին էին ռադիոն, հեռուստատեսությունը, գովազդային վահանակները... Այսինքն՝ ես նորից վեց-յոթ տարեկան եմ եւ արձագանքում եմ այն ամենին, ինչն ինձ հետաքրքիր է: Իհարկե, հիշողությունը բնավ էլ պատմությունը չէ, այսինքն՝ ես կարող եմ սխալվել ինչ-որ հարցում: Հնարավոր չէ ամեն ինչ նույնությամբ հիշել»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Քվենտին Տարանտինոն:

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի փակ պրեմիերային


2019-ի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում տեղի ունեցած պրեմիերայից հետո Լեոնարդո ԴիԿապրիոն իր խոսքում ընդգծել էր, որ Քվենտինը համարվում է կինեմատոգրաֆի մեծագույն ավանդույթների գլխավոր ներկայացուցիչներից մեկը: Բրեդ Փիթն էլ նկատել էր, որ ֆիլմը կարելի է համարել Տարանտինոյի սիրո խոստովանությունը Հոլիվուդին, Լոս Անջելեսին ու կինոյին: Իհարկե, նրանք, ովքեր արդեն դիտել են ֆիլմը, հասցրել են համոզվել այդ ամենում, հատկապես որ Տարանտինոն այս անգամ էլ հանդես է եկել իր հարազատ ոճով ու ձեռագրով եւ ավանդույթի համաձայն` հենց ինքն էլ գրել է ֆիլմի սցենարը: Հատուկ պետք է առանձնացնել դերասանական խաղն ու վարպետությունը, որոնցով աչքի են ընկել գլխավոր դերակատարները: Միանշանակ կարելի է ասել, որ սա ԴիԿապրիոյի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկն է, որտեղ դերասանը հնարավորություն է ունեցել ներկայանալ իր մասնագիտական հմտությունների գրեթե ողջ ներկապնակով:

Իհարկե, ֆիլմը չէր կարող զերծ մնալ նաեւ քննադատությունից ու միանշանակ ընդունվել բոլոր կինոսերների կողմից: Հիմնական քննադատությունը կապված է Բրյուս Լիին պատկերող դրվագների հետ, որտեղ արեւելյան մարտարվեստների մեծագույն վարպետը ներկայացված է որպես ամբարտավան աստղ, ով «ավելի շատ հաչում է, քան կծում»: Դերասան Մայք Մոն, ով ֆիլմում մարմնավորել է Բրյուսին, իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ ինքն էլ մեծապես շփոթված է եղել՝ առաջին անգամ սցենարն ընթերցելիս. «Ես շատ ներքին կոնֆլիկտներ եմ ունեցել իմ դերին պատրաստվելիս, որովհետեւ ես իմ ողջ կյանքում Բրյուս Լիին գրեթե աստվածացրել եմ: Նա ինձ համար սուպերհերոս է եղել»,- ասել է Մոն: Նրա կարծիքով, ռեժիսորի համար պարզապես կարեւոր է եղել ցույց տալ, որ Բրեդ Փիթի հերոսը՝ կասկադյոր Քլիֆ Բուտը, լավ կռվող է. նա մենամարտում հաղթում է Բրյուս Լիին եւ ստիպում ամաչել նկարահանող խմբի մոտ:

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի փակ պրեմիերային


Եթե ձեր ընկերներն արդեն դիտել են ֆիլմը, ապա ասացեք նրանց, որ ոչինչ չպատմեն հատկապես ֆիլմի վերջաբանի մասին: Երկուսուկես ժամ տեւողությամբ ֆիլմի զարգացումները հենց այդ անսպասելի իրադարձություններին էլ նախապատրաստում են կինոդիտողին, որը ֆիլմի վերջին տեսարանների ժամանակ հուզմունքից, վախից կամ էլ անսպասելիության զգացումից կարող է բարձրաձայն ծիծաղել, զարմանալ, ծափահարել, ինչպես եւ եղավ երեկվա ցուցադրության ժամանակ: Դուք հո չե՞ք պատրաստվում բաց թողնել այդպիսի էմոցիաների ու լավ ֆիլմ դիտելու հնարավորությունը: Դե, ուրեմն շտապեք ԿինոՊարկ, քանի դեռ «Մի անգամ Հոլիվուդում»-ը կինոթատրոնի մեծ էկրաններին է:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport