×


Դիանա Մարտիրոսյան․ Նոթեր Վենետիկի կինոփառատոնից․ օր 1-ին

Օգոստոսի 28, Վենետիկի «ընտանիքի» Լիդո կղզի։ 76-րդ անգամ աշխարհի ամենահնամյա կինոփառատոնը բացում է բազմատեսակ կինոդահլիճների ծանր եւ ընդարձակ դռները՝ հրավիրելով կինոգետներին եւ քննադատներին, լրագրողներին եւ պարզապես սինեֆիլներին ստանալու տարվա երկրորդ կեսի կարեւորագույն ֆիլմերի հիմնական չափաբաժինը։

Վերջին տարիներին Վենետիկի կինոփառատոնի թափն այնքան է մեծացել, որ հոլիվուդյան եւ եվրոպական ամենաաղմկահարույց եւ ամենամեծ լսարանի նախադրյալներ ունեցող ֆիլմերը կիսվում են Կաննի եւ Վենետիկի միջեւ (երրորդ տեղում Վենետիկը շարունակող Տորոնտոն է):

Այսպես, օրինակ, Կանն 2018-ի գլխավոր հաղթող ֆիլմի՝ Ոսկե արմավենու ճյուղի արժանացած ճապոնացի ռեժիսոր Հիրոկազու Կորեեդան իր նոր ֆիլմը՝ «Ճշմարտությունը» ներկայացրեց այստեղ՝ Վենետիկում։ Գլխավոր դերերում ոչ թե ծագող եւ օժտված ճապոնացի դերասաններ (որոնց երկրից դուրս ոչ ոք չի ճանաչում), այլ  դյուցազուն կուռքեր Կատրին Դենյով եւ Ժուլյետ Բինոշ. ֆրանսիական կինեմատոգրաֆի կարեւորագույն դերասանուհիներից երկուսը Կորեեդայի հետ ձեռք-ձեռքի բռնած ստեղծեցին իրական, թեթեւ եւ միեւնույն ժամանակ էմոցիոնալ վայրիվերումների նվազագույն չափաբաժին անահովող ֆիլմ, որում կտեսնեք նաեւ Իթան Հոուքին, բայց նրա հերոսը զգալիորեն կզիջի կանացի կերպարներին։


«Ճշմարտությունը» ճապոնացի վարպետի առաջին եվրոպական (իսկ ավելի ստույգ՝ ֆրանսիական) տրամադրութուն ունեցող աշխատանքն է։ Այստեղ՝ սեթեւեթող երկխոսությունները, նուրբ կատակները եւ ջերմ ֆլյուիդները դրված են երկու հիմնաքար-թեմաների ուսերին. արտիստը (տվյալ պարագայում՝ գրեթե լեգենդար դերասանուհին) եւ իր իրական՝ տեսախցիկներից հեռու, շիտակ կյանքը եւ դրա անմիջական ազդեցությունը ընտանեկան հարաբերությունների վրա՝ դստեր, նախկին ամուսնու, ամենամտերիմ ընկերուհու։

«Ճշտարտությունը» բացեց ոչ միայն 76-րդ Վենետիկը եւ կինոփառատոնի մրցութային ծրագիրը, այլեւ բազմազան, աշխարհի ամենատարբեր անկյուններից ժամանած ընտանեկան ֆիլմերի շարքը։


Հայֆա Ալ Մանսուրը Սաուդյան Արաբիայի ամենահայտնի կին ռեժիսորներից է, խոսում է արդի սոցիալ-մշակութային խնդիրների, կարծրատիպերի եւ մաշված կաղապարների մասին, որոնք քաջ հայտնի են նաեւ մեզ։ Խոսում է Միացյալ Նահանգներից՝ այստեղից էլ ֆիլմի անհարթ եւ մեյսնթրիմի վատ կողմերը ժառանգած ռեժիսորական ոճը։ Նոր ֆիլմը՝ «Հիանալի թեկնածուն» Վենետիկի հիմնական մրցութային ծրագրում է. Մարիամ անունով երիտասարդ բժշկուհու պատմությունը սկսում է խոստումնալից. ոտքից գլուխ սեւ ազգային հագուստով կինը կայանում է  երկնագույն ավտոմեքենան հիվանդանոցի դիմաց, սակայն կաբինետ հասնելուն պես արդեն ցեխոտված է (ինչպես եւ հիվանդանոցի հատակը)՝ բժշկական հաստատության մուտքը քարուքանդ է՝ անգամ մետր ասֆալտապատված չէ։ Մարիամը պատրաստվում է լուծել խնդիրը՝ առաջադրվելով քաղաքային համայնքի գալիք ընտրություններին։ Եթե կին-բժիշկն արաբների մեծամասնության համար մեծ խնդիր է, ապա կին քաղաքական գործիչը՝ նոնսենս։

Րոպեներ անց հետաքրքիր, ոչ թարմ, սակայն խիստ ռեալիստական մտահղացումը վերածվում է անհասկանալի կիսահոլիվուդյան-կիսաանհասկանալի է-ինչ-հեքիաթ-առակի, թեեւ նախնական մտահղացումը որպես այդպիսին բավականին խոստումնալից էր։


Առաջին գիշերը կինոփառատոնը եզրափակեց ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենաէքսպերիմենտալ եւ ըմբոստ սադրիչներից մեկի՝ Գասպար Նոյեի կուլտային «Անշրջելիությամբ»։ Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասելի հերոսները կրկին անցան անքուն Փարիզի խելառ գիշերային կյանքի, վայրկյանական ստեղծված անձնական խնդիրների, անկառավարելի զգացմունքների եւ թմրանյութերի ազդեցության միջով՝ այս անգամ ճիշտ խրոնոլոգիկ ուղղությամբ եւ օրիգինալ ֆիլմից րոպեների տարբերությամբ։ Մեծ էկրանին հոսանքի պես երակներով անցնող էլեկտրականցված կադրերը կինոփառատոնային պատմության մեջ երկրորդ անգամ սեփական գոյությամբ ապացուցեցին՝ մթնոլորտային կինոն կարող է սրտխառնոց առաջացնել։ 2002-ի Կաննի կինոփառատոնի պրեմիերայից մինչ օրս (այդ տարի հանդիսատեսին դուրս էին հանում կիմոդահլիճից շտապ օգնության աշխատողները)՝ հիմա, երբ Գասպար Նոյեի «Անշրջելիության» Straight Cut-ը հերթական անգամ հիշեցրեց կինոտեսաբաններին, որ ֆիլմերը կարող են լինել այս աստիճան ծուռ (բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով)՝ հարց է ծագում. որտե՞ղ են նոր սադրիչները, նորածին կարգ խախտողները, որոնք կստիպեն անգամ քաջ առողջություն եւ պարապած իմունիտետ ունեցող փորձառու հանդիսատեսին վազել ամենամոտիկ զուգարանը կամ կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող բարը՝ էքսպերիմենտների հետեւանքները ջրին տալու։

Դիանա Մարտիրոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport