×


Դրամատիկականի դերասանների վարդերը` Ռուբեն Կարապետյանի հոբելյանական երեկոյին

Ծաղիկներ, բրավոներ, ծափահարություններ եւ շնորհավորական նամակներ՝ այսպես նշանավորվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն հարազատ Դրամատիկական թատրոնում:

Կեսդարյա թատերական գործունեություն ունեցող դերասանը ոչ միայն լսեց ՀՀ մշակույթի նախարարի, Երեւանի քաղաքապետի, Հայաստանի գրողների միության նախագահի շնորհավորական նամակները, թատերագետների խոսքը, այլեւ իր հանդիսատեսին ողջունեց` խաղընկերների հետ հանդես գալով «Չաո» ներկայացմամբ, որը եւս բուռն արձագանքի արժանացավ:

Ռուբեն Կարապետյանի հոբելյանական երեկոյին


Ներկայացման ավարտին հոբելյարին մեկական վարդով շնորհավորեց թատրոնի ողջ անձնակազմը, իսկ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը նշեց՝ դերասանն իր 55 տարվա ընկերն ու 50 տարվա գործընկերն է.«Չեք թաքցնում, չէ՞, որ 70-ամյակդ է: Ինչպես ավագ լուսահոգի եղբայրս էր ասում` «Ռուբեն ջան, հեչ չվախենաս, ես էլ եմ վախենում»: Արդար ու ազնվագույն մարդ, ով երբեմն շատ միամիտ է, լիրիկ, բայց եթե որեւէ մեկը անարդարություն անի, ահռելի հրաբուխի պես կարող է պայթել: Որեւէ մեկը եթե պղծում է արվեստը, հատկապես Դրամատիկական թատրոնի, Ռուբենը չի ների երբեք եւ կոպտորեն ճակատին կասի մտածածը: Մարդ, ով փայլուն տիրապետում է հայերենին եւ մեր պոեզիայի լավագույն նմուշները ներկայացրել է հանդիսատեսին: Սակայն այսօր միայն ուրախության հրավառություն չէ, պետք է ասեմ, որ բավական բարդ, իր կյանքում դժվարություններ ունեցող մարդ է, բայց մի օր չի եղել, որ նա, մտնելով թատրոն, բեմ, իր հետ բերի կենցաղային բարդությունները: Քեզ միայն առողջություն, մեր կողքին եւ, որպես Դրամատիկական թատրոնի հիմնադիր, միշտ այս բեմի վրա լինես»:

Ռուբեն Կարապետյանի հոբելյանական երեկոյին


Ռուբեն Կարապետյանի խոսքը եւս չուշացավ. նա շնորհակալություն հայտնեց Աստծուն, ծնողներին եւ իր ճակատագրին.«Որքան էլ վայրիվերումներ լինեն, դժվարություններ, միեւնույն է, մարդ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ տրված է իրեն: Չի եղել մի պահ, որ բեմ բարձրանամ եւ չարժանանամ ձեր ծափերին, ամենամեծ գնահատականը այդ մեծ վերաբերմունքն է: Շնորհակալ եմ այս հրաշալի օջախին, որն իմ տուն է դարձել: Իմ էությունը բացահայտվել է հենց այստեղ»,-ասել է նա եւ խոսքն ավարտել Համո Սահյանի հայտնի տողերով.«Այս աշխարհում ես ապրեցի աշխարհի հետ եւ ինքս ինձ հետ կռիվ տալով...»:

Իր ծաղիկները հանդիսատեսի շարքեր նետելուց հետո դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե հոկտեմբերի 24-ին ինչպես է նշել 70-ամյակը.«Ծննդյանս օրը նախընտրում եմ միայնակ անցկացնել, գերադասում եմ ինքս ինձ, իմ խոհերի ու զգացումների հետ լինել, կամ էլ՝ ամենամտերիմ մարդկանց, որովհետեւ այդտեղ միայն անկեղծ խոսք է պետք»:

Ռուբեն Կարապետյանի հոբելյանական երեկոյին


Վաստակավոր արտիստը նշել է նաեւ, որ իրեն միշտ 20 տարեկան է զգում.«Պետք է երիտասարդի զգացողություն ունենաս, որ կարողանաս բեմ բարձրանալ: Այսօր տոնական մթնոլորտ կար բեմում, բայց հուզմունքը, ինչպես միշտ, անպակաս էր, գումարվել էր նաեւ մեծ պատասխանատվությունը»:

Արտաշես Մխիթարյանը եւ Բաբկեն Չոբանյանը


Թատրոնում կարծես ավանդույթ է դարձել հոբելյանական երեկոյի ավարտին հյուրասիրությունն ու սեղանի շուրջ շնորհավորական կենացներ ասելը, որից հետո ստեղծագործական կազմի եւ իր հյուրերի հետ Ռուբեն Կարապետյանը կտրել է նաեւ տոնական տորթը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport