×


Ելենա Վարդանյանը գաղտնիք է բացահայտել :)

Ելենա Վարդանյանի անունը սկսեցին ավելի հաճախ հոլովել «Դոմինո» սիթքոմում նրա մարմնավորած վառ ու համարձակ դերակատարումից հետո։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին խոստովանում է՝ թեպետ 8 տարի աշխատում է թատրոնում, բայց հեռուստատեսության շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերեց: BRAVO.am-ի հետ զրույցում շիկահեր դերասանուհին խոսել է իրեն հարազատ ռուսերենով, բայց նշել է, որ փորձում է ավելի լավ տիրապետել հայերենին։ Նա պատմել է իր կենսակերպի, ընտանիքի եւ վախերի մասին։

Ելենա Վարդանյանը


Սիրում եմ բեմն ու տեսախցիկները, սիրում եմ իմ մասնագիտությունը։ «Դոմինո»-ի 2-րդ եթերաշրջանում իմ մարմնավորած Նելլիի կերպարը դեռ կզարմացնի։ Կլինեն սյուժետային նոր զարգացումներ, որոնց մասին ես էլ դեռ ամբողջովին տեղյակ չեմ։

Թատրոնում էլ կատակերգական համարձակ դերեր ունեմ, բայց նաեւ կերտում եմ դրամատիկ կերպար. «Աննորմալը» ներկայացման մեջ 41-ամյա կնոջ դերում եմ, որը դժվար ու բարդ ճակատագիր ունի: Նշեմ, որ կատակերգությունում խաղալը հեշտ գործ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ցանկացած գլխավոր կամ երկրորդական դերի առաջարկ ստանալիս կարդում եմ սցենարը, հավանելուց հետո  էլ հաճույքով խաղում։ Թատրոնում ամեն անգամ նույն կերպարը նորովի ենք մատուցում, որովհետեւ ամիսներով ու տարիներով խաղում ենք նույն ներկայացումը եւ չենք կարող միշտ նույնը զգալ։ Թատրոնի էներգետիկան ուրիշ է, եւ մենք մեր մշտական հանդիսականներին արդեն ճանաչում ենք։

Թատրոնն իմ կենսակերպն է,
առօրյայիս մեծ մասը կապված է թատրոնի հետ, նկարահանումները եւս ժամանակ են պահանջում, իսկ աշխատանքից հետո ամուսնուս համար պատրաստում եմ տարբեր ուտեստներ եւ հաճախ չեմ գնում ժամանցի վայրեր։

Ելենա Վարդանյանը, Արսեն Գրիգորյանը, Ռիփփին, Աննա Գրիգորյանը եւ Գայանե Ավետիսյանը


Շուտով կլրանա մեր համատեղ կյանքի 5-րդ տարին։ Հարսանեկան արարողություն չենք արել. քաղաքացիական ամուսիններ ենք։ Ամուսինս իմ բնագավառի հետ կապ չունի, աշխատում է բիզնեսի ոլորտում։ Մենք հարգում ենք միմյանց աշխատանքը, մեր ընտանիքում այսպիսի տաբու կա. նրա աշխատանքին ես չեմ խառնվում, նա էլ՝ իմ։ Իհարկե, խորհուրդներ հարցնում եմ ինչպես նրանից, այնպես էլ ծնողներիցս եւ քույրիկիցս: Իսկ իմ մասին քննարկումներին ու քննադատություններին խորհուրդ եմ տալիս շատ չհետեւել, կարծում եմ՝ ուղղակի պետք է իրենց նյարդերը խնայեն։

Դերասանուհի եմ եւ իմ աշխատանքը լավ կատարելու համար պատրաստ եմ տարբեր փորձարկումների ու համարձակ տեսարանների։ Երբ նկարահանման վայրում եմ կամ բեմում, այդ պահին իմ դերն եմ խաղում, այլ ոչ թե մտահոգվում՝ ինչ կմտածեն ուրիշները, ինձ կսիրեն, թե կքննադատեն։ Եթե մտածեմ հետեւանքների մասին, ապա արդյունքը լավ չի լինի։ Շատերն են ասում, որ բաց մարդ եմ եւ բաց էլ խաղում եմ, բայց դա սրտանց եմ անում, այլ ոչ թե իմ մարմնի որեւէ մասը մերկ ցույց տալու համար, որ հանդիսատեսի համակրանքը նվաճեմ։ Երբ դերի մեջ եմ, չեմ մտածում, որ ուսս բացվեց, մազերս ծուռ են, այլ շարունակում եմ խաղընկերներիս հետ այդ պահը զգալ։ Համարձակ եմ, բայց նաեւ բարդույթներ ու վախեր ունեմ, օրինակ՝ վախենում եմ հարազատներիս հույսերը չարդարացնել, հիասթափեցնել հանդիսատեսին։

Անկեղծ պետք է ասեմ, որ սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում։ Աննկարագրելի հաճելի է, որ ինձ ճանաչում են, ժպտում ու հաճելի խոսքեր ասում, հատկապես սիրում եմ, երբ երեխաներն են ճանաչում։ Թատրոնում Ամանորին խաղում էի մանկական բեմադրություններում, երբ բեմ էի դուրս գալիս, երեխաներն ուրախ բացականչություններով էին դիմավորում, ինձ թվում է` դրանից մեծ պարգեւ մեր մասնագիտության մեջ չկա։

Ելենա Վարդանյանն` ամուսնու հետ


Ծնվել եմ Երեւանում,  7 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոլդովա, ապա՝ Մոսկվա, բայց նորից վերադարձանք Երեւան։ Ցանկանում էի ընդուվել Թատերական ինստիտուտ, բայց ռուսական կրթությամբ չէի կարող սովորել, փոխարենն ընդունվեցի ռուսական դրամատիկական թատրոնին կից թատերական դպրոց-ստուդիա, դիպլոմը ստանալուց հետո էլ սկսեցի աշխատել նույն թատրոնում:

Բացեմ մի գաղտնիք. հայերեն գրել ու կարդալ չգիտեմ։ «Դոմինո»-ի համար մեծ ջանք եմ գործադրում, որ բառերը ճիշտ արտաբերեմ։ Սցենարիստները հայերեն տեքստերն ինձ ուղարկում են ռուսերեն կամ լատինատառ։ Միշտ ծիծաղելի իրավիճակ է լինում, երբ մյուսները նայում են իմ տետրերի կամ հեռախոսիս մեջ, ինչի շնորհիվ մեր նկարահանումներն ավելի ուրախ են անցնում։ Բայց փորձում եմ հայերեն այբուբենը սովորել, որովհետեւ հայ եմ եւ շատ եմ սիրում իմ հայրենիքը, այլ երկրում էլ չեմ ուզում ապրել։

Ես ինձ երջանիկ ու հաջողակ եմ համարում, դեռ միայն երեխաներ չունեմ։ Լիարժեք երջանկության համար ինձ պակասում է համբերությունը, այո, համբերություն չունեմ, անընդհատ շտապում եմ, չեմ նստում ու զգում, որ իմ կյանքում ամեն ինչ կարգին է։ Իսկ եթե լուրջ, երջանիկ լինելու համար յուրաքանչյուր մարդու համար առջաին տեղում եւ ամենակարեւորն առողջությունն է, մնացածը մեր ձեռքերում է:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ելենա Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW