Լոսանջելեսաբնակ երիտասարդ նկարչուհի Ելենա Յորկ Տոնոյանը, որը ստացել է գրաֆիկական դիզայների կրթություն եւ ուսման տարիներին անգամ չի էլ մտածել նկարչությամբ զբաղվելու մասին, վերջին շրջանում իր աշխատանքներով մասնակցում է ամենատարբեր ցուցահանդեսների եւ յուրահատուկ ոճով մեծ տպավորություն գործում օտարազգիների վրա: Թե ինչո՞ւ է Ելենան որոշել զբաղվել նկարչությամբ եւ դրանից բացի, այլ ի՞նչ հետաքրքրություններ ունի, նա պատմել է BRAVO.am-ին:
Ելենա Յորկ Տոնոյանը
Ծնվել ու մանկությունս անցկացրել եմ Երեւանում: Տասը տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ: Հետագայում ամեն տարի այցելում էի Հայաստան, որոշ ժամանակ անցկացնում այդտեղ ու վերադառնում: Դպրոց էլ հաճախել եմ թե′ Երեւանում, թե′ Լոս Անջելեսում:
Գրաֆիկական դիզայների որակավորում ստանալուց հետո ավտոմեքենաների դիզայն եմ սովորել: Երբ Փասադենայում կայացած փոքրիկ ավտոմեքենաների մրցույթում զբաղեցրի առաջին տեղը, վստահ էի, որ հենց այդ գծով էլ շարունակելու եմ:
Ելենա Յորկ Տոնոյանի աշխատանքներից
Մրցույթից հետո սովորականի պես գնացի դասի եւ ուսուցչիս սեղանին սեւ-սպիտակ ապշեցուցիչ մի լուսանկար տեսա. պատկերված էր Մարկ Դեյվիդ Չեպմենը` Ջոն Լենոնին սպանողը: Ուսուցիչս ասաց, որ դա ոչ թե լուսանկար է, այլ մարկերներով նկարված նկար: Անհավատալի էր… Այնքան ոգեւորվեցի, որ ասացի` ինքս էլ կարող եմ այդպես նկարել: Ասածս ուսուցչիս զվարճացրեց, նա ժպտաց ու անմիջապես փոխեց թեման: Իսկ այսօր, ինչպես տեսնում եք, ես հասել եմ նպատակիս:
Նկարում եմ մարկերներով ու ակրիլային ներկերով, իսկ վերջին շրջանում աշխատանքներիս մեջ սկսել եմ կիրառել նաեւ ոսկու թերթիկներ:
Ելենա Յորկ Տոնոյանի աշխատանքներից
Մարկերներն եմ ընտրել, քանի որ չեմ սիրում հեշտությամբ հասնել ուզածիս: Օրինակ` յուղաներկը նկարչին հնարավորություն է ընձեռում ուղղել սխալները, փոխել գույները, իսկ մարկերով ես ունեմ մեկ վայրկյան` հասկանալու համար` ինչ գույն կամ, օրինակ, ստվեր է ինձ անհրաժեշտ:
Երբ սկսում եմ աշխատել նկարի հստակ հատվածի վրա, այլեւս ի վիճակի չեմ լինում թողնել ու հանգստանալ. պետք է պարտադիր գործս ավարտին հասցնեմ: Առանց չափազանցնելու, դեպքեր են լինում, երբ նկարում եմ 20 ժամ անդադար:
Այս շրջանում աշխատում եմ զենքերի շարքի վրա: Բոլոր աշխատանքները շատ մեծ չափսերի են լինելու:
Ելենա Յորկ Տոնոյան."Այս շրջանում աշխատում եմ զենքերի շարքի վրա"
Աշնանը 3 ցուցահանդեսի եմ մասնակցելու, որոնց մասին դեռեւս չեմ կարող խոսել, բայց խոստանում եմ` նախօրոք ձեզ տեղյակ կպահեմ:):
Իհարկե, աշխատանքներովս հայրենիքում ներկայանալու ցանկություն ունեմ, բայց դեռեւս ոչինչ հստակ որոշված չէ:
Նկարչությունից բացի, զբաղվում եմ նաեւ լուսանկարչությամբ: Ինձ անգամ բախտ է վիճակվել համագործակցել H&M ապրանքանիշի հետ:
Սիրուշոն (Լուսանկարը` Ելենա Յորկ Տոնոյանի)
Լուսանկարներս ֆեշն ոճի են, քանի որ ինքս շատ եմ գնահատում նորաձեւությունը: Մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ իմ նախընտրած ապրանքանիշների գործունեությանը, իսկ նպատակս ոչ թե դրանց նոր հավաքածուներում ընդգրկված իրերը ձեռք բերելն է, այլ` ինքնազարգացումը:
Հ.Գ. Իսկ, թե ինչու է Ելենա Տոնոյանն ընտրել Յորկ կեղծանունը, երիտասարդ նկարչուհին գաղտնի պահեց:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ելենա Յորկ Տոնոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: