Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն այս օրերին Հայաստանում է` ներկայացնելու իր նոր` “Չեմ մոռանա” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր ստեղծագործության բառերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է:
Եսայի Ալթունյանը
“Երգն ինձ համար շատ զգացմունքային է, քանի որ նվիրված է Մեծ Եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Իմ մորական պապն ու տատը հազիվ են փրկվել Ցեղասպանությունից… Պապս դրանից հետո գիրք է գրել` պատմելով, թե ինչ են արել թուրքերն իր ընտանիքի հետ 100 տարի առաջ: Նա մեզ հորդորում էր չմոռանալ եւ պատմել մեր սերունդներին Ցեղասպանության մասին: Ես ցանկանում եմ անմեղ զոհերին եւ իմ պապիկին ասել, որ հանգիստ ննջեն, քանի որ մենք` նոր սերունդը, այստեղ ենք եւ չենք մոռանում ոչինչ. սա է երգիս իմաստը: Այն անգլերեն է, որպեսզի բոլորը հասկանան բառերը”,-ասել է Եսային:
Եսայի Ալթունյանը
Խոսելով տեսահոլովակի մասին` նա հայտնել է, որ նկարահանումներն իրականացվել են Հայաստանում եւ Ֆրանսիայում.“Ըստ սյուժեի` երկու երեխա բացված գրքում տեսնում եւ կարդում են հայերի Ցեղասպանության մասին… Ընդհանրապես, հայերը շատ ուժեղ ազգ են. տեսել են Ցեղասպանություն եւ երկրաշարժ, սակայն չեն կորցրել աչքերի փայլը, որը կա նաեւ մեր երեխաների աչքերում”:
Երգչի նոր աշխատանքն առաջինը կցուցադրվի Հայաստանում.“Այստեղ գտնվելն ինձ համար շատ խորհրդանշական է: Ես ցանկանում եմ այս երգը նվիրել հայերին եւ ամբողջ աշխարհին, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է պատահել մեզ հետ: Այն իմ սրտի խոսքն է` ուղղված ամբողջ աշխարհին: Ուզում եմ` համամարդկային լինի, որպեսզի նման բան այլեւս ոչ մի տեղ չկրկնվի: Եթե Եվրոպան այն ժամանակ ուշադրություն դարձներ հայերի Ցեղասպանությանը, գուցե չլիներ հրեաների հոլոքոստը: Երգիս միջոցով Թուրքիայի կառավարությանն էլ ասում եմ, որ նրանք ստվերում երկար մնալ չեն կարող. մի օր պարզվելու է ամբողջ ճշմարտությունը”:
Եսայի Ալթունյանը
Յեսայի Ալթունյանի խոսքով` ամեն ինչ անում է, որպեսզի տեսահոլովակը ցուցադրվի նաեւ Ֆրանսիական հեռուստաալիքներով: “Չեմ մոռանա”-ն դիտեք այստեղ:
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: